Հայաստան

Երևանում կայացավ Convergences Armenia Forum առաջին համաժողովը

11 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ Convergences Armenia Forum առաջին համաժողովը

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Convergences Armenia Forum առաջին համաժողովը, որին մասնակցեցին պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ քննարկելու COP17-ից հետո Հայաստանի բնապահպանական առաջնահերթությունները և համագործակցության հնարավորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանն իր ելույթում նշեց, որ առկա բնական մարտահրավերները վաղուց դուրս են եկել առանձին ոլորտների շրջանակներից։

«Կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունները, ջրային ռեսուրսների վրա աճող ճնշումը և էկոհամակարգերի դեգրադացիան փոխկապակցված խնդիրներ են, որոնց լուծումը պահանջում է համակարգված մոտեցում բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավմամբ։ Հայաստանը, լինելով հարուստ բազմազանությամբ երկիր, սակայն միաժամանակ ունենալով խոցելի լեռնային էկոհամակարգեր, հատկապես զգայուն է այս գործընթացների նկատմամբ։ Բնական էկոհամակարգերի պահպանումն ու ջրային ռեսուրսների, անտառների պահպանությունն ու կայուն, արդյունավետ կառավարումը, ինչպես նաև կլիմային փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացումն այն առանցքային ուղղություններն են, որոնց առաջընթացն անհնար է պատկերացնել միայն պետական կառույցների ջանքերով»,- ասաց Առաքելյանը։

Նրա պնդմամբ՝ անհրաժեշտ է, որ պետական քաղաքականությունը, գիտական ներուժը, մասնավոր հատվածի ներդրումներն ու գիտելիքները փոխլրացնեն միմյանց։ Ըստ նրա՝ հատկապես կարևոր է ապահովել, որ բնապահպանական որոշումների կայացման ու իրականացման գործընթացներում ներգրավվեն ոչ միայն ազգային, այլև տեղական մակարդակի դերակատարները։

«Հոկտեմբերին Հայաստանում հյուրընկալված COP17 համաժողովը ևս մեկ անգամ ընդգծեց այս մոտեցման կարևորությունը։ Այն ոչ միայն միջազգային երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ էր, այլև հնարավորություն՝ համախմբելու տարբեր երկրների միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների, գիտական շրջանակների, մասնավոր հատվածի ու քաղհասարակության միասնական ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանության ընդհանուր նպատակների շուրջ»,- ասաց ՇՄ փոխնախարարը։  

Հա հիշեցրեց COP17-ի առանցքային հստակ ուղերձներից մեկը, այն է՝ միջազգային մակարդակում ստանձնած նպատակները պետք է վերածվեն կոնկրետ գործողությունների՝ ազգային և տեղական մակարդակներով։

«Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն քաղաքական կամք և համապատասխան կարգավորումներ, այլև ֆինանսական ռեսուրսներ, գիտելիքներ, տեխնոլոգիաներ ու արդյունավետ գործընկերություն։ Տվյալ համատեքստում առանձնահատուկ կարևորվում է բնապահպանական հարցերի և զարգացման միջև կապի վերաիմաստավորումը։ Բնության պահպանությունը չպետք է դիտարկվի որպես զարգացմանը զուգահեռ ընթացող կամ դրան սահմանափակող գործընթաց, այլ հակառակը՝ առողջ էկոհամակարգերը, ջրային և անտառային ռեսուրսների կայուն կառավարումը և կենսաբազմազանության պահպանումը երկարաժամկետ տնտեսական ու սոցիալական զարգացման հիմնարար նպատակներն են, ուստի պետք է կիրառել այնպիսի լուծումներ, որոնք համատեղում են բնապահպանական նպատակները, տնտեսական հնարավորություններն ու համայնքների բարեկեցությունը»,- նշեց Առաքելյանը։  

Նա ողջունեց Convergences Armenia նախաձեռնության մոտեցումը, որն, ըստ էության, տարբեր ոլորտների ու հասարակական խմբերի ներկայացուցիչների համախմբում է՝ ոչ միայն խնդիրները քննարկելու, այլև համատեղ լուծումներ առաջադրելու նպատակով։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Ժյուլի Ֆորն իր ելույթում հիշեցրեց, որ COP17-ի ընթացքում Ֆրանսիայի դեսպանությունն աջակցեց մի շարք միջոցառումների՝ հայ հանրությանը բնապահպանական խնդիրներին ավելի լավ ծանոթացնելու նպատակով։ Մասնավորապես, կազմակերպվեցին կամ գործընկերների հետ համատեղ անցկացվեցին բանավեճեր, շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ։

«Այդ միջոցառումները միավորեցին պաշտոնյաներին, միություններին, ձեռնարկատերերին, փորձագետներին և ուսանողներին՝ հնարավորություն տալով նրանց աշխատել և մեկ սեղանի շուրջ մտածել միասին։ Քննարկումները բացահայտեցին ընդհանուր ակնկալիքներ, և մասնակիցները կոչ արեցին ապահովել հաստատությունների միջև ավելի սերտ համակարգում, շրջակա միջավայրի վերաբերյալ հուսալի և հասանելի տեղեկատվություն, հանրության ավելի լայն մասնակցություն, ինչպես նաև ամուր գործընկերային կապեր՝ առաջարկվող լուծումները ֆինանսավորելու նպատակով։Այդ ակնկալիքներն առավել տեղին են այնքանով, որ COP17-ը դիվանագիտական ​​հաջողություն էր Հայաստանի համար։ Այս առումով Ֆրանսիան հպարտ է, որ աջակցել է հայկական նախագահությանը համաժողովի ընթացքում՝ համաձայն այն պարտավորությունների, որոնք ամրագրվել են ռազմավարական գործընկերության հռչակագրում, որը ստորագրվել է նախագահ Մակրոնի կողմից՝ այս տարվա մայիսին նրա պետական ​​այցի շրջանակում»,- նշեց Ֆորը։

Նրա դիտարկմամբ՝ COP17-ի հաջողությունը շարունակական քայլեր է պահանջում, քանի որ ստանձնված պարտավորություններն իրականություն կդառնան միայն այն դեպքում, երբ արտացոլվեն ազգային քաղաքականություններում, համայնքային որոշումներում և, ի վերջո, յուրաքանչյուրի գործնական գործունեության մեջ։

«Հայկական նախագահության երկու տարիները կունենան մեծ նշանակություն։ Ինչ վերաբերում է այսօրվա ֆորումի վերաբերյալ Ֆրանսիայի ակնկալիքներին, ապա մենք մեծ հույսեր ենք կապում այս միջոցառման հետ՝ հայաստանյան հանրային քննարկումներում բնապահպանական խնդիրներին նոր հնչեղություն հաղորդելու առումով։ Ամեն օր մարդիկ տեսնում են Երևանում օդի որակի վատթարացումը և Սևանա լճի խոցելիությունը. ուստի այս մարտահրավերներին դիմակայելը պահանջում է բոլորի նվիրումը, իսկ դահլիճում ներկա երիտասարդների մեծ թիվը վկայում է, որ այս համոզմունքն արդեն իսկ լայն տարածում ունի։ Մենք ակնկալում ենք, որ այս քննարկումները կհանգեցնեն կոնկրետ և կայուն նախաձեռնությունների։ Ֆրանսիան կշարունակի Հայաստանին աջակցել ջրի, էներգետիկայի, բնական պաշարների կամ թափոնների կառավարման ոլորտներում կոնկրետ նախագծերին»,- ասաց Ֆորը։

ACTED կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Պասկալ Բերնարը նշեց, որ ավելի քան երեք տասնամյակ տվյալ կառույցը համագործակցում է համայնքների, կառավարության և գործընկերների հետ՝ արձագանքելու ճգնաժամերին, ամրապնդելու դիմակայունությունը և աջակցելու կայուն զարգացմանը։ Ներկայում գործելով ավելի քան 40 երկրներում՝ կազմակերպությունն առաջնորդվում է հստակ տեսլականով՝ «զրո մեկուսացում, զրո ածխածնային հետք և զրո աղքատություն»։

«Այս երեք նպատակներն արտացոլում են մեր համոզմունքը, որ շրջակա միջավայրի, սոցիալական և տնտեսական մարտահրավերները խորապես փոխկապակցված են։ Զրոյական մեկուսացումը նշանակում է ապահովել, որ բոլորը կարողանան մասնակցել և օգտվել զարգացումից։ Զրոյական ածխածինը նշանակում է առաջ մղել շրջակա միջավայրի համար պատասխանատու և կլիմայական պայմաններին դիմակայող հասարակություններին։ Իսկ զրոյական աղքատությունը նշանակում է ստեղծել կայուն հնարավորություններ և բարելավել կենսապահովման միջոցները։ ACTED-ի համար սրանք երեք առանձին նպատակներ չեն, այլ ավելի կայուն ապագայի լրացնող չափումներ։ Մենք չենք կարող հասնել երկարատև բարգավաճման՝ առանց մեր շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես որ չենք կարող հասնել շրջակա միջավայրի կայունության՝ առանց աղքատության և անհավասարության դեմ պայքարի»,- ասաց Բերնարը։

Նա հավելեց, որ վերջին ամիսներին Երևանում, Գյումրիում և Կապանում անցկացված երկխոսությունները համախմբել են տարբեր շահագրգիռ կողմերի՝ քննարկելու բնապահպանական մարտահրավերներն ու հնարավորությունները՝ սկսած ջրային անվտանգությունից և քաղաքների կանաչ պլանավորումից, վերջացրած անտառների պաշտպանության, վերականգնվող էներգիայի և համայնքային դիմակայունության խնդիրներով։

«Ես պատիվ եմ ունեցել հիմնելու մեր կազմակերպության ներկայացուցչությունը Հայաստանի համար չափազանց բարդ մի ժամանակահատվածում։ Մենք ականատես ենք եղել տեղական կառույցների, համայնքների, հետազոտողների և ձեռնարկատերերի հսկայական ներուժին։ Քննարկումները կարևոր մի ուղերձ են ընդգծել։ Հայաստանն ունի ոչ միայն մասնագիտական ​​փորձառություն, այլև գաղափարներ ու հանձնառություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել այս միտումների միջև և դրանք վերածել կայուն գործընկերությունների։ Հայաստանն ունի հարուստ բնական ժառանգություն, գիտական ​​ուժեղ ներուժ, ակտիվ ու կենսունակ քաղաքացիական հասարակություն, ինչպես նաև կայուն զարգացմանը նվիրված գործընկերների ընդլայնվող ցանց։ Մեր հավաքական պատասխանատվությունն է նաև միավորել այս ուժեղ կողմերը»,- եզրափակեց Բերնարը։

Համաժողովը հիմնված է Երևանում, Գյումրիում և Կապանում անցկացված Convergences երեք տարածաշրջանային երկխոսությունների արդյունքների, ինչպես նաև COP17-ի շրջանակում Acted Armenia-ի կազմակերպած կենսաբազմազանությանը նվիրված երկու պանելային քննարկումների վրա։ Համաժողովը կշարունակի տարածաշրջանային հանդիպումների ընթացքում վեր հանված առաջնահերթությունների քննարկումը՝ ներառյալ ջրային ռեսուրսների կառավարումը, կանաչ տարածքները և էներգաարդյունավետությունը։

Համաժողովը կազմակերպվել է Convergences-ի և Acted Armenia-ի կողմից՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում