COP17-ի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին. Սիմոն Պապյան
9 րոպեի ընթերցում

Հայաստանում անցկացված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կարևոր նշանակություն կունենա երկրի բնապահպանական քաղաքականության, հանրային մտածելակերպի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության համար։ Համաժողովի ամբողջական արդյունքները դեռ վաղ է գնահատել, քանի որ դրանց իրական ազդեցությունը տեսանելի կլինի առաջիկա երկու տարիներին, երբ Հայաստանը կնախագահի գործընթացը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց փորձագետ, բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Սիմոն Պապյանը՝ անդրադառնալով COP17-ի կազմակերպմանը, քննարկված հարցերին, Հայաստանի համար համաժողովի նշանակությանը և երկրի առաջնահերթ բնապահպանական խնդիրներին։
«Մեզ համար ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի համաժողովի անցկացումը շատ պատասխանատու գործ էր, որովհետև Հայաստանում նման մասշտաբի բնապահպանական միջոցառում երբեք չէր անցկացվել։ Կարող եմ ասել, որ մենք պատվով դուրս եկանք այս փորձությունից։ Տպավորված եմ ինչպես կազմակերպչական աշխատանքներով, այնպես էլ համաժողովի անցկացման ընթացքով»,- ասաց Պապյանը։

Անդրադառնալով համաժողովի շրջանակում անցկացված քննարկումներին՝ Պապյանը նշեց, որ դրանց հիմնական թեման կենսաբազմազանության պահպանումն էր, սակայն քննարկումները ներառել են նաև շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող բազմաթիվ այլ ուղղություններ։
«Քանի որ կենսաբազմազանությունն էկոհամակարգի բաղադրիչներից մեկն է, բնականաբար, քննարկվել են նաև ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի աղտոտվածության, անտառների պահպանության և այլ խնդիրներ՝ կենսաբազմազանության հետ դրանց փոխկապակցվածության տեսանկյունից։ Քննարկումների առանցքում եղել են ոչ միայն կենսաբազմազանության պահպանության, այլև բնական ռեսուրսների կայուն օգտագործման և ֆինանսավորման հարցերը»,- ասաց նա։
Պապյանը հիշեցրեց, որ 2022 թվականին ընդունվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, որով սահմանվել են մի շարք կարևոր նպատակներ, որոնց աշխարհը պետք է հասնի մինչև 2030 թվականը։
«Կարևորագույն թիրախներից մեկն այն է, որ մինչև 2030 թվականը մոլորակի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30 տոկոսը պետք է պահպանության ներքո լինի։ Խոսքը բնության հատուկ պահպանվող տարածքների, այդ թվում՝ արգելոցների և արգելավայրերի մասին է։ Մյուս կարևոր թիրախը դեգրադացված էկոհամակարգերի առնվազն 30 տոկոսի վերականգնումն է։ Սակայն առաջընթացը դեռևս թույլ է, և այս առումով համաժողովը լուրջ խնդիրներ ունի լուծելու»,- ընդգծեց նա։
Պապյանի գնահատմամբ՝ համաժողովի արդյունքների մասին վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է, քանի որ ընդունված որոշումների իրականացումը շարունակական աշխատանք է պահանջում։

«COP17-ի ամբողջական արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։ Դրանք ավելի հստակ տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին, երբ Հայաստանը կնախագահի գործընթացը, որովհետև Հայաստանում ընդունված որոշումները պետք է կյանքի կոչվեն այդ ժամանակահատվածում»,- ասաց նա։
Խոսելով Հայաստանի համար համաժողովի նշանակության մասին՝ Պապյանն առանձնացրեց առաջին հերթին բնապահպանական մտածելակերպի փոփոխությունը։
«Կարծում եմ՝ այս համաժողովը լուրջ ազդեցություն կունենա մեր բնապահպանական մտածելակերպի վրա։ Դա վերաբերում է ոչ միայն որոշումներ կայացնող անձանց, որոնց մեծ մասը մասնակցել է տարբեր քննարկումների, ելույթներ ունեցել և փորձել իր ներդրումն ունենալ կենսաբազմազանության պահպանության գործում, այլև ամբողջ հասարակությանը՝ սկսած դպրոցականներից։ Շատ կարևոր է, որ փոխվի մեր վերաբերմունքը կենդանական և բուսական աշխարհի նկատմամբ»,- նշեց Պապյանը։
Նա ընդգծեց, որ բնության վրա բացասական ազդեցության հիմնական պատճառներից մեկը մարդու գործունեությունն է։
«Կենդանիներն ու բույսերը բնությունից չեն վերցնում ավելին, քան իրենց անհրաժեշտ է։ Մինչդեռ մարդը հաճախ դուրս է գալիս այդ հավասարակշռությունից և իր գործունեությամբ բացասական ազդեցություն ունենում շրջակա միջավայրի վրա։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կարևորագույն խնդիրներից մեկն էլ մարդկային, այդ թվում՝ տնտեսական գործունեության բացասական ազդեցության նվազեցումն է։ Սա շատ կարևոր և միաժամանակ դժվար լուծելի խնդիր է»,- ասաց նա։
Պապյանի խոսքով՝ Հայաստանի համար մյուս կարևոր հանգամանքը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությունն է։
«Առաջիկա երկու տարիներին Հայաստանը նախագահելու է այս գործընթացը, և մենք պետք է օրինակ ծառայենք մյուս երկրներին՝ ցույց տալով, թե ինչպես ենք առաջ շարժվում մինչև 2030 թվականը սահմանված թիրախների իրականացման ուղղությամբ։ Բնականաբար, բոլորի ուշադրությունը լինելու է Հայաստանի վրա։ Մեզ հարցնելու են՝ որպես նախագահող երկիր, ինչպե՞ս եք իրականացնում այդ պարտավորությունները ձեր երկրում։ Հուսով եմ, որ այս ամենի արդյունքում Հայաստանում շրջակա միջավայրի ընդհանուր վիճակը կբարելավվի»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ կենսաբազմազանության պահպանության հարցերում առանձնահատուկ նշանակություն ունի բնական ռեսուրսների հավասարակշռված օգտագործումը։
Անդրադառնալով Հայաստանի առաջնահերթ բնապահպանական խնդիրներին՝ նա առաջին հերթին առանձնացրեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը։
«Մեր առաջնահերթ բնապահպանական խնդիրը Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումն է։ Սա ամենակարևոր խնդիրն է, որովհետև Սևանա լիճը մեզ համար ունի ոչ միայն բնապահպանական և սոցիալ-տնտեսական նշանակություն, այլև ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է։ Մենք այն պետք է պահպանենք մեր աչքի լույսի պես»,- ընդգծեց նա։
Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ Պապյանի, անտառների պահպանումն ու վերականգնումն է. «Հաշվի առնելով նաև կլիմայի փոփոխության գործընթացները՝ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք անտառների պահպանությանը, ապօրինի անտառահատումների կանխարգելմանը և անտառվերականգնման աշխատանքներին։ Սա շատ կարևոր ուղղություն է»:
Փորձագետն առանձնացրեց նաև ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման անհրաժեշտությունը։
«Եթե մենք մեր ջրային ռեսուրսները խնայողաբար չօգտագործենք, լուրջ խնդիրների առաջ կկանգնենք։ Խնայողաբար օգտագործումը նշանակում է ոչ միայն ջրի քանակի արդյունավետ կառավարում կենցաղում, արդյունաբերությունում և մյուս ոլորտներում, այլև աղտոտվածության խնդիրների լուծում։ Մենք լուրջ խնդիրներ ունենք կեղտաջրերի մաքրման տեսանկյունից»,- նշեց Պապյանը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ արդեն որոշակի ներդրումներ են կատարվում, և առաջնահերթություններից մեկը Սևանա լիճ թափվող կեղտաջրերի մաքրման ու լճի ջրի որակի բարելավման խնդիրն է։ Պապյանն անդրադարձավ նաև քաղաքներում մթնոլորտային օդի աղտոտվածությանը՝ այն համարելով բնապահպանական կարևոր խնդիրներից մեկը։
Նա ընդգծեց, որ բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն պետական կառույցների աշխատանքը, այլև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը։
Պապյանը կարևորեց նաև միջազգային համագործակցությունը, մասնավորապես, ֆինանսական աջակցության, նոր տեխնոլոգիաների ներդրման և տեխնոլոգիաների փոխանցման ուղղություններով։
Անդրադառնալով հողային ռեսուրսների պահպանությանը՝ նա ընդգծեց, որ հողերի դեգրադացիան ևս Հայաստանի կարևոր բնապահպանական խնդիրներից է։
«Հողերի խնդիրը շատ կարևոր է, որովհետև դրանց վերականգնումը երկարատև գործընթաց է։ Օրինակ՝ Արարատյան դաշտավայրում հողերի 30 տոկոսը դեգրադացված է, առկա են նաև աղակալման լուրջ խնդիրներ։ Այդ պատճառով հողերի պահպանության և վերականգնման ուղղությամբ աշխատանքները պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանան»,- ասաց Պապյանը։
Ամփոփելով խոսքը՝ նա հույս հայտնեց, որ COP17-ի անցկացումը և առաջիկա երկու տարիներին Հայաստանի նախագահությունը կնպաստեն երկրի բնապահպանական քաղաքականության զարգացմանը, բնական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը և շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը։
