Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության պահպանումը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր նախապայման է. Քենթ Նադոզի
6 րոպեի ընթերցում

Աշխարհի բնակչության շարունակական աճի, կլիմայի փոփոխության և գյուղատնտեսական հողատարածքների սահմանափակության պայմաններում պարենային անվտանգության ապահովման առանցքային գործոններից մեկը բույսերի գենետիկական բազմազանության պահպանումն ու կայուն օգտագործումն է։ Գյուղատնտեսական մշակաբույսերի տեղական սորտերի պահպանությունը, դրանց բերքատվության բարձրացումն ու փոփոխվող կլիմայական պայմաններին հարմարվելու կարողությունը կարևոր նշանակություն ունեն ապագայում սննդամթերքի աճող պահանջարկը բավարարելու համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մասին միջազգային պայմանագրի քարտուղար Դոկտոր Քենթ Նադոզին՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանումն ու կայուն գյուղատնտեսության զարգացումը փոխկապակցված նպատակներ են։
«Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի ընդունումից հետո երկրները գիտակցեցին, որ այն ամբողջությամբ չի ընդգրկում գենետիկական ռեսուրսների և կենսաբազմազանության հետ կապված որոշ հարցեր, և որ գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելու համար անհրաժեշտ է մշակել հատուկ, մասնագիտացված գործիքակազմ։
Բույսերի գենետիկական ռեսուրսների մասին միջազգային պայմանագիրն էլ ի սկզբանե մշակվել և ընդունվել էր Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային համահունչ լինելու սկզբունքով»- ասաց Նադոզին:
Ըստ նրա՝ բույսերի գենետիկական ռեսուրսների մասին միջազգային պայմանագրի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի նպատակները լիովին համընկնում են։ Միակ տարբերությունն այն է, որ միջազգային պայմանագիրը կենտրոնանում է կայուն գյուղատնտեսության և պարենային անվտանգության հարցերի վրա։
«Հաշվի առնելով, որ երկու փաստաթղթերն էլ ունեն միևնույն նպատակները՝ երկուսն էլ նպաստում են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը և դրա նպատակների իրագործմանը։ Բացի այդ, երկու փաստաթղթերում էլ նմանատիպ նպատակներ և թիրախներ են սահմանված՝ կապված գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործման, դրանց հասանելիության, ինչպես նաև օգտագործումից ստացվող օգուտների բաշխման հետ»,- ասաց նա:
Քենթ Նադոզին շեշտեց՝ նպատակները նույնն են։ Մի կողմից ձգտում են պահպանել կենսաբազմազանությունը և ապահովել, որ այն չկորչի, մյուս կողմից՝ երաշխավորել, որ այդ ռեսուրսներն օգտագործվեն կայուն ձևով՝ հանուն մարդկության գոյատևման, պարենային անվտանգության ապահովման և կայուն գյուղատնտեսության զարգացման։
Նրա խոսքով՝ պայմանագրի հիմքում այն գիտակցումն է, որ գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանությունը սննդամթերքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության հիմքն է և, հետևաբար, նաև պարենային անվտանգության հիմքը։
«Հետևաբար, պայմանագրի հիմնական նպատակներից մեկն է ապահովել, որ մենք չկորցնենք գյուղատնտեսական մշակաբույսերի այն բազմազանությունը, որի վրա հիմնված է մեր սննդամթերքի արտադրությունը, և միաժամանակ երաշխավորել այդ բազմազանության կայուն օգտագործումը։ Մենք պետք է ապահովենք, որ չկորչեն ֆերմերների կողմից մշակվող սորտերը, հատկապես նրանք, որոնք հարմարվել են տեղական պայմաններին, և որոնցից ֆերմերները կախված են ինչպես իրենց ապրուստն ապահովելու, այնպես էլ աշխարհին սննդամթերքով ապահովելու տեսանկյունից։
Կարևոր է, որ այդ բազմազանությունը ոչ միայն պահպանվի և օգտագործվի, այլև շարունակաբար բարելավվի, որպեսզի մշակաբույսերը կարողանան հարմարվել կլիմայի փոփոխությանը, շրջակա միջավայրի նոր պայմաններին, նոր վնասատուներին ու հիվանդություններին»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ, այդ բազմազանության պահպանումն ու բարելավումը, ըստ Նադոզիի, պետք է նպաստեն սննդամթերքի նկատմամբ առաջացող նոր պահանջմունքների բավարարմանը և սպառման փոփոխվող ձևերին հարմարվելուն։ Սա հատկապես կարևոր է, եթե հաշվի առնվի աշխարհի բնակչության շարունակական աճը և սահմանափակ գյուղատնտեսական արտադրության համար օգտագործվող հողատարածքները:
«Հետևաբար, սննդամթերքի արտադրության ծավալների ավելացումը պետք է ապահովվի հենց գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման միջոցով։ Իսկ բերքատվության այդ աճին հնարավոր է հասնել՝ օգտագործելով արդեն իսկ մեր տրամադրության տակ գտնվող գենետիկական բազմազանությունը, որպեսզի սահմանափակ հողատարածքների և սահմանափակ ռեսուրսների պայմաններում կարողանանք ավելի շատ սննդամթերք արտադրել։
Հենց սա է Բույսերի գենետիկական ռեսուրսների մասին միջազգային պայմանագրի ներդրումը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում։ Բացի այդ, միջազգային պայմանագրի անդամ պետություններից ստացվող տվյալների հիման վրա ձևավորվող ցուցանիշները նպաստում են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման մշտադիտարկմանը»,- ընդգծեց նա:
Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մասին միջազգային պայմանագրի քարտուղարը նշեց, որ սերտորեն համագործակցում են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի հետ՝ ինչպես երկու փաստաթղթերի քարտուղարությունների, այնպես էլ միջկառավարական մակարդակներում։
«Այս համագործակցության նպատակն է ապահովել, որ մենք բոլորս կատարենք մեր ստանձնած պարտավորությունները, իրագործենք Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակները և հասնենք դրանով սահմանված արդյունքներին»,- եզրափակեց Քենթ Նադոզին:
