ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը 62 կողմ և 34 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից առաջ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին ձեռնպահ քվեարկելու մասին՝ ընդգծելով, որ նախաձեռնության վերաբերյալ ունեն առաջարկություններ և առարկություններ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ անձամբ 12 առաջարկություն է ներկայացրել փաթեթի հեղինակներին։
«Ես հիմա խոսում եմ «Հայաստան» դաշինքի անունից։ Անձամբ ես 12 առաջարկ եմ ներկայացրել նախագծի հեղինակներին։ Մենք ձեռնպահ ենք քվեարկելու այս նախագծին նաև այն համոզումով, որ մեր առաջարկությունները և ոչ միայն մեր առաջարկությունները, այլև մասնագիտական հանրույթի և հանրության կողմից հնչած մտավախությունները և մտահոգությունները կունենան իրենց արձագանքը։ Իսկ մենք քվեարկելու ենք ձեռնպահ»,- ասել է Գալստյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից Հասմիկ Ենգոյանը նշել է, որ իրենց առաջարկությունները կներկայացնեն առաջին ընթերցումից հետո։
«Մենք էլ ունենք ընտանեկան բռնությանը նվիրված փաթեթի վերաբերյալ լուրջ առարկություններ և առաջարկներ, որոնք կներկայացնենք առաջին ընթերցումից հետո։ Այս փուլում կքվեարկենք ձեռնպահ»,- հայտարարել է նա։
Ենգոյանի խոսքով՝ փաթեթի վերջնական տարբերակի վերաբերյալ խմբակցությունը որոշում կկայացնի՝ հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունների նկատմամբ հեղինակների արձագանքը։ Նրա գնահատմամբ՝ օրենքը թերի է և կանխատեսելի չէ, ու անհրաժեշտ են լուրջ վերամշակումներ։
Օրենսդրական փաթեթը ներկայացրած պատգամավոր Զարուհի Բաթոյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննությունը։
Առաջարկվում է խստացնել ընտանեկան բռնության համար պատիժները, վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոց, և ընդլայնել տուժողների պաշտպանության երաշխիքները։ Նախատեսվում է նաև սահմանափակել մեղադրյալի նկատմամբ տնային կալանքի կիրառումը, եթե նա և տուժողը համատեղ են բնակվում, և հնարավոր չէ ապահովել նրանց առանձին բնակությունը։ Տուժողը, որպես կանոն, պետք է հարցաքննվի մեկ անգամ՝ բացառությամբ նոր հայտնի դարձած հանգամանքները պարզաբանելու անհրաժեշտության։
Քննարկման ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ 2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ նախազգուշացում կիրառելուց հետո արձանագրվել է բռնության կրկնման 93, իսկ անհետաձգելի միջամտության որոշումից հետո՝ 316 դեպք։ Նրա գնահատմամբ՝ ոլորտում առկա են ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառ խնդիրներ։