Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Հայաստանից արտահանման 8 տոկոս անկմանը և ներմուծման 9.5 տոկոսանոց աճի պատճառներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգ Պապոյանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։
Նարեկ Կարապետյանը, մասնավորապես, շեշտել է, որ ՀՀ գործող իշխանության վերջին մեկ տարվա կառավարման արդյունքներով Հայաստանից արտահանումը նվազել է 8 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 9.5 տոկոսով։ Պատգամավորը շեշտել է, որ վերջին 36 տարիների ընթացքում դեֆիցիտի այդպիսի աճ Հայաստանում չի եղել։
Գևորգ Պապոյանը, պատասխանելով պատգամավորին, բերել է ԱՄԷ-ի օրինակը՝ նշելով, որ ընդհանուր առևտրաշրջանառության ցուցանիշը կարող է նվազել՝ միաժամանակ հայկական արտադրանքի արտահանման աճի պայմաններում։
Նրա խոսքով՝ հայկական արտադրանքի արտահանումն այդ ուղղությամբ աճել է 48 տոկոսով, մինչդեռ ընդհանուր շրջանառությունը նվազել է ռուսական ոսկու հետ կապված գործարքների փոփոխության պատճառով։
«ԱՄԷ-ի հետ հայկական ծագման ապրանքների արտահանումը, ես արդեն իսկ նշեցի, ավելացել է 48 տոկոսով, բայց ընդհանուր շրջանառությունն էական նվազել է»,-հայտնել է նա։
Նախարարի խոսքով՝ ռուսական ոսկու հետ կապված գործարքները նախկինում մեծացրել են ընդհանուր առևտրաշրջանառության ցուցանիշը, իսկ դրանց բացակայությունը նվազեցրել է այն։
«Եթե ռուսական ոսկին գալիս է Հայաստանի Հանրապետություն, հետո գնում է, առևտրաշրջանառությունն ուռում է։ Այս տարի դա տեղի չի ունենում, պակասում է։ Դուք դա ներկայացնում եք ողբերգություն։ Ես ասում եմ՝ դա ոչ մի բացասական էֆեկտ մեր տնտեսության վրա չի ունեցել»,-հայտարարել է Պապոյանը։
Նա ընդգծել է, որ տնտեսության համար դրական արդյունք է համարում հենց Հայաստանում արտադրված ապրանքների արտահանման ավելացումը։