ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագրով ԱՄԷ-ն իր պարտավորությունների շրջանակն ընդլայնում է 90 նոր ծառայությունների ենթաոլորտով՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 122-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում Հայաստանը պարտավորություններ է ստանձնել ծառայությունների 102 ենթաոլորտում, իսկ ԱՄԷ-ն՝ 32-ում։ Երկկողմ համաձայնագրով կողմերն ընդլայնել են այդ շրջանակը՝ մեծացնելով միմյանց շուկաների հասանելիությունը։
«Այսպիսով, Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի Հանրապետությանը արդեն տալիս է 122 ծառայություն՝ ըստ էության՝ 32՝ գումարած 90, որոնց զգալի մասը համընկնում է Հայաստանի կողմից արդեն իսկ լիբերալացված ոլորտների հետ»,-ներկայացրել է Պապոյանը։
Նոր ավելացված ենթաոլորտները ներառում են համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ, գիտատեխնիկական խորհրդատվություն, սարքավորումների սպասարկում և վերանորոգում, քարտեզագրում, կրթություն, առողջապահություն և փոստային ծառայություններ։
Պապոյանը նշել է, որ որոշ ոլորտներում ԱՄԷ-ն պահպանում է օտարերկրյա մասնակցության սահմանափակումները, իսկ առանձին ծառայությունների դեպքում նախատեսվում է մասնակցության աստիճանական բարձրացում։
Հայաստանն իր հերթին պարտավորությունների շրջանակն ընդլայնում է 25 նոր ենթաոլորտով՝ դրանց թիվը հասցնելով 127-ի։ Նախարարն այս հարաբերակցությունը գնահատել է որպես Հայաստանի համար արդյունավետ բանակցությունների արդյունք։
«ԱՄԷ-ն մեզ 90 նոր ենթաոլորտ է տվել, մենք՝ նոր 25 ենթաոլորտ։ Սա շատ կարևոր է, որովհետև սա մեզ համար շատ արդյունավետ բանակցություն էր։ Այսինքն՝ մենք ստացել ենք 90-ը՝ տալով 25-ը»,-ասել է նա։
Նախարարի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում խոչընդոտների փոխադարձ վերացում, տնտեսական համագործակցության ընդլայնում և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններ։ Ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության կարգավորումները, նրա գնահատմամբ, պետք է նպաստեն նաև նոր գործարար նախաձեռնություններին։
Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին՝ Աբու Դաբիում, Գևորգ Պապոյանի և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդիի կողմից։
Ելույթի ավարտին Պապոյանը պատգամավորներին կոչ է արել կողմ քվեարկել համաձայնագրի վավերացմանը։