Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանը չի փոխել իր դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից։
«Մենք վաղուց ի վեր մեր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը և անդամություն սառեցրել ենք, և, եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը մեկնաբանություններ են անում, իզուր, մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասաց Միրզոյանը:
Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները պետք է Հայաստանին հեռացնեն Կազմակերպությունից, քանի որ Հայաստանը չի մասնակցում կառույցի աշխատանքներին և չի վճարում անդամավճարները։