Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերն ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ հուշագիրը կօգնի առաջ մղել երկու երկրի միջև առկա հարուստ օրակարգը:
«Գոհունակությամբ ենք արձանագրում երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան: Կան մի շարք ուղղություններ, ծրագրեր, որտեղ մենք արդեն ունենք բավականին հաջողված փորձ: Տնտեսություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, արդարադատություն, նորարարություն, զբոսաշրջություն, այս բոլոր ոլորտներում սպասվում են նոր նախաձեռնություններ»,- ասաց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը հավելեց, որ սլովենական փորձն ու մասնակցությունը շատ կարևոր են եղել Հայաստանում առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործում:
«Առևտրաշրջանառության թվերը ևս աճում են: Միայն այս տարվա 8 ամսվա տվյալներն արդեն գերազանցում են նախորդ ամբողջ տարվա տվյալները: Այդ աճող թվերն, այդուհանդերձ, դեռ շատ փոքր են, և պետք է երկուստեք ջանքեր գործադրենք այդ թվերը մեծացնելու համար»,- նշեց նախարարը:
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Հայաստանի և Սլովենիայի միջև տեղի կունենա նաև գործարար համաժողով երկու երկրների գործարարների մասնակցությամբ: