Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՄԱ  և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը քննարկել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով նախատեսված քայլերի կյանքի կոչման հնարավորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«2025 թվականի մարտին Հայաստանն ու Նիդեռլանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, և այսօր մեր հիմնական խնդիրն է հոգ տանել և ապահովել այդ հռչակագրում նշված առաջնահերթությունների, նպատակների ամբողջական իրականացումը, դրանց կյանքի կոչումը: Նախարարի հետ մեր քննարկումների առանցքն իրականում սա է եղել»,- ասաց նախարարը:

Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ անդրադարձ է կատարվել երկկողմ առաջնահերթություններին, մասնավորապես՝ տնտեսական գործակցությանը:

«Մենք համակարծիք ենք, որ քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է, ակտիվ և արդյունավետ: Եվ տեսնում ենք նաև, որ տնտեսական համագործակցությունը ևս քայլ-քայլ առաջ է գնում, թվերն աճում են, բայց նաև տեսնում ենք, որ կա զգալի մեծ, չիրականացված պոտենցիալ: Սա ասելիս՝ նկատի ունենք շատ կոնկրետ ոլորտներ, շատ կոնկրետ ընկերություններ, ուրվագծվող համագործակցություններ: Մասնավորապես, գյուղատնտեսություն, ծաղկաբուծություն, առողջապահություն և ենթակառուցվածքներ: Համագործակցություն է հաստատվել մեր ծաղիկների ու ծաղկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների և Նիդեռլանդների աշխարհահռչակ համապատասխան ընկերությունների միջև»,-նշեց Միրզոյանը:

Հայաստան կատարած այցի ընթացքում Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը կայցելի նաև նիդեռլանդական տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանում գործող ծաղկի ջերմոցներից մեկը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում