Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան
3 րոպեի ընթերցում

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի պատկերացնում իրավիճակ, երբ ԹՐԻՓՓ-ի շրջանակում երկաթուղային հաղորդակցությունը գործի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, սակայն Հայաստանը չկարողանա Նախիջևանի տարածքով ապահովել իր ներպետական կապը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միրզոյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցերին։
Խաչատրյանը հետաքրքրվել է՝ կա՞ արդյոք Ադրբեջանի համար պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ, որը կապահովի Հայաստանի ներպետական հաղորդակցությունը՝ ԹՐԻՓՓ-ով նախատեսված պարտավորություններին համարժեք պայմաններով։ Նա նաև հարցրել է, թե ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը հետագայում սահմանափակի հայկական բեռների անցումը։
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքով արդեն իրականացվող հայկական բեռնափոխադրումները չի ներկայացնում որպես ԹՐԻՓՓ-ից Հայաստանի ակնկալվող ամբողջ օգուտ։ Նրա խոսքով՝ դրանք վկայում են, որ հաղորդակցությունների բացման գործընթացն արդեն սկսվել է, իսկ հետագա պայմանավորվածությունները վերաբերում են նաև Հայաստանի ներպետական կապին։
Նախարարը հարց է ուղղել պատգամավորին՝ արդյոք նա պատկերացնում է, որ գնացքը կարողանա Ադրբեջանի տարածքից Մեղրիով հասնել Նախիջևան, սակայն հայկական գնացքի համար հնարավոր չլինի Նախիջևանից Երասխով կրկին մտնել Հայաստան։
«Այդպես չի կարող լինել, որ իրենց համար աշխատի այդ երկաթուղին, և մեզ համար չաշխատի։ Այդպես չի կարող լինել, պարզ է, չէ՞»,– ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով նախագծի բնույթին՝ նախարարը շեշտել է, որ այն սովորական ճանապարհաշինական ծրագիր չի համարում։
«Այո՛, սա տրանսպորտային նախագիծ է, բայց հսկայական աշխարհաքաղաքական նշանակությամբ»,-նշել է նա։
Միրզոյանի խոսքով՝ նախագիծը միաժամանակ առնչվում է Հայաստանի ապաշրջափակմանը, տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և խաղաղության ամրապնդմանը։ Նա կարևորել է նաև երրորդ երկրների շահագրգռվածությունը՝ բացատրելով, որ Հայաստանի տարածքով հաղորդակցությունից օգտվող պետությունները հետաքրքրված կլինեն այստեղ խաղաղության և կայունության պահպանմամբ։