Քաղաքականություն

Արարատ Միրզոյանին հայտնի չէ ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանին հայտնի չէ ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ

Հայկական կողմին հայտնի չէ իրավական մեխանիզմ, որով Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունները կարող են Հայաստանին հեռացնել միությունից կամ սառեցնել նրա անդամակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ Կառավարությունն ուսումնասիրում է Հայաստանի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդրում Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ներկայացուցիչների ներկայացրած զեկույցը և դրա հիման վրա կձևավորի դիրքորոշումը։

«Փաստաթուղթը, որ դուք մատնանշեցիք, երեկ է հրապարակվել։ Բավականին ծավալուն փաստաթուղթ է։ Մենք ծանոթանում ենք փաստաթղթին, վերլուծում ենք և ըստ այդմ կձևավորենք Հայաստանի Հանրապետության վարքագիծը և դիրքորոշումը»,– ասել է նախարարը։

Անդրադառնալով իրավական կողմին՝ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմին հայտնի չէ միության անդամ պետություններից մեկին մյուսների որոշմամբ հեռացնելու, այդ թվում՝ անդամակցությունը սառեցնելու մեխանիզմ։ Նա հավելել է, որ զեկույցը կուսումնասիրվի, և հայկական կողմը կարձագանքի։

Միաժամանակ նախարարը շեշտել է, որ տնտեսական շահերի կարևորությամբ հանդերձ՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունն առաջնային են։

«Անշուշտ, բարեկեցությունը մեր քաղաքացիների, առևտուրը, տնտեսական շահերը, մեր ավանդական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, ԵԱՏՄ մյուս անդամների հետ մեզ համար կարևոր են։ Բայց կա մի բան, որ գերակա է և կարևոր է ամեն ինչից․ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, անկախությունը։ Հետևաբար, մեր դիրքորոշումը կլինի սերտորեն պայմանավորված այս նշածս հանգամանքով»,– ընդգծել է Միրզոյանը։

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցն ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ անդամ պետությունների ղեկավարներին փոխանցելու համար։ Այն վերաբերում է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքներին։ Զեկույցում նշվում է, որ ԵԱՏՄ անդամ 4 երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը կարող են որոշում ընդունել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը ժամանակավոր կասեցնելու մասին։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում