ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի հերթական նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ ուղիղ 27 տարի առաջ խորհրդարանի նույն դահլիճում ահաբեկչական գործողության հետևանքով սպանվել են Ազգային ժողովի և կառավարության ղեկավարներ ու անդամներ։
«Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այս ոճրագործության զոհերի հիշատակը»,– ասել է Ռուբինյանը։
Պատգամավորները հոտնկայս հարգել են զոհերի հիշատակը։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժել էր նիստերի դահլիճ։ Ահաբեկչության հետևանքով սպանվել էին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանն ու Հենրիկ Աբրահամյանը։
2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Նաիրի Հունանյանը և հանցախմբի ևս հինգ անդամներ դատապարտվել էին ցմահ, իսկ մեկ անդամը՝ 14 տարվա ազատազրկման։
2026 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ դատախազությունը տեղեկացրել է նաև վերսկսված քրեական վարույթով վերջին մեկ տարում կատարված գործողությունների մասին։ Ըստ հաղորդագրության՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մինչ օրս կատարվել են շուրջ մեկ տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ, ուղարկվել են տեղեկատվության պահանջի դիմումներ, իրականացվել են փաստաթղթերի զննումներ։
Քրեական վարույթի համար էական հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու երեք հանձնարարություն։
«Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։ Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ»,-հայտնել է դատախազությունը։
Հսկող դատախազն ընդունել է նաև դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների։ Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով։
Քրեական վարույթը վերսկսվել է 2019 թվականի դեկտեմբերի 27-ին։ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Նախաքննությունը շարունակվում է։