Քաղաքականություն

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան

7 րոպեի ընթերցում

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նոր պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն է տեսնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Հայաստանի 19 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին։

Հիշեցնենք, որ համայնքների մեծ մասում ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ առավելությամբ հաղթանակ է տոնել։

«Երեկ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում ՔՊ-ն կամ, այսպես ասենք, պրոքպական թեկնածուները և թիմերը տարան ջախջախիչ հաթանակ։ Եվ այս իրավիճակը պետք է մի քանի դիտանկյունից արժանանա քաղաքական գնահատականի։ Դա պարզ իրավիճակ չէ, և ես ուզում եմ իմ գնահատականներն ու ընկալումները ներկայացնել։

Առաջինը՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես խոստացել էի և դա իմ հանձնառությունն էր, որ ռոբա-սերժա-կալուգա-կտրիճական ուժերը կամ, մեկ բառով ասած, լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ-քառագլուխ կուսակցությունը պետք է ոչնչացվի, և ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիների օգնությամբ և աջակցությամբ։  Բայց մյուս կողմից ես ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի  վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ, ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+ կամ 70+ ձայներ, որովհետև, ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում։ Բայց դրանք առաջ են բերում նաև ընդդիմության հարցը Հայաստանում։ Մենք պետք է այս իրավիճակը ճիշտ գնահատենք. մի կողմից մենք պետք է իսկապես Հայաստանից  արմատախիլ անենք լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից, բայց մյուս կողմից Հայաստանը պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նա շեշտել  է, որ այս հարցը քննարկել են տարբեր ձևաչափերով, և հարցադրում արել, թե ի՞նչ կարող է անել և ի՞նչ պետք է անի Կառավարությունը նոր ընդդիմության ձևավորման համար։

«Մեր եզրակացությունն այն է, որ մենք ոչ մի բան պետք է չանենք, նկատի ունեմ՝ գործնական և ակտիվ չլինենք այս առումով, հակառակ դեպքում մենք կարող ենք ընկնել ավելի վատ վիճակի մեջ և վատագույն պրակտիկան Հայաստանում վերականգնելու փորձ անենք։ Հիշում եք ՝ Հայաստանում կար, այսպես կոչված, հաճախորդ և կառավարելի ընդդիմություն։ Դա նույնքան աղետ է Հայաստանի համար։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է ձևավորվի  նոր, պետականակենտրոն ընդդիմություն և իրական ընդդիմություն, որը իրական քաղաքական գործունեությամբ, այլ ոչ թե լրտեսական գործունեությամբ կզբաղվի։ Այն, որ սա անհրաժեշտ է, ակնհայտ է, բայց մյուս կողմից Կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կառավարվող ընդդիմություն, կեղծ ընդդիմություն»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ լուծումն այն է, որ Հայաստանում ոչ իշխանական և պետականակենտրոն ուժերն ակտիվանան։

«Մենք, բնականաբար, չենք կարող նրանց աջակցել, բայց մենք նրանց ոչ մի բանով չենք խանգարի։ Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իսկապես ձևավորվի ընդդիմություն, որը գործում  է Հայաստանի, Հայաստանի ժողովրդի շահերի վրա հիմնվելով և հենված է ժողովրդավարական արժեքների ու տրամաբանության վրա, ոչ թե ընտրակաշառքների կամ գողացվածը, թալանվածը քաղաքականության մեջ ներդնելու և քաղաքականությունը թալանվածը պաշտպանելու գործիք դարձնելու ուղղությամբ է գործում։ Սա ասում եմ՝ որպես շատ կարևոր օրակարգ, բայց իմ ասելիքն այս պահին հռետորական է։ Այս պահին ես կարող եմ բոլորիս շնորհավորել, որ մենք հաջողությամբ իրականացնում ենք լրտեսական ընդդիմության կամ պատերազմի քառագլուխ կուսակցության ոչնչացման աշխատանքները՝ իհարկե, Հայաստանի ժողովրդի աջակցությամբ։ Բայց նաև ակնհայտ է, որ Հայաստանին պետք է նոր, քաղաքական, ժողովրդավարական, պետականակենտրոն ընդդիմություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը ինստիտուցիոնալ բարեփոխումներ է անում և կշարունակի անել, որպեսզի այդ պետականակենտրոն ընդդիմության ձևավորումը տեղի ունենա։

«Ես ցանկացա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս օրակարգի վրա։ Իհարկե, շնորհավորելով մեր բոլոր թեկնածուներին և թիմերին, որոնք համայնքներում ջախջախիչ հաղթանակ են տարել՝ ուզում եմ ասել, որ մեր այդ ուրախությունը նաև որոշակի մտահոգություններ է ի հայտ բերել, և մենք առաջիկայում պետք է հանրային քննարկումներ ունենանք այս ուղղությամբ, թե ի՞նչ անել, ինչպե՞ս աշխատել քաղաքական այնպիսի համակարգ ձևավորելու  ուղղությամբ, որ Հայաստանում ձևավորվի պետականակենտրոն ընդդիմություն, որը նաև իրական և կառուցողական վերահսկողություն կիրականացնի իշխանության գործողությունների նկատմամբ։ Ուզում եմ ասել, որ նաև մեր համայնքներում, որտեղ ընտրությունների արդյունքներով ուժեղ ընդդիմություն չի ձևավորվել, բաց է մնում հանրային վերահսկողության հարցը, և ես հույս ունեմ, որ հանրային խմբերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց այս գործառույթը կկատարեն՝ բայց հենվելով ճշմարտության վրա»,- նշել է նա։

Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ «պատերազմի քառագլուխ կուսակցությունը ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի, քրեական օլիգարխիան և մաֆիան ՀՀ-ից պետք է արմատախիլ արվեն.

«Հոկտեմբերի  25-ի ՏԻՄ ընտրություններով այս չափով և այսքանով խնդիրը լուծված է, բայց, ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու՝ երբ մի խնդիր լուծել ես, ի հայտ է գալիս 2-3 նոր խնդիր։ Հիմա մենք մի խնդիր երեկվա ընտրություններով լուծել ենք, առաջ է եկել 3 նոր խնդիր։ Առաջինը՝ ինչպե՞ս անել, որ ընտրությունների արդյունքներն ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն։

Երկրորդը՝ ինչպե՞ս անել, որ բարձր վստահություն ստացած համայնքներում գործի հանրային վերահսկողության օբյեկտիվ մեխանիզմ։

Երրորդը՝ ինչպես անել, որ Հայաստանում ձևավորվի պետականակենտրոն, երիտասարդ, ինտելեկտուալ, օբյեկտիվ, ազնիվ և միայն սեփական ընտրողների և քաղաքացիների կողմից կառավարվող և ուղղորդվող ընդդիմություն։ Սրանց հարցեր են, որոնց շուրջ պետք է մտածենք»,- եզրափակել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում