Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը
2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է երեխաների արտադպրոցական կրթությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից ծնողներին սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել է հոկտեմբերի 24-ին Երևանի «Բրուտ» ցուցասրահ-արվեստանոց այցելության ընթացքում՝ հետաքրքրվելով երեխաների համար կազմակերպվող դասերով և դրանց վճարման պայմաններով։
Արվեստանոցի ներկայացուցիչների հետ զրույցում վարչապետը ներկայացրել է համընդհանուր հայտարարագրման համակարգով վճարված եկամտային հարկից կրթական ծախսերի մի մասը հետ ստանալու հնարավորությունը։
«Դուք էլ պիտի ասեք, որովհետև մենք դա արել ենք նաև ձեզ համար»,– նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետությունն այդ մեխանիզմով անուղղակիորեն խրախուսում է նաև կրթական ծառայություններ մատուցողների գործունեությունը։
Վարչապետը հետաքրքրվել է՝ արվեստանոցի կրթական ծրագիրն ունի՞ համապատասխան լիցենզիա, և առաջարկել է անհրաժեշտության դեպքում զբաղվել այդ հարցով։
Գործող կարգով կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման տարեկան առավելագույն չափը 100 հազար դրամ է։ Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի դեպքում փոխհատուցման համար անհրաժեշտ է, որ ծրագիրը երաշխավորված լինի ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ ծախսը համապատասխանի սահմանված պահանջներին։