Տնտեսություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են տարբեր ոլորտներին առնչվող նախագծեր

10 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են տարբեր ոլորտներին առնչվող նախագծեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 9–րդ նիստը։ Օրակարգի շրջանակում ներկայացվել են «Հեր-Հերի ջրամբարի ջուրը հետմղման մեթոդով օգտագործելու հնարավորության վերաբերյալ» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, «Դիմակայուն և ներառական ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր-2»-ի շրջանակում «Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի հետաղետային վերականգնում», «Դիլիջանի նոր թունելի կառուցում», «Պուշկինի թունելի հիմնանորոգում և արդիականացում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը, «Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կարողությունների հզորացում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է «Հեր-Հերի ջրամբարի ջուրը հետմղման մեթոդով օգտագործելու հնարավորության վերաբերյալ» նախագիծը: Ներկայացվել է, որ նախագիծն իրականացվելու է Վայոց ձորի մարզի 12 բնակավայրեր ոռոգման ջրի ապահովման նպատակով։ Զեկուցվել է, որ Հեր-Հերի ջրամբարից կառուցվող ջրագծի իշխման տակ ընկած հողատարածքները կարող են կազմել շուրջ 2440 հա և ընդգրկված են Հեր-Հեր, Վայք, Մալիշկա, Զեդեա, Ագարակաձոր, Եղեգնաձոր, Գետափ, Արփի, Աղավնաձոր, Ռինդ, Արենի և Չիվա բնակավայրերը։ Հեր-Հերի ջրամբարում տարեկան կուտակվող 26 մլն մ³ ջուրը ջրատարի կառուցմամբ հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել, ավելացնել ոռոգելի հողատարածքները, ապահովել ոռոգման ջրի կայուն մատակարարում, լրացուցիչ 10-13 մլն խմ ջրի հոսք ապահովել Սևանա լիճ և այլն։

Կոմիտեի անդամները քննարկել են ծրագրի իրականացմամբ տնտեսական, սոցիալական և ջրային անվտանգության խնդիրների լուծման հնարավորությունները, ընդգծվել է նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա առավել հստակ գնահատել էներգետիկ հնարավորությունները:

Օրակարգի հաջորդ հարցը զեկուցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Ներկայացվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր-2»-ի շրջանակում «Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի հետաղետային վերականգնում», «Դիլիջանի նոր թունելի կառուցում», «Պուշկինի թունելի հիմնանորոգում և արդիականացում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը: 

Նախ ներկայացվել է «Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի հետաղետային վերականգնում» ծրագրի նախագիծը: Նշվել է, որ նախատեսվում է վերականգնել և բարելավել 2024թ. մայիսին տեղի ունեցած հեղեղումներից տուժած Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածները։ Նախատեսվում է վերականգնել վնասված ճանապարհահատվածները, բարձրացնել Դեբեդ գետի հետագա հնարավոր վարարումների նկատմամբ խոցելի հատվածների դիմակայունությունը՝ ափապաշտպան միջոցառումների և հենապատերի կառուցման միջոցով, ինչպես նաև իրականացնել քարաթափման դեմ պաշտպանիչ միջոցառումներ։

Քննարկման արդյունքում ընդգծվել է անվտանգ և կլիմայական ռիսկերին դիմակայուն տրանսպորտային ենթակառուցվածք ունենալու կարևորությունը, որը կնպաստի ճանապարհային անվտանգությանը, տրանսպորտային համակարգերի անխափան ու անվտանգ գործունեությանը, տնտեսական արդյունավետությանը, համայնքների հասանելիությանը և այլն:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը զեկուցել է նաև «Դիլիջանի նոր թունելի կառուցում» ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ նախատեսվում է Դիլիջանի գոյություն ունեցող թունելին զուգահեռ, մոտ 50 մ դեպի ձախ կառուցել 2-րդ տեխնիկական կարգի ճանապարհին և Անդրեվրոպական ճանապարհային ցանցի թունելներում անվտանգության նվազագույն պահանջների վերաբերյալ ԵՄ 2004/54/EC հրահանգին համապատասխանող, ժամանակակից ինժեներական, անվտանգային և ավտոմատ կառավարման համակարգերով հագեցած՝ 2365 մ երկարությամբ նոր թունել՝ գործող թունելը վերափոխելով տարհանման թունելի։ Տարհանման թունելը յուրաքանչյուր 500 մ-ում կապված կլինի նոր թունելի հետ, ինչը թույլ կտա արտակարգ իրավիճակներում արագ կազմակերպել երթևեկության մասնակիցների տարհանումը։

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ նախագծի իրականացումը կնպաստի ժամանակակից, անարգել և կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծմանը և կծառայի մարդկանց, տնտեսական զարգացմանը և շրջակա միջավայրին: Ընդգծվել է, որ ժամանակակից թունելային համալիրի կառուցումը կնպաստի նաև արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարմանը, անխափան և հուսալի երթևեկության ապահովմանը, զբոսաշրջության, բեռնափոխադրումների և տնտեսական ակտիվության զարգացմանը: 

Քրիստինե Ղալեչյանը մանրամասներ է ներկայացրել նաև «Պուշկինի թունելի հիմնանորոգում և արդիականացում» ծրագրի նախագծի վերաբերյալ: Նշվել է, որ նախատեսվում է իրականացնել թունելի կառուցվածքային տարրերի վերականգնում և արդիականացում, ինժեներական համակարգերի բարելավում, ինչպես նաև ճանապարհային և հրդեհային անվտանգության ժամանակակից լուծումների ներդրում։ Ծրագրի իրականացումը կնպաստի երթևեկության անվտանգության և անխափանության բարձրացմանը, տրանսպորտային կապերի հուսալիության բարելավմանը և թունելի համապատասխանեցմանը ժամանակակից անվտանգության պահանջներին։

Ծավալվել է մտքերի փոխանակություն, կոմիտեի անդամները կարևորել են թունելի և դրա տեխնիկական համակարգերի արդիականացմանը, երթևեկության անվտանգ կազմակերպմանը և արտակարգ իրավիճակներին արձագանքման բարելավված պայմաններ ունենալուն ուղղված աշխատանքները: 

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է «Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կարողությունների հզորացում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը: Զեկուցվել է, որ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներում շահագործվող հրշեջ տեխնիկան 2010 թվականից ի վեր չի թարմացվել։ Ներկայումս շահագործման մեջ գտնվող հրշեջ տեխնիկան թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես մաշված է ու հաճախակի խափանվում է։ Վերջին տարիներին Երևան քաղաքում և նրա շրջակայքում կառուցվում են բազմաթիվ բարձրահարկ բնակելի և հասարակական շենքեր, ինչպես նաև առկա են վտանգավոր արդյունաբերական ու կարևորագույն կենսաապահովման օբյեկտներ, որոնց հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է առնվազն 35 և ավելի մետր թռիչքով ավտոսանդուղքներ։

Նիստում քննարկվել են ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր ձևաչափերով այն իրականացնելու հնարավորություններին:

Օրակարգի շրջանակում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք» ներդրումային ծրագրի նախագիծը: Զեկուցվել է, որ ծրագիրը նախատեսում է Հայաստանի Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ստեղծումն ու զարգացումը՝ որպես երկրի թվային փոխակերպման առանցքային տարր։ Այն ներառում է միասնական գեոդեզիական հղումների համակարգ, երկրի ամբողջ տարածքի օդային լուսանկարահանում և LiDAR քարտեզագրում, քաղաքների բարձր լուծաչափով 3D մոդելներ, ճանապարհների շարժական քարտեզագրում, ջրային գոտիների բաթիմետրիկ հետազոտություններ, կադաստրային տվյալների ստանդարտացում, թեմատիկ տվյալների հավաքածուներ և թվային ծառայություններ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության հուսալի ենթակառուցվածքով ապահովված Ազգային գեոպորտալի արդիականացում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին, ընդգծվել ինտեգրված տեղեկատվության կարևորությունը ռազմավարական պլանավորման և կանխատեսման, որոշումների կայացման, կառավարման, գործառնական արդյունավետության հարցերում:

Վերոնշյալ նախագծերը քննարկումների արդյունքում հաստատվել են:

Ամփոփելով նիստը՝ վարչապետը կարևորել է հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետ կառավարումն ու իրականացումը, որոնք նպաստում են տնտեսական ակտիվությանը, միջոցների նպատակային բաշխմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, երկարաժամկետ արդյունավետությանը և այլն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում