Հայաստան

Վարչապետն ավարտել է Աջափնյակ շրջայցը․ քաղաքացիների հետ քննարկել է բնակարանային, սոցիալական և համայնքային խնդիրներ

2 րոպեի ընթերցում

Վարչապետն ավարտել է Աջափնյակ շրջայցը․ քաղաքացիների հետ քննարկել է բնակարանային, սոցիալական և համայնքային խնդիրներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շրջայցը, որի ընթացքում զրուցել է քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու ներկայացրել կառավարության ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջայցի ընթացքում բնակիչները վարչապետին են դիմել բնակարանային պայմանների, բակերի բարեկարգման, խաղահրապարակների նորոգման, կրթության, զբաղվածության և սոցիալական հարցերով։ Քաղաքացիները ներկայացրել են նաև անհատական դիմումներ ու գույքային վեճերի առնչությամբ մտահոգություններ։

Փաշինյանն անդրադարձել է Աջափնյակի հին բնակելի շենքերի փոխարեն նոր թաղամասեր կառուցելու գաղափարին։ Նա ներկայացրել է ներդրողների և բնակիչների համաձայնությամբ հնարավոր տարբերակներ՝ բնակարանների գնման կամ նորակառույցներում բնակարաններ տրամադրելու, ինչպես նաև շինարարության ընթացքում բնակիչների կեցության հարցը լուծելու վերաբերյալ։

Բակերում շրջելիս վարչապետը քննարկել է խաղահրապարակների պահպանման ու ժամանակին նորոգման հարցերը՝ կարևորելով կառուցված ենթակառուցվածքների երկարաժամկետ շահագործումը։

Քաղաքացիների հետ զրույցներում անդրադարձ է եղել նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, հասարակական կազմակերպություններին աջակցելու մեխանիզմներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Փաշինյանը կարևորել է խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։

Շրջայցի ընթացքում վարչապետին ուղեկցել են ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և այլ պաշտոնյաներ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում