Քաղաքականություն

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

4 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

Կենսաբազմազանության պահպանումը միայն բնապահպանական առաջնահերթություն չէ, այն առնչվում է նաև բիզնեսին, տնտեսական դիմակայունությանը, միջազգային համագործակցությանը և երկարաժամկետ անվտանգությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով  ֆորումի պանելային քննարկման ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող են արտաքին քաղաքականությունն ու բազմակողմ դիվանագիտությունն աջակցել անհրաժեշտ միջազգային համագործակցության ձևավորմանը՝ կենսաբազմազանության գլոբալ նպատակներն ու թիրախներն իրականացնելու և կենսաբազմազանությունը տնտեսական զարգացման օրակարգի անքակտելի մաս դարձնելու համար։

Նախարարի տեղակալի խոսքով՝ քաղաքական անորոշությունը չի սպասում, մինչև երկրները բախվեն շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներին։

«Կենսաբազմազանությունը միայն շրջակա միջավայրի մասին չէ, միայն բնապահպանական առաջնահերթություն չէ, մենք խոսում ենք բիզնեսի մասին, տնտեսական դիմակայունության մասին, միջազգային համագործակցության և երկարաժամկետ անվտանգության մասին: Կենսաբազմազանության կորուստը սահմաններ չի ճանաչում և հետևանքները, որոնք մենք տեսնում ենք․․․ պարենային անվտանգություն, ջրային աղբյուրներ, հանրային առողջություն, մատակարարման շղթաների խաթարում․ այստեղ, թերևս, հենց այն փաստն է, որ մենք առնչվում ենք սահմաններ չճանաչող խնդրի»,-ասաց նա:

Կոստանյանի համոզմամբ՝ այս խնդիրների բացահայտման, ռիսկերի կառավարման և դրանց լուծման համար անհրաժեշտ է բազմակողմ դիվանագիտություն։ Այս համատեքստում նա կարևորեց միջազգային գործընկերությունների զարգացումը՝ ընդգծելով, որ գործընթացում ներգրավված պետք է լինեն ոչ միայն կառավարությունները, այլև բիզնեսը, ֆինանսական կառույցներն ու ոչ առևտրային կազմակերպությունները։

«Բիզնեսը, ֆինանսավորումը, կառավարությունները և ոչ առևտրային կազմակերպությունները պետք է միասին քայլեր ձեռնարկեն, որպեսզի հնարավոր լինի լուծել խնդիրները և ձևավորել երկարաժամկետ մոտեցում կենսաբազմազանության կորստին արձագանքելու համար»,-նշեց նախարարի տեղակալը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, հյուրընկալելով COP17-ը, նպատակ ունի առաջ տանել այս համագործակցությունը և խորացնել երկխոսությունը՝ կենսաբազմազանության պահպանության հարցերը տնտեսական որոշումների կայացման, առևտրի, ներդրումների և նորարարության հետ կապելու ուղղությամբ։

«Բնության պաշտպանությունը չպետք է ընկալվի որպես տնտեսական զարգացման խոչընդոտ։ Ընդհակառակը՝ միջազգային առևտուրն ու ներդրումները կարող են կարևոր շարժիչ ուժ դառնալ կայուն արտադրության, նորարարության և կենսաբազմազանությանը նպաստող գործելակերպերի զարգացման համար»,-ասաց Կոստանյանը:

Միաժամանակ, ըստ նրա, անհրաժեշտ է հաշվի առնել տարբեր երկրների առանձնահատկություններն ու խոցելիությունը, հատկապես՝ զարգացող երկրների պարագայում։ Այդ համատեքստում կարևոր նշանակություն ունի ֆինանսավորման հասանելիությունը և երկրների միջև համագործակցությունը՝ կենսաբազմազանության պահպանության ստանձնած հանձնառություններն իրականացնելու համար:

«Իհարկե, կառավարությունը կարող է շարունակել աշխատել, և մենք կարող ենք կատարելագործել գործընթացը, սակայն չենք կարող այս գործընթացները կյանքի կոչել միայնակ։ Մեզ անհրաժեշտ է համագործակցություն և համահասարակական մոտեցում։ Բիզնեսը ևս շատ կարևոր դեր ունի։ Մենք կարևորում ենք նաև պատշաճ ֆինանսավորման մեխանիզմները և համոզված ենք, որ կենսաբազմազանության հետ կապված ռիսկերն ու ազդեցությունները պետք է ներառվեն ֆինանսավորման չափանիշներում։ Դրանք կօգնեն արագացնել այս օրակարգի առաջմղումը և համատեղ աշխատանքը»,- եզրափակեց Կոստանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում