Հայաստան

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Հայաստանում առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր։ Այն կմնա աշխատանքային և չի ավելացնի ոչ աշխատանքային օրերի թիվը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է հանրային ծառայության տարբեր տեսակների և մասնագիտությունների առանձնահատկությունները պահպանելով՝ սահմանել դրանց ընդհանուր առաքելությունն արտահայտող խորհրդանշական օր։

«Եթե բանաձևելու լինենք, շատ կարճ կարող ենք ասել՝ տարբեր գործառույթներ, տարբեր մասնագիտություններ, բայց մեկ ընդհանուր առաքելություն։ Այն է՝ հասարակական պահանջմունքների վրա խարսխված հանրային շահի սպասարկում՝ որակյալ ծառայությունների մատուցման եղանակով»,-նշել է Քալաշյանը։

Նա ընդգծել է հանրային ծառայողի դերը պետական կառավարման համակարգի զարգացման, արդյունավետության բարձրացման և հանրային շահի սպասարկման գործում։

Քալաշյանը տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցման համար նախագծում կատարվել է միայն տեխնիկական փոփոխություն։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը հայտնել է, որ հանձնաժողովը նախագիծը քննարկել է երկրորդ ընթերցմամբ և տվել դրական եզրակացություն։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է հանրային ծառայության և հանրային ծառայողի կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելուն։ Նա պատգամավորներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին։

Լրամշակված նախագծով օրենքում առաջարկվում է ամրագրել․ «Հանրային ծառայողի օր՝ նշվում է հունիսի 23-ին»։ Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում