ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով
3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է նոր Սահմանադրության շուրջ առաջիկայում բովանդակային քննարկումներ ունենալը՝ առաջարկելով այդ խոսակցությունն անցկացնել համազգային ձևաչափով և ընդգծելով, որ իշխանությունը չի խուսափում բանավեճից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։
«Ես մեծ հույս ունեմ, և սա, կարծում եմ, մեր քաղաքական թիմի մոտեցումն է և հանձնառությունը, այս մասին ունենալ էական, լուրջ, բովանդակային խոսակցություններ առաջիկայում՝ ինչքան հնարավոր է մոտ ապագայում»,-ասել է նախարարը։
Նա առաջարկել է քննարկմանը ներգրավել ավելի լայն շրջանակ՝ այն չսահմանափակելով նիստին ներկա գործիչներով։
«Ես կարծում եմ՝ մեր ազգի մեջ մեզնից շատ ավելի շատ քանակով, քան այստեղ ներկա ենք, խելացի մարդիկ կան։ Այդ խոսակցությունն ազգովի ունենանք, ի՞նչ խնդիր կա։ Որևէ բանավեճից չենք խուսափում»,-նշել է Միրզոյանը։
Միրզոյանն ընդգծել է, որ Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է, իսկ դրա փոփոխության հարցը Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա չէ։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել էին միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրման համար որպես նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ պնդելով, թե Հայաստանի Սահմանադրության ներածությունում երկրի անկախության հռչակագրին հղումը տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ։ Հայկական կողմը բազմիցս հերքել է Ադրբեջանի այս պնդումները՝ շեշտելով, որ Հայաստանի Սահմանադրությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չի ենթադրում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ 2026 թվականի սեպտեմբերին հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել տարեվերջին։