Ադրբեջան

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ

2 րոպեի ընթերցում

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Բաքվի բանտերում հայերի պահվելը չի նպաստում խաղաղությանը։ Միաժամանակ նա նախընտրելի է համարել շարունակել խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության ճանապարհը՝ այդպիսով նպաստելով նաև չլուծված հարցերի հանգուցալուծմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասել է նոյեմբերի 18-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցին։

Ավետիսյանը հետաքրքրվել է՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներում բարձրացվե՞լ է գերիներին վերադարձնելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու միջոցով խաղաղության նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու հարցը։

Միրզոյանը պատասխանել է, որ հակամարտությունից մնացած խնդիրները հնարավոր չէ միանգամից լուծել։

«Կան գործոններ, որոնք դեռ մնացել են հակամարտության շրջանից։ Այո՛, իհարկե։ Քայլ առ քայլ, ջանք ջանքի հետևից պիտի կառուցել այդ խաղաղությունը։ Այո՛, կան պահվող անձինք, և նրանց գոյությունը Բաքվի բանտերում չի նպաստում խաղաղությանը»,- ասել է նախարարը։

Նա հարցադրում է արել՝ գերիների վերադարձը համաձայնագրի ստորագրման նախապայման դարձնելն ավելի արագ կհանգեցնի՞ խնդրի լուծմանը, թե՞ խաղաղության գործընթացի շարունակումը։

«Հիմա ձեր տրամաբանությամբ գնանք, ասենք՝ մինչև այս հարցը չլուծվի, մենք չենք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ո՞նց եք կարծում՝ սա ավելի շուտ կմոտեցնի մեզ բոլոր հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե՞ եթե գնանք, ասենք՝ խաղաղությունը ստորագրում ենք, այս մի հարցում էլ ենք համագործակցում, այն մի հարցում էլ, և տեսանելի, շոշափելի ապագայում կստեղծվի իրավիճակ, որ այդ մնացող հարցերն էլ ավելի հեշտ կլինի հասցեագրել։ Ես կարծում եմ՝ այս երկրորդ ճանապարհը»,- հայտարարել է Միրզոյանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում