Վարչապետը երկաթուղիների միացման անհրաժեշտությամբ է բացատրել Ադրբեջանի հետ ԹՐԻՓՓ-ի տեխնիկական համաձայնեցումները
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ, քանի որ Հայաստանի տարածքում կառուցվող երկաթուղին պետք է միանա ադրբեջանական երկաթուղուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը նոյեմբերի 18-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։
Պատգամավորը խնդրել է պարզաբանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ նախագծի տեխնիկական պարամետրերի համաձայնեցման և եռակողմ աշխատանքային խմբի վերաբերյալ հայտարարությունը։
Փաշինյանը պատասխանել է, որ երկաթուղիների փոխկապակցումն անհրաժեշտ է դարձնում տեխնիկական համաձայնեցումները։
«Կա այսպիսի նրբություն․ հասկանո՞ւմ եք, որ երկաթուղին գնում է, պետք է միանա ուրիշ երկաթուղու»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ եռակողմ աշխատանքային ձևաչափը ստեղծվել է հենց այդ հարցերի քննարկման համար։
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկաթուղուն պետք է միանա մեր երկաթուղին, և այդ հարցերը, տեխնիկական պարամետրերը պետք է, այո՛, ակտիվ համաձայնեցվեն։ Եվ դա է պատճառը, որ ստեղծվել է նաև աշխատանքային եռակողմ խումբ»,- նշել է Փաշինյանը։
Նոյեմբերի 7-ին ՀՀ արտաքին գերատեսչության հրապարակած համատեղ հայտարարության համաձայն՝ Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են գործարկել տեխնիկական պլանավորման առաջին երկու խմբերը՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով։ Դրանց աշխատանքը ներառում է նաև տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ կապի ապահովման տեխնիկական հարցերը։