Մասիսի բժշկական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել հաջորդ տարվա սկզբին
2 րոպեի ընթերցում

Մասիսի բժշկական կենտրոնում այս պահին իրականացվում են հարդարման աշխատանքներ։ Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել դրանք, ապա կենտրոնը համալրել անհրաժեշտ սարքավորումներով և կահույքով։ Հաջորդ տարվա սկզբից բժշկական կենտրոնը կսկսի գործել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք փորձում ենք ամենալավն ապահովել մեր քաղաքացիների համար։ Որակական ցուցանիշների առումով որևէ զիջման չենք գնում, և սա սկզբունք է մեր բոլոր շինարարական ծրագրերի դեպքում։ Մինչև տարվա վերջ ակնկալվում է ավարտել հարդարման աշխատանքները Մասիսի բժշկական կենտրոնում, որից հետո կսկսվեն սարքավորումներով և կահույքով համալրման աշխատանքները։ Տարեսկզբից կսկսենք շահագործումը»,- նշել է նա։
Նախարարի խոսքով՝ Մասիսի բնակիչները երկար են սպասել բժշկական կենտրոնի բացմանը և շուտով հնարավորություն կունենան օգտվելու ժամանակակից, հարմարավետ և բարձրակարգ բուժհաստատությունից։
«Բժշկական կենտրոնում նախատեսվում է նաև նոր ծառայությունների ներդրում։ Մասնավորապես՝ այնտեղ արդեն տեղադրված է մամոգրաֆիկ սարքը։ Կենտրոնը կտրամադրի ինչպես վիրաբուժական, այնպես էլ հետազոտական նոր ծառայություններ՝ ընդլայնելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության շրջանակը»,-հավելել է Ավանեսյանը։
Նախարարը նաև հայտնել է, որ 2027 թվականին առողջապահության ոլորտի կապիտալ բնույթի ծախսերին հատկացվող 12,1 մլրդ դրամով նախատեսվում է կառուցել և վերակառուցել 39 առողջապահական կազմակերպություն և 11 բժշկական կազմակերպություն համալրել նորագույն սարքավորումներով ու գույքով: