Երևան–Աշտարակ ճանապարհին ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա է գրանցվել. Ավանեսյան
2 րոպեի ընթերցում

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Երևան–Աշտարակ ավտոճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք: Մեկ երեխան դուրս է գրվել, մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է, վիրահատվել է և ապաքինման փուլում է:
Երկու երեխաների առողջական վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ: Նրանք մեր բժիշկների ուշադրության կենտրոնում են: Ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին և շնորհակալությունս մեր բժիշկներին` նվիրված աշխատանքի, հոգատարության և յուրաքանչյուր կյանք փրկելու գործում ներդրած ջանքերի համար»,– գրել է նախարարը՝ ևս մեկ անգամ վարորդներին հորդորելով պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, լինել զգոն, համբերատար և պատասխանատու:
Հոկտեմբերի 24-ին ժամը 19։15-ի սահմանում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAZ» մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով 7 ուղևորից 3-ը մահացել են, որից մեկը՝ անչափահաս։ Երեխաներից 4-ը հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ էր։