Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով
2 րոպեի ընթերցում

2027 թվականի պետական բյուջեի նախագծով Առողջապահության նախարարության հատկացումները 2026 թվականի հաստատված բյուջեի համեմատ նախատեսվում է ավելացնել 65 տոկոսով՝ պայմանավորված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության համար նախատեսված հատկացումները։
Հովհաննիսյանն ընդգծել է, որ պետական մարմինների շրջանում բյուջետային հատկացումների ամենամեծ ավելացումը նախատեսված է Առողջապահության նախարարության համար։
«Առողջապահության նախարարությունն այն պետական մարմինն է, որն ամենամեծ ավելացումն է ստանալու այս բյուջեով։ Դա կազմում է 136 միլիարդ դրամ։ 2026 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելացումը կազմում է 65 տոկոս»,- հայտնել է ֆինանսների նախարարը։
Նա պարզաբանել է, որ ֆինանսավորման աճը կապված է այս տարվա սկզբից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր շահառուների ընդգրկման հետ։
«Մենք այս տարվա սկզբից ներդրել ենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, և, ըստ օրենքի, համակարգն ամեն տարի պետք է ընդլայնվի, նոր շահառուներ պետք է մտնեն այս համակարգ։ Մենք, ըստ էության, ապահովում ենք համակարգի սահուն աշխատանքը»,- նշել է Հովհաննիսյանը։
Նախարարն ընդգծել է նաև, որ այս հատկացումների անմիջական շահառուները քաղաքացիներն են, և վստահություն հայտնել, որ նրանք զգում են համակարգի դրական ազդեցությունն իրենց առողջության վրա։