Հայաստան

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտնել է, որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում թմրամիջոցների դեմ պայքարի հարցով պայմանավորվածություններ է ձեռք բերել մասնագիտացված ստորաբաժանումների հետ։ Նրա խոսքով՝ մասնագետները կժամանեն Հայաստան՝ քննարկելու այդ ուղղությամբ աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պողոսյանն այս մասին ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Դավիթ Ղազինյանի հարցին։

Ղազինյանը մտահոգություն է հայտնել թմրամիջոցների տարածման և ապօրինի զենքի շրջանառության վերաբերյալ՝ հարցնելով, թե Քննչական կոմիտեն ինչ քայլեր է ձեռնարկում իրավիճակը փոխելու համար։ Նա կարևորել է հատկապես թմրամիջոցների խոշոր մատակարարների և հանցավոր շղթաների բացահայտումը։

Պողոսյանն ընդգծել է, որ առաջնային խնդիրներից մեկը թմրամիջոցների ներթափանցումը երկիր կանխելն է։

«Խնդիրը հենց թմրամիջոցի կանխումն է՝ հենց մաքսանենգության պահին, որպեսզի թմրամիջոցը չներթափանցի Հայաստանի Հանրապետություն, չբաժանվի փոքր ծավալների։ Հետագայում դրանց բացահայտումն էականորեն բարդանալու է։ Այսինքն՝ խնդիրը հենց սկզբնական փուլում կանխելն է»,- նշել է ՔԿ նախագահը։

Անդրադառնալով թմրամիջոցների տարածման մեջ ներգրավված անձանց նկատմամբ կալանք պահանջելու վերաբերյալ հարցին՝ Պողոսյանը հայտնել է, որ իրացման կամ դրան օժանդակելու դեպքերում ՔԿ-ն միջնորդում է կալանք կիրառել։ Նրա խոսքով՝ բացառություններ են արվում այն դեպքերում, երբ անձը համագործակցում է քննության հետ՝ մատնանշելով թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը կամ հանցավոր կազմակերպության մյուս մասնակիցներին։

ՔԿ նախագահը նշել է նաև, որ գրանցված դեպքերի վիճակագրությունն ամբողջությամբ չի արտացոլում իրական պատկերը՝ հաշվի առնելով այդ հանցագործությունների թաքնված բնույթը։ Նրա խոսքով՝ թեև վիճակագրությամբ թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեպքերի նվազում է արձանագրվում, միայն այդ տվյալներով իրավիճակը գնահատելը բավարար չէ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում