Քննչական կոմիտեի նախագահն անհրաժեշտ է համարում կոմիտեում օպերատիվ ստորաբաժանում ստեղծելը
2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անհրաժեշտ է համարում կոմիտեի կազմում առանձին օպերատիվ ստորաբաժանման առկայությունը՝ քրեական վարույթների արդյունավետությունը բարձրացնելու համար։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պողոսյանն այս մասին հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։
Քոչարյանը հետաքրքրվել է՝ քննության ծավալների աճին համապատասխան բյուջետային միջոցները բավարա՞ր են արդյոք, և ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ կարող են բարձրացնել կոմիտեի աշխատանքի արդյունավետությունը։ Նա այդ համատեքստում անդրադարձել է նաև Քննչական կոմիտեի՝ սեփական օպերատիվ ստորաբաժանում չունենալուն։
Պողոսյանը նշել է, որ համակարգում արդեն իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ և ներքին վերադասավորումներով ստեղծվել են նոր ստորաբաժանումներ։ Միաժամանակ նա կարևորել է օպերատիվ աշխատանքի հնարավորությունների ընդլայնումը։
«Որոշ քրեական վարույթներով իրականում անհրաժեշտություն կա, որպեսզի Քննչական կոմիտեի կազմում, ըստ իս, լինի նաև առանձին օպերատիվ ստորաբաժանում՝ դրանից բխող հետևանքներով։ Ըստ իս՝ դա կնպաստի քրեական վարույթների արդյունավետության էլ ավելի բարձրացմանը։ Ես համակարգի զուտ շահի տեսանկյունից չեմ ներկայացնում, ես հանրային շահի տեսանկյունից եմ ներկայացնում և քրեական վարույթների արդյունավետության տեսանկյունից եմ ներկայացնում»,- ասել է Պողոսյանը։
Նա ընդգծել է, որ կոմիտեն ներկայում ակտիվորեն համագործակցում է այլ մարմինների օպերատիվ ստորաբաժանումների հետ։
Վկայակոչելով ԱԱԾ քննչական դեպարտամենտում իր աշխատանքային փորձը՝ Պողոսյանը նշել է, որ նույն համակարգում գտնվելը նպաստում էր տվյալների ավելի արագ փոխանակմանը։ Նրա խոսքով՝ քննիչը գործընթացին իրազեկ էր լինում օպերատիվ տվյալների ստացման սկզբնական փուլից և կարողանում էր համապատասխանաբար պլանավորել աշխատանքը։