ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին
2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պատրաստվում է ԱԱԾ տնօրենին գրություն ուղարկել բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի քննությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ։ Նա այդ հարցը դիտարկել է ազգային անվտանգության համատեքստում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պողոսյանն այս մասին հայտնել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։
Քոչարյանն անդրադարձել է բանակում մահվան դեպքերին՝ կարևորելով ոչ միայն հանցագործությունների բացահայտումը, այլև դրանց հանգեցնող խորքային պատճառների ուսումնասիրությունն ու կանխարգելումը։
Պողոսյանը հայտնել է, որ համապատասխան քրեական վարույթներն իր անմիջական հսկողության ներքո են։ Նրա խոսքով՝ կան բացահայտումներ և կալանավորված անձինք, իսկ քննությանը զուգահեռ վերլուծվում են նաև դեպքերի պատճառները։
«Սա ազգային անվտանգության խնդիր է, և հիմա դրանով մենք պրոցեսներ կսկսենք։ Առաջիկայում մեր հանրությունը նաև իրազեկ կլինի այդ բացահայտումներին։ Սա բոլոր դեպքերի մասին չի խոսքը, մի քանի դեպքեր արդեն այսպիսի ունենք»,- նշել է Պողոսյանը։
ՔԿ նախագահն ասել է, որ նախատեսվող գրությունը վերաբերում է հենց որոշ դեպքերով բացահայտված հանգամանքներին՝ ընդգծելով, որ իր գնահատականը չի տարածում բանակում ինքնասպանությունների բոլոր դեպքերի վրա։