Մշակույթ

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է

12 րոպեի ընթերցում

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է

«ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնը 18-րդ անգամ կհամախմբի լավագույն անիմացիոն ֆիլմերը, ոլորտի առաջատարներին՝ իրական տոն նվիրելով անիմացիոն կինոյի երկրպագուներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 7-14-ը Երևանում անցկացվող փառատոնը կմեկնարկի ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը» (Viva Carmen!) անիմացիոն երաժշտական դրամայի ցուցադրությամբ։ Այն տեղի կունենա Կինոյի տանը։

Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին տեղեկացրեց, որ փառատոնի այս տարվա պաշտոնական պաստառի հեղինակը լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի հայտնի անիմացիոն ռեժիսոր և նկարազարդող Զավեն Նաջարն է։ Պաստառի հիմքում հայկական դիցաբանության ամենակախարդական կերպարներից մեկը՝ թևավոր շուն Արալեզն է։ Հայկական առասպելներում այդ ոգիները հայտնի են իրենց կենարար ուժով. նրանք իջնում էին ռազմի դաշտ և լիզելով վերակենդանացնում ընկած հերոսներին։ 

Զավեն Նաջարը միշտ համագործակցում է «ՌեԱ» փառատոնի հետ։ Նախորդ փառատոններին ցուցադրվել են նրա «Ազդանշան» և «Աստված պարտավոր չէ» ֆիլմերը։ Քասունին նշեց, որ այժմ Նաջարն աշխատում է նոր նախագծի շուրջ, ուստի 18-րդ փառատոնին նոր ֆիլմով չի ներկայանա։

Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ չորրորդ անգամ անցկացնում են «ՌեԱ» ազգային պատկերապատման մրցույթն ու աջակցում են երեք լավագույն նախագծերի ֆինանսավորմանը, հեղինակներին հնարավորություն են տալիս զարգացնել իրենց նախագծերը։  Հաջորդ տարի էլ կհրատարակեն առաջին տեղը զբաղեցրած հեղինակի պատկերագիրքը։

Փառատոնի բացման օրից Հայաստանի կինոգործիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում հնարավոր կլինի ծանոթանալ ReAComics պատկերապատման ցուցահանդեսին, որտեղ ցուցադրվում են ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ հեղինակների աշխատանքները: Այս տարի ցուցադրությունը բաղկացած է լինելու «ՌեԱ» ազգային պատկերապատման 4-րդ մրցույթի մասնակիցների գործերից, ինչպես նաև տեղի կունենան անցյալ տարվա հաղթող Սոֆիա Միրզոյանի «Ժասմինն ու Բիմբիմը» գրքի շնորհանդեսը, Ջորդան Մեքների «Վերապրում» պատկերապատման պաստառների ցուցահանդեսը, Պակո Ռոկայի «Խորշոմներ» գրքի շնորհանդեսը, Արթ Շփիգելմանի «Մաուս» պատկերապատման պաստառների ցուցահանդեսը և «Միմյանց մասին» խորագրով Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների պատկերապատման դասի ավարտական աշխատանքներով ցուցադրությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նախընտրեց «ՌեԱ»-ի մասին խոսել թվերի լեզվով՝ նշելով՝ եթե քո երկրում կազմակերպվող փառատոնով հետաքրքրված  են աշխարհի 70-ից ավելի երկիր, 500 կինոարտադրող, և նրանցից միայն 100-ին է հնարավորություն տրվում հայտնվել փառատոնի հիմնական ծրագրում, նշանակում է՝ փառատոնն աշխարհի կինոքարտեզի վրա իր ուրույն տեղն ունի։

«Այս 18 տարվա ընթացքում անիմացիոն ֆիլմերի՝ ամեն ժամ, ամեն րոպե զարգացող աշխարհում այս փառատոնը կարողացել է ուրույն ձեռագիր ունենալ ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ «ՌեԱ»-ի շնորհիվ Հայաստանում  կինոյի երկրպագուները կառնչվեն հեղինակավոր ֆիլմերի հետ, երիտասարդները կարող են հարաբերվել համաշխարհային անիմացիոն նմուշների հետ ու մեծ էկրանին դիտել դրանք»,-ասաց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ փառատոնը լավ առիթ է նաև Հայաստանի անիմացիոն ֆիլմերի ստեղծագործական ներուժը ցուցադրելու համար։ Վիրաբյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում 30-ից ավելի հեղինակավոր հյուրեր են գալու Երևան։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ ընդգծեց, որ քաղաքապետարանը փառատոնի կողքին է եղել «ՌեԱ»-ի հիմնադրման օրվանից, և հետաքրքիր ճանապարհ են անցել։

Հաջորդ տարի նախատեսում են Հայաստանի 200 կրթական արտադպրոցական հաստատությունների հետ համագործակցել։  

«Գեղարվեստի, արվեստի, երաժշտական դպրոցներում սովորում են հազարավոր երեխաներ, որոնք ամենօրյա շփում ունեն նկարչության, անիմացիայի հետ։ Ցանկանում ենք նախարարության հետ համատեղ  փառատոնն ընդլայնել ու այդ երեխաներին ևս ընդգրկել «ՌեԱ»-ի շրջանակում։ Դա երեխաներին հնարավորություն կտա կապվել կինոյի, անիմացիայի հետ»,-վստահեցրեց Սարգսյանը։

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը հիշեցրեց, որ ամեն տարի մասնակցում են տարբեր կինոշուկաների՝ Բեռլին, Կան, Անսի և այլն։

«Այնքան հեշտ է աշխատել, երբ պարզվում է՝ երկիրդ նաև փառատոններով են ճանաչում։ Առաջին անգամ, երբ Կաննում էի և հաղորդակցվում էի անիմացիոն ոլորտի ներկայացուցիչների հետ, շատերն էին հարցնում՝ արդյոք կայանալո՞ւ է «ՌեԱ» փառատոնը։ Բոլորը ցանկանում են մասնակցել փառատոնին, որի միջոցով Երևանն ամեն տարի դառնում է միջազգային անիմացիոն ոլորտի հանդիպումների հարթակ»,-ասաց Բանուչյանը։

Նա հայտնեց, որ փառատոնի շրջանակում «Անիմացիա առանց կանոնների» խորագրով ցուցադրությամբ են ներկայանալու՝ ցուցադրության մեջ ընդգրկելով  1970-1980-ականների անիմացիոն կինոժառանգությունը։

«Սա խորը պատմություն ունի. երբ զրուցում ես «Հայֆիլմ»-ի նախկին աշխատակիցների հետ, ասում են, որ անիմացիայի արտադրամասը խորհրդային տարիներին ամենաըմբոստն է եղել։ Անիմատորները ստեղծագործական առումով շատ ազատ էին, և ցուցահանդեսը մեզ հնարավորություն է տալիս հենց այդ ըմբոստ ռեժիսորների, ստեղծագործողների էսքիզներին ծանոթանալ։ Ցուցադրվելու են «Արձագանք», «Երջանիկ ավարտ», «Փարվանա», «Մկների ժողով», «Կացին», «Միջանցք», «Սեղմակոճակ» և «Ձախորդ Փանոս» ֆիլմերի էսքիզները»,-տեղեկացրեց նա։

Հետաքրքիր նորություններն այսքանով չեն սահմանափակվում. Հայաստանի կինոյի հիմնադրամը «ՌեԱ» փառատոնին կներկայացնի նաև ֆրանսահայ անվանի ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների շարքը։ Ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին  «Նաիրի» կինոթատրոնում։ Բացման արարողությանը ներկա կլինի անձամբ Սերժ Ավետիքյանը։ Բանուչյանի խոսքով՝ շատերը նրան ճանաչում են որպես դերասանի, այնինչ Ավետիքյանն ունի երեք անիմացիոն ֆիլմ, որոնցից «Շների կղզի»-ն Կաննի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին։

Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված են 2026 թվականի աշխարհի լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմերից մի քանիսը՝ ֆրանսիացի ռեժիսոր Լուի Կլիշիի «Երկաթյա տղան», ֆրանսիացի ռեժիսոր Օլիվիե Կլերի «Լյուսիին որոնելիս», ռեժիսորներ Էրվին Հանի և Ռաուլ Գարսիայի «Ջութակահարուհին», Կոհեյ Կադովակի «Տարբեր աշխարհներից», Լիա Նելսոնի «Հանգույցներ», Ադրիա Գարսիայի «Բարուկադա գանձը», Ալբերտ Վասկեսի «Դեկորադո» եւ ,իհարկե, ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը»  ֆիլմը։

Փառատոնի կարևոր բաղադրիչներից է ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված «ՄարԱնի» (Market of Animation) ֆորումը, որն անիմացիոն կինոյի, կոմիքսների, խաղերի և վիզուալ արվեստների ոլորտի տարածաշրջանային խոշորագույն մասնագիտական շուկան և միջոցառումն է։ Կանցկացվի նոյեմբերի 9-ից 11-ը ՀԲԸՄ (AGBU)-ում։

CoReAct համարտադրության հարթակում այս տարի ներկայացված է հայաստանյան անիմատորների 12 նախագիծ, որոնք մասնակիցները կներկայացնեն միջազգային ժյուրիին՝ ունենալով աշխատանքային ու գաղափարային քննարկումներ։

Այս տարի առաջին անգամ «ՌեԱ» փառատոնն անցկացնում է ReA Academy Lab-ը պրոդյուսերների, սցենարիստների և վիզուալ արվեստագետների համար։ Ծրագիրը նախատեսված է միջին փորձառություն ունեցող մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները։ Լաբորատորիայի նպատակն է խորացնել մասնագիտական կարողությունները, ծանոթացնել միջազգային արտադրական և համատեղ արտադրության գործելակերպերին և կապ ստեղծել Հայաստանի մասնագիտական միջավայրի ու միջազգային անիմացիայի ոլորտի միջև։

Նոյեմբերի 8-28-ը ReA փառատոնը՝ Rambalkoshe-ի հետ միասին, առաջին անգամ ներկայացնում է ARCANE-League of Legends ցուցահանդեսը Հայաստանում։ Այցելուները հնարավորություն կունենան հայտնվել հայտնի անիմացիոն սերիալի ստեղծագործական աշխարհի յուրահատուկ իրականության մեջ։

Փառատոնն այս տարի անակնկալ է պատրաստել նաև երաժշտասերների համար․ նոյեմբերի 14-ին Կինոյի տանը տեղի կունենա «ՋԱԶ երեխաների համար» (JAZZ for KIDS) համերգը։ Այն իրականություն են դարձրել «ՌեԱ» փառատոնը և ReAct production-ը՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին կլինի մուլտֆիլմերի պրոյեկցիա։ Փոքրիկների կողմից արդեն սիրված այս նախագծի հեղինակն է ջազ երաժիշտ Կարեն Գրիգորյանը:

Փառատոնը նաև հագեցած է հետաքրքիր աշխատարաններով․ իրենց փորձը կփոխանցեն իլյուստրատոր, կերպարների կոնցեպտ արտիստ և արտ դիրեկտոր Իգոր Հերաս Ֆերնանդեսը, գրաֆիկական վեպերի հեղինակ, նկարազարդող, սցենարիստ և լեգենդար Prince of Persia խաղերի ստեղծող Ջորդան Մեքները, անիմացիոն նկարիչ Արմին Թաղդիսիրադը։ Կանցկացվի անիմատոր Դեն Ֆրանկեի դասախոսությունը, իսկ նկարիչ Դիանա Եղիկյանը վարպետության դաս կանցկացնի։ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային 18-րդ փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

Փառատոնին աջակցում են նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը, Իսպանական մշակութային գործունեությունը (AC/E)։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում