Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի աշխատակազմի նախաձեռնությամբ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում, որը ներկայացվել է թանգարանի աշխատակիցների և թատրոնի դերասանների համատեղ ուժերով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանը, միջոցառմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի, տարածաշրջանի կրթամշակութային հաստատությունների, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է ավանդական հարսանիքի ողջ բովանդակությունը՝ իր գեղեցիկ ծեսերով և Նոր Բայազետին բնորոշ սովորույթներով ու ավանդույթներով:
Այն ուղեկցվել է կենդանի երաժշտության, ուրախ երգ ու պարի մթնոլորտում, բեմական փոքրիկ դրվագների ներկայացմամբ։
Գեղարվեստական կատարումներով հանդես են եկել Գավառի մշակութային հաստատությունների պարային խմբեր և անհատ կատարողներ։
«Նախաձեռնության նպատակն էր պահպանել, արժևորել և սերունդներին փոխանցել հայկական ազգային ավանդույթները և Գավառի տարածաշրջանին բնորոշ մշակութային առանձնահատկությունները։ Կարծում ենք, որ միջոցառումը ծառայեց բուն նպատակին, իսկ հանդիսատեսը մեզ հրաժեշտ տվեց հաճելի տպավորություններով»,-ներկայացրեց Մարիաննա Մուսոյանը։