Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի մանկապարտեզում նոր խումբ է բացվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի նախաձեռնությամբ և մի շարք կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ Մեծ Մասրիկի մանկապարտեզում իրականացվել են կարևոր բարեփոխումներ՝ ստեղծելով երեխաների կրթության, խնամքի և զարգացման համար առավել բարենպաստ ու ժամանակակից պայմաններ։
Մանկապարտեզում բացվել է նոր խումբ, իսկ մյուս խումբը տեղափոխվել է բարեկարգված և սահմանված չափորոշիչներին համապատասխանող տարածք՝ ապահովելով փոքրիկների առօրյայի առավել հարմարավետ կազմակերպումը։
Կազմակերպված միջոցառման ընթացքում Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն իր երախտագիտությունն է հայտնել ծրագրի իրականացմանն աջակցած գործընկերներին։
Համայնքի ղեկավարը, բարձր գնահատելով գործընկերների ներդրումն ու պատրաստակամությունը, շնորհակալագրեր է հանձնել նախաձեռնության իրականացմանն աջակցած կազմակերպություններին և բարերարներին՝ Երևանի «Ռոթարի ակումբին», Դեաննե Գեորգետտե Յոունգին, «Դու մենակ չես» բարեգործական հիմնադրամին, ԱՄՆ «Փարոս» հիմնադրամին, «Ֆոքս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպությանը։