Մշակույթ

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

7 րոպեի ընթերցում

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնը, որը հասցրել է իր ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի մշակութային իրականությունում, երրորդ անգամ իր շուրջ կհամախմբի մեծ ճանաչում վայելող ֆլեյտահարների, երաժշտագետների, ինչպես նաև ուսանողների Եվրոպայի և Ասիայի 16 քաղաքից։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Ֆլեյտայի կամուրջներ» միջազգային նախագծի համագործակցությամբ նոյեմբերի 1-7-ն իրականացվող փառատոնին նախատեսված է երեք համերգ, ավելի քան 100 վարպետության դասեր, դասախոսություններ և ստեղծագործական հանդիպումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը շեշտեց՝ իրենց համար պատիվ է փառատոնը հյուրընկալելը։ «Հետզհետե մեր փառատոնը զարգանում, ընդլայնվում է։ Այս տարի ևս ունենք ֆլեյտահարների աստղաբույլ՝ աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներից։ Հատուկ հյուրն է աշխարհահռչակ թավջութակահար, արդեն նաև դիրիժոր Նարեկ Հախնազարյանը, որը փառատոնի բացման համերգին կղեկավարի KVart նվագախումբը։ Հուսով եմ՝ այս տարի ևս մեր երկրում ֆլեյտայի իրական տոն կլինի»,-ասաց նա։

Մանասյանը տեղեկացրեց՝ փառատոնին առաջին անգամ նաև ջազ երաժշտություն կհնչի, իսկ համերգներից մեկի ավարտից հետո՝ էլեկտրոնային երաժշտություն։

Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանը ևս փաստեց, որ բարձրակարգ երաժիշտներ են մասնակցում փառատոնին։ «Մենակատարներ ունենք Շվեյցարիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Հայաստանից։ Սպասված մենակատարներից է հանրահայտ ֆլեյտահար Վենսան Լյուկան։ Նա Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, De Paris նվագախմբի մենակատարն է։ Այն փաստը, որ  փառատոնի մասնակիցների թիվը մեծացել է, խոսում է այն մասին, որ Եվրոպայում և Ռուսաստանում մեր փառատոնը լավ գիտեն։ Շատ երաժիշտներ ամեն տարի փառատոնին մասնակցելու մեծ ցանկություն են հայտնում»,-հավաստիացրեց Վիրաբյանն ու հավելեց՝ անգամ տասնամյակներ գործող ֆլեյտայի փառատոնները ոչ հաճախ կարող են իրենց թույլ տալ նվագախմբի մասնակցությամբ համերգներ իրականացնել։

Նրա խոսքով՝ փառատոնի ամենանշանակալի արդյունքն այն է, որ ոլորտի թոփ աստղերը սիրով են գալիս Հայաստան։ Կան երաժիշտներ, որոնք երրորդ անգամ են մասնակցում փառատոնին։ Հաջողության ցուցանիշներից է մասնակիցների թվի աճը։ Վիրաբյանը կարծում է՝ շատերը լավ չգիտեն, թե ինչ գործիք է ֆլեյտան, սակայն իրենք համառորեն աշխատում են այն հանրահռչակելու ուղղությամբ։ Հայաստանում ֆլեյտային նվիրված տարբեր համերգներ են կազմակերպվում, Գյումրիում ֆլեյտայի միջազգային ամառային դպրոց է գործում և այլն։

Փառատոնի համակազմակերպիչ, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, որը նաև KVart-ի ղեկավարն է, նշեց՝ փորձերն արդեն մեկնարկել են, անում են հնարավորը՝ բարձրակարգ համերգներ անցկացնելու համար։

«Որպես Հայաստանում ապրող և այստեղ դասավանդող երաժիշտ՝ ցանկանում եմ ասել, որ մեր փառատոնի շնորհիվ ֆլեյտայի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։ Գործիքը հետաքրքրում է երիտասարդներին։ Համերգները, որոնք անցկացվել են նախորդ փառատոններին, շատ կարևոր էին արդեն կայացած և կայացող ֆլեյտահարների համար։ Փառատոնը նրանց համար առաջին և միակ հնարավորությունն էր կենդանի ունկնդրել բարձրակարգ ֆլեյտահարների, տեսնել, թե աշխարհում ինչ է տեղի ունենում։ Վարպետության դասերի ընթացքում շփումն օտարերկրացի երաժիշտների հետ նույնպես նպաստել է նրան, որ երիտասարդները տեսնեն, հասկանան, թե ինչքան տաղանդավոր ֆլեյտահարներ կան։ Հայաստանը ֆլեյտայի աշխարհում բավականին լուրջ խաղացող է դարձել. թե՛ բաց, թե՛ շշուկով խոսում են մեր փառատոնի մասին»,-շեշտեց Ավագյանը։

Փառատոնի մասնակիցներից է ֆլեյտահար Էլեն Վիրաբյանը, որը 2026 թվականին «Պատանի կատարողների դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակին՝ ներկայացնելով Հայաստանը։

Ըստ նրա՝ փառատոնը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, այն երաժիշտների համար, որոնց հնարավորություն է տրվում մասնակցել մի շարք վարպետության դասերի, հանդես գալ հայտնի արտիստների կողքին։ «Ամեն օր չէ նման իրադարձություն տեղի ունենում։ Տարբեր երկրների մասնակիցները շատ ուրախ են, որ կարող են շփվել այլ երաժիշտների հետ, փորձով փոխանակվել, զարգացնել երաժշտական կարողությունները»,-ասաց Էլենը։

Փառատոնային համերգները տեղի կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, մյուս միջոցառումները՝ ֆիլհարմոնիայի այլ հարթակներում։

Մասնակիցների թվում են միջազգային ճանաչում ունեցող ֆլեյտահարներ՝ Վենսան Լյուկան (Ֆրանսիա), Սիլվիա Կարեդդուն (Իտալիա), Ռիկարդո Չելակին (Իտալիա), Ֆելիքս Ռենգլին (Շվեյցարիա), Եվգենյա Շպալինգերը (Շվեյցարիա), Մարիա Ֆեդոտովան (Ռուսաստան), Վասիլիսա Մելնիկովան (Ռուսաստան), Զոֆիա Լազարը (Հունգարիա), Բենեդեկ Չալոգը (Հունգարիա), Երժան Կուշանովը (Ղազախստան), Զառա Փարվանյանը (Հայաստան / Ռուսաստան), Էլեն Վիրաբյանը (Հայաստան / Ռուսաստան), Նարեկ Ավագյանն (Հայաստան) ու Արման Աբրահամյանը (Հայաստան)։

Այս փառատոնի առանձնահատկություններից է ֆլեյտայի՝ հազվադեպ հանդիպող տեսակների ներկայացումը։ Առաջին անգամ Հայաստանում կհնչեն բաս ֆլեյտա և Բարոկ դարաշրջանի ֆլեյտա՝ տրավերսո։ Համերգային ծրագրերում ընդգրկված են նաև ալտ և պիկոլո ֆլեյտաներ։ Սպասվում են մի քանի ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։

Փառատոնը միավորում է Արևելքի և Արևմուտքի տարբեր մշակույթներ, կատարողական դպրոցներ և սերունդներ։ Փառատոնի մասին միջազգային հրապարակումներից մեկում այն բնութագրվել է որպես «ֆլեյտայի կամուրջ Ասիայի և Եվրոպայի, Արևմուտքի և Արևելքի միջև»։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում