Տնտեսություն

Ֆինանսների նախարարը 2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ

2 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարը 2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 2026 թվականին կենսաթոշակների բարձրացման հնարավորությունն առաջացել է նախատեսվածից ավելի բարձր եկամուտների և հարկերի հավաքման բարելավված ցուցանիշների շնորհիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նախարարն այս մասին ասել է՝ պատասխանելով պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցին։

Ղազարյանը հիշեցրել է, որ նախորդ բյուջետային քննարկումների ժամանակ Կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին կենսաթոշակները բարձրացնելու ֆինանսական հնարավորության բացակայության մասին։

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը բացատրել է, որ բյուջեն կազմվում է տվյալ պահին առկա տնտեսական և հարկային կանխատեսումների հիման վրա։ Նրա խոսքով՝ 2025 թվականի սեպտեմբերին առկա գնահատականները կենսաթոշակների բարձրացման հնարավորություն չէին տալիս, սակայն տարվա փաստացի արդյունքներն ավելի լավն են եղել։

«Երբ մենք փաստացի 2025 թվականի արդյունքներով ունեցանք ավելի շատ եկամուտներ և ավելի շատ տնտեսական աճ, մեզ համար արդեն պարզ էր, որ 2026 թվականի եկամուտներն առնվազն 45–50 միլիարդով ավելի են լինելու, քան մենք պլանավորել էինք։ Արդեն տարվա սկզբում մեզ համար դա պարզ էր»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ հավելյալ եկամուտներով հասանելի էր դարձել կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ միջոցների առնվազն կեսը։ Հետագայում տնտեսական զարգացումները և հարկերի հավաքման տեմպերը հնարավորություն են տվել օգտագործելու նաև մակրոտնտեսական ռիսկերի պահուստը, որը նախատեսված է եկամուտների հնարավոր պակասը ծածկելու համար։

Նախարարը նաև հայտնել է, որ 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը նախկին 5,4 տոկոսից վերանայվել է մինչև 5,6 տոկոս։ Նրա խոսքով՝ եթե փաստացի աճն ու հարկային եկամուտները կանխատեսվածից ավելի բարձր լինեն, Կառավարությունը կորոշի հավելյալ միջոցների օգտագործման ուղղությունները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում