Տնտեսություն

Քաղաքացիները հնարավորություն կստանան սոցիալական կրեդիտներն ուղղել նաև ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

3 րոպեի ընթերցում

Քաղաքացիները հնարավորություն կստանան սոցիալական կրեդիտներն ուղղել նաև ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով քաղաքացիներին հնարավորություն կտրվի իրենց սոցիալական կրեդիտներն ուղղել նաև հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և կուսակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը գործադիրի սեպտեմբերի 17-ին ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Հայաստանում գործում է եկամուտների հայտարարագրման համակարգը, որի շրջանակներում քաղաքացիները հնարավորություն ունեն սոցիալական կրեդիտների միջոցով հետ ստանալու առողջապահական և կրթության բնագավառում կատարած ծախսերի մի մասը: Կառավարությունն առաջարկում է ընդլայնել սոցիալական կրեդիտների կիրառման շրջանակը՝ դրանում ներառելով նաև ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտներին և կուսակցություններին: Ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին՝ քաղաքացիները կարող են հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և ԱՁ-ներին, կուսակցություններին»,- ասաց նախարարը։

Վահե Հովհաննիսյանը նշեց՝ հարկային մարմնում ստեղծվելու են ցանկեր, որը հրապարակվելու է։ Ցանկերում կարող են ներառվել Կառավարության սահմանած չափանիշներին բավարարող և իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ հարկային մարմնին հաշվետվություն ներկայացրած հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները և կուսակցությունները:

«Ֆիզիկական անձինք հայտարարագիր ներկայացնելու ժամանակ ընտրելու են կազմակերպությունը, նշելու են հատկացվող գումարի չափը և պետական գերատեսչությունները կազմակերպելու են գումարի փոխանցման գործընթացը: Հատկացում կարող է կատարվել միաժամանակ որևէ ՀԿ-ի, լրատվամիջոցի և կուսակցության: Հատկացվող գումարի առավելագույն չափերը, շրջանակը, չափանիշներն ու հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ցանկը սահմանվելու է Կառավարության որոշմամբ»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ առաջարկվող կարգավորումների նպատակը հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, կուսակցությունների ֆինանսական անկախության և թափանցիկության բարձրացման, ազատ և անկողմնակալ խոսքի զարգացման կառուցակարգերի ձևավորումն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում