Տնտեսություն

Հայաստանում զարգացել է հարկերը կամավոր վճարելու մշակույթը․ Ֆինանսների նախարար

4 րոպեի ընթերցում

Հայաստանում զարգացել է հարկերը կամավոր վճարելու մշակույթը․ Ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում զարգացել է հարկերը կամավոր կերպով վճարելու մշակույթը, քանի որ քաղաքացիները տեսնում են, որ իրենց վճարած հարկերն ուղղվում են հանրային ծառայությունների ընդլայնմանն ու բարելավմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը ներկայացնելիս՝ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներն ավելի վստահ են, որ իրենց կողմից վճարվող հարկերը վերածվում են հանրային ծառայությունների և ենթակառուցվածքային բարելավումների։

«Ոգևորությամբ պետք է արձանագրել, որ հարկերը կամավոր կերպով վճարելու մշակույթը մեր երկրում զարգացել է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլևս վստահ են, որ իրենց կողմից վճարված հարկերն ուղղվում են իրենց իսկ մատուցվող ծառայությունների ընդլայնմանը և լավարկմանը»,- ասաց Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ պետության և քաղաքացու հարաբերության հիմքում դրված է այն մոտեցումը, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, իսկ մարդը՝ պետությանը։

«Մենք գործում ենք համատեղ՝ առաջնորդվելով «պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը» բանաձևով։ Եվ հունիսի 7-ին մեզ տրված քվեն հենց այս տրամաբանության հաստատումն է»,- նշեց նա։  

Հովհաննիսյանի խոսքով՝ պետությունը միջավայրաստեղծ աշխատանք է իրականացնում՝ կայուն և կանխատեսելի ձեռնարկատիրական միջավայրի ձևավորման, ներդրումների պաշտպանության, հավասար մրցակցային պայմանների ապահովման, ինչպես նաև աշխատողների իրավունքների պաշտպանության ուղղություններով։

Նախարարը նշեց, որ հարկերի միջոցով պետական բյուջե վճարվող գումարները պետք է ուղղվեն հանրային բարիքների ստեղծմանը՝ սոցիալական, պաշտպանական, առողջապահական, կրթական, գիտական, մշակութային, բնապահպանական և այլ ոլորտներում խնդիրներ լուծելու նպատակով։

Նրա խոսքով՝ միայն պետության միջոցով է հնարավոր ձևավորել հանրային ռեսուրսների հավաքագրման և ծախսման այնպիսի համակարգ, որը կապահովի անվտանգային միջավայր, պաշտպանունակություն, իրավակարգ, մրցակցային և գործարար միջավայր, ինչպես նաև այլ հանրային բարիքներ։

Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ հարկային բեռը պետք է արդարացիորեն բաշխված լինի տնտեսության տարբեր ոլորտների, գործունեության տեսակների, հարկման համակարգերի և սոցիալական խմբերի միջև։

Նախարարի խոսքով՝ եթե կիրառվում են օրենքով սահմանված հարկային արտոնություններ, ապա դրանք պետք է բխեն Կառավարության տնտեսական զարգացման առաջնահերթություններից, տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունից և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտությունից։

«Չկան արտոնյալ կարգավիճակ ունեցողներ, որոնք հնարավորություն ունեն առանց հարկեր վճարելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել և դրանով անհավասար մրցակցային պայքարի մեջ մտնել բարեխիղճ հարկ վճարողների հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարը հավելեց, որ վերջին 5 տարիների տնտեսական աճը ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ։

«Անցյալ 5 տարիների թռիչքաձև տնտեսական աճն ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ, որի մասին վկայում են կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշների դրական դինամիկաները»,- նշեց նախարարը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում