Հայաստան

ԶՊՄԿ-ն երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է CaseKey ծրագրին՝ ուսանողներին հնարավորություն տալով բացահայտել ՀՀ արդյունաբերությունը

9 րոպեի ընթերցում

ԶՊՄԿ-ն երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է CaseKey ծրագրին՝ ուսանողներին հնարավորություն տալով բացահայտել ՀՀ արդյունաբերությունը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) երկրորդ տարին անընդմեջ աջակցում է CaseKey կրթական նախաձեռնությանը՝ հնարավորություն տալով Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներին ծանոթանալ երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկին՝ հանքարդյունաբերությանը, և իրենց գիտելիքները կիրառել իրական բիզնես խնդիրների լուծման համար։

CaseKey-ը միջազգային ձևաչափով անցկացվող բիզնես խնդիրների լուծման ուսանողական մրցույթ է, որը ՀՀ-ում իրականացվում է 2021 թվականից։ Նպատակն է կամրջել ակադեմիական կրթությունն ու գործարար միջավայրը՝ երիտասարդներին հնարավորություն տալով աշխատել իրական ընկերությունների գործնական խնդիրների վրա, մշակել ռազմավարական լուծումներ և ներկայացնել դրանք ոլորտի մասնագետներին։  

Մրցույթը ներառում է նաև կրթական և մենթորական բաղադրիչներ՝ նպաստելով մասնակիցների վերլուծական մտածողության, թիմային աշխատանքի և գործարար հմտությունների զարգացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԶՊՄԿ-ն իր բիզնես քեյսը փոխանցել է մրցույթին մասնակցող 17 թիմի։ Արդյունքում եզրափակիչ փուլ են անցել չորս լավագույն թիմերը՝ պայքարելով մրցանակային երեք տեղերի համար։

Համագործակցության շրջանակում նախորդ և այս տարվա ընթացքում մի քանի տասնյակ ուսանողներ տարբեր խմբերով այցելել են ԶՊՄԿ և ծանոթացել կոմբինատի արտադրական գործընթացներին։ Նրանք այցելել են հանքավայր և Արծվանիկի պոչամբար, շփվել մասնագետների ու ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ անմիջական պատկերացում կազմելով ժամանակակից հանքարդյունաբերության մասշտաբների, տեխնոլոգիաների և մասնագիտական բազմազանության մասին։

ԶՊՄԿ-ի համար նման նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն երիտասարդների մասնագիտական զարգացմանն աջակցելու, այլև Հայաստանի տնտեսության հիմնարար ճյուղերից մեկը նոր սերնդին ներկայացնելու տեսանկյունից։ Հանքարդյունաբերությունը գիտելիքահեն, տեխնոլոգիապես բարդ ոլորտ է, որտեղ կիրառվում են տասնյակ մասնագիտությունների գիտելիքներ՝ երկրաբանությունից և ճարտարագիտությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, բնապահպանություն և կառավարում։

«Nation2.0» հասարակական-կրթական կազմակերպության համահիմնադիր և CaseKey մրցույթի համակազմակերպիչ  Հովհաննես Երիցյանը նշեց, որ մրցույթի բուն նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է բուհական տարիներից ուսումնասիրել իրական քեյսերը։

«Նրանք բուհն ավարտելուց հետո աշխատաշուկա մտնելիս կամ սեփական գործը սկսելիս կարող են որոշումներ կայացնել ոչ միայն տեսական գիտելիքի, այլև ձեռք բերված փորձի հիման վրա։  Նպատակն ավելի բանիմաց երիտասարդներ ունենալն է, ովքեր արդեն բիզնեսում ներգրավելու արդյունքում կարող են երիտասարդ սերնդին փոխանցել CaseKey-ի ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքն ու փորձառությունը»,- ասաց Երիցյանը։ 

Նա հավելեց, որ ԶՊՄԿ-ի հետ իրենք աշխատում ենք արդեն երկրորդ տարին, և այդ աշխատանքը եղել է ամենաարդյունավետներից մեկը։

«Մենք առհասարակ արդեն վեց տարի է, ինչ իրականացնում ենք նմանատիպ մրցույթներ։ Համագործակցելով ԶՊՄԿ-ի հետ՝ փորձեցինք ոչ թե կիրառել նախորդ տարվա փորձը, այլ կատարել ավելի լավ աշխատանք։ Մասնավորապես հասկացանք, որ ՀՀ-ում մարդիկ հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ խորքային պատկերացում չունեն, լավ չեն պատկերացնում ոլորտի բերած օգուտը երկրին կամ խորությամբ չեն ընկալում, թե տնտեսական և սոցիալական առումներով ինչ նպատակներ ունի հանքարդյունաբերությունը։ Այդ ամենը մարդկանց հասանելի դարձնելու լավագույն մեթոդը ԶՊՄԿ-ի քեյսի ներկայացումն է ուսանողներին»,- ասաց Երիցյանը։

Ուսանողների մեծ հետաքրքրությունն ու ակտիվ քննարկումները վկայում են, որ ոլորտին անմիջական ծանոթությունը հնարավորություն է տալիս բացահայտել դրա հաճախ քիչ հայտնի կողմերը և ձևավորել սեփական, փաստերի վրա հիմնված պատկերացումները։

Մրցույթի ժյուրիի անդամ, «Գրանդ Թորնթոն Հայաստան» ընկերության որակի և ռիսկերի կառավարման ղեկավար Ալինա Շիրինյանը նշեց, որ այս տարի թիմերին տրվել էր առաջադրանք՝ ներկայացնել ռազմավարական լուծում այն հարցին, թե արդյոք ԶՊՄԿ-ն պետք է շարունակի իր ընդլայնումը, թե մնա արտադրության նույն ծավալների վրա՝ հաշվի առնելով մի շարք սահմանափակող գործոնները, ինչպիսիք են լիցենզիայի ժամկետը, պղնձի գնի տատանումները միջազգային շուկայում, պոչամբարների հնարավորություններն ու առկա այլ խնդիրները։ 

«Թիմերը բավականին լավ լուծումներ էին առաջարկել, արել էին բավականին խորը վերլուծություններ, հաշվի էին առել և՛ բնապահպանական խնդիրները, և՛ համայնքների վրա ԶՊՄԿ-ի գործունեության ազդեցությունը։ Նրանք հաշվի էին առել ՀՀ-ի դերը՝ որպես խոշորագույն բաժնետերերից մեկն ընկերությունում։ Բավականին լավ տեսակետներ կային նաև նորարարությունների առումով, թե ինչպես կարելի է նվազեցնել ծախսերն ու բացասական բնապահպանական ազդեցությունները»,- ասաց Շիրինյանը։

Քանի որ այս տարի համագործակցությունը շարունակվում է նաև CaseKey-ի հիմնական մրցույթի շրջանակում, ուստի ԶՊՄԿ-ն մասնակից թիմերին ներկայացրել է ընկերության գործունեության հետ կապված իրական բիզնես խնդիր։ Ուսանողներն այժմ աշխատում են դրա լուծման տարբերակների վրա՝ կիրառելով իրենց վերլուծական, ռազմավարական մտածողության և թիմային աշխատանքի հմտությունները։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը նշեց, որ կոմբինատն ունի արտադրական ծավալի ավելացման պլան՝ ներկայիս 22 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանումը հասցնել տարեկան 30 միլիոն տոննայի։

«Մեզ համար շատ հետաքրքիր էր, թե ուսանողական թիմերն ինչպիսի առաջարկներ կարող են այդ կապակցությամբ անել, թեև մենք բնականաբար ինքներս գիտենք, թե ինչպես ենք դա անելու։ Պարզապես հետաքրքիր էր լսել ուսանողների կարծիքները։ Շատ գաղափարներ մենք նույնիսկ միասին քննարկել ենք, որովհետև այդ գաղափարները լսում ենք նրանցից, ովքեր ապագայում զբաղեցնելու են տարբեր պաշտոններ, ներգրավված են լինելու տարբեր ոլորտներում՝ կազմելով մեր հասարակության  կարևորագույն մասը։ Մրցույթի շնորհիվ առաջատար բուհերի ուսանողները նաև օբյեկտիվ կարծիք են կազմում Հայաստանի համար կարևորագույն ոլորտի մասին ՝ձեռք բերելով պրակտիկ գիտելիքներ։ Մեր կանխատեսումների համաձայն՝ 2027 թվականին ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսն ապահովելու է հանքարդյունաբերությունը, իսկ դա ոչ միայն տնտեսական աճ է, այլև նոր աշխատատեղեր, ուստի հույս ունենք, որ ներկա ուսանողներից շատերը կընտրեն մեր ոլորտը»,- ասաց Ջհանյանը։   

ԶՊՄԿ-ում կարևորում են կրթության և իրական արտադրության միջև կապի ամրապնդումը։ Ընկերության համոզմամբ՝ երիտասարդներին Հայաստանի արդյունաբերական ներուժին ծանոթացնելու լավագույն ճանապարհը նրանց հնարավորություն տալն է սեփական աչքերով տեսնել, ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես է գործում տնտեսության այս կարևոր ճյուղը։

ԶՊՄԿ-ի բիզնես քեյսը լուծելու փուլում հաղթող ճանաչվեց ուսանողների «Polaris» թիմը, որի ներկայացուցիչ, Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանող Կամո Միտոյանը հպարտությամբ նշեց, որ իրականում շատ լավ զգացողություն է նման ներկայացուցչական մրցույթում հաղթելը։

«Մեր ամբողջ թիմն ունեցել է անքուն գիշերներ, որովհետև շատ երկար ժամանակ ենք տրամադրել առանձին քեյսերի ուսումնասիրությանը։ Հանքարդյունաբերությունը բավականին մեծ ու հետաքրքիր ոլորտ է, որտեղ կան բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հանգամանորեն ուսումնասիրվեն, որպեսզի կարողանանք ճիշտ լուծումներ գտնել առկա խնդիրների համար։ Մենք ուրախ կլինենք մրցույթից հետո հանդիպել ԶՊՄԿ-ի տնօրինության հետ և խոսել հնարավոր համագործակցության մասին, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչով կարող ենք օգտակար լինել կոմբինատին»,- ասաց Միտոյանը։

Մրցույթում երկրորդ մրցանակակիր դարձավ «Adepta» թիմը, իսկ երրորդ տեղը գրավեց «Zephyrus» թիմը։ Ի դեպ, CaseKey-ը երիտասարդների համար նաև միջազգային հարթակ դուրս գալու հնարավորություն է ստեղծում․ ծրագրի լավագույն մասնակիցներից ձևավորված թիմերը Հայաստանը ներկայացնում են տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցույթներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում