Տնտեսություն

Ավելի քան 1,6 տրիլիոն դրամ կենսաթոշակային կուտակումներ. ինչո՞ւ է կարևոր ֆոնդի գիտակցված ընտրությունը

9 րոպեի ընթերցում

Ավելի քան 1,6 տրիլիոն դրամ կենսաթոշակային կուտակումներ. ինչո՞ւ է կարևոր ֆոնդի գիտակցված ընտրությունը

Ո՞ւմ են վստահում իրենց կենսաթոշակային միջոցների կառավարումը Հայաստանի քաղաքացիները։

Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգում հաշվառվում է ավելի քան մեկ միլիոն կենսաթոշակային հաշիվ, իսկ ֆոնդերի զուտ ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցել է 1,6 տրիլիոն դրամը։ Կենտրոնական դեպոզիտարիայի հրապարակած այս ցուցանիշները վկայում են, որ ավելի քան մեկ տասնամյակ գործող համակարգը դարձել է Հայաստանի ֆինանսական շուկայի կարևոր բաղադրիչներից մեկը։ Տարիների ընթացքում զգալիորեն աճել է համակարգի մասնակիցների թիվը։ Ըստ ՀՀ Կառավարության տվյալների, եթե 2017 թվականի վերջին պարտադիր կենսաթոշակային ֆոնդերն ունեին շուրջ 326 հազար մասնակից, ապա 2021 թվականի վերջին նրանց թիվը հասել էր 672 հազարի, 2023 թվականի վերջին՝ 812 հազարի, իսկ 2024 թվականի վերջին՝ արդեն 904 հազարի։ 2025 թվականի օգոստոսի դրությամբ համակարգում ընդգրկված էր ավելի քան 980 հազար մարդ։ Այսպիսով, ութ տարիների ընթացքում մասնակիցների թիվը գրեթե եռապատկվել է։

Սակայն համակարգի աճին զուգահեռ շարունակում է արդիական մնալ մեկ այլ հարց՝ որքանո՞վ են քաղաքացիները հետաքրքրվում իրենց կուտակումներով և մասնակցում դրանց կառավարման վերաբերյալ որոշումների կայացմանը։

Ուշագրավ է, որ Հայաստանում կենսաթոշակային միջոցների ավելի քան 98%-ը կենտրոնացած է պահպանողական ֆոնդերում։ Այս պատկերի ձևավորման կարևոր պատճառներից մեկը համակարգում գործող պատահականության սկզբունքով ընտրության մեխանիզմն է։

Երբ մարդը սկսում է աշխատել և դառնում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, նրա անունով բացվում է կենսաթոշակային հաշիվ։ Այդ հաշվին պարբերաբար գումարներ են փոխանցվում, որոնք ներդրվում են տարբեր ֆինանսական գործիքներում՝ լրացուցիչ եկամուտ ապահովելու նպատակով։

Քաղաքացին իրավունք ունի ինքնուրույն ընտրելու այն ընկերությանը, որը կառավարելու է իր միջոցները, ինչպես նաև որոշելու՝ որ կենսաթոշակային ֆոնդում կուտակվեն իր միջոցները։ Սակայն եթե սահմանված ժամկետում ընտրություն չի կատարվում, համակարգը նրան պատահականության սկզբունքով ընդգրկում է կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդում։

Այս մեխանիզմն ապահովում է կուտակային միջոցների շարունակական կառավարումը, նույնիսկ եթե քաղաքացին անձամբ չի զբաղվում ֆոնդի ընտրությամբ։ Արդյունքում, սակայն, հնարավոր է իրավիճակ, երբ մարդը տարիներ շարունակ գումար է կուտակում՝ այդպես էլ չհետաքրքրվելով, թե որտեղ են ներդրվում իր միջոցները, ով է կառավարում դրանք և ինչ արդյունքներ են ապահովում կատարված ներդրումները։

Պահպանողական ֆոնդում գտնվելն ինքնին վատ ընտրություն չէ։ Սակայն խնդիրն այն է, որ տարբեր մարդկանց կարող են համապատասխանել տարբեր ներդրումային մոտեցումներ։ Իսկ ի՞նչ ֆոնդ ընտրել, այդ հարցը բարդ է թվում։

Ֆոնդի ընտրության որոշում կայացնելու համար պետք է հասկանալ նախ՝ ո՞ր ռիսկայնության ֆոնդում է քաղաքացին ցանկանում կուտակել միջոցները։ Օրինակ՝ 25-ամյա աշխատողին մինչև կենսաթոշակի անցնելը դեռ մի քանի տասնամյակ կա։ Այդ ընթացքում ֆինանսական շուկաները կարող են բազմիցս աճել և անկում ապրել, իսկ երկար ժամանակահատվածը հնարավորություն է տալիս հաղթահարելու որոշ կարճաժամկետ տատանումներ։ Այսինքն՝ մարդը կարող է ընտրել ավելի ռիսկային համարվող հավասարակշռված ֆոնդ։ Մինչդեռ կենսաթոշակային տարիքին մոտ գտնվող մարդու համար կուտակումների արժեքի կտրուկ նվազումը կարող է ավելի զգալի հետևանքներ ունենալ, քանի որ հնարավոր կորուստները վերականգնելու ժամանակը սահմանափակ է։ Այս պարագայում ավելի խելամիտ է պակաս տատանողական ֆոնդին անցումը, որը կայուն եկամտային տեսակի ֆոնդերն են։

Ֆոնդի ընտրության մյուս կարևոր հանգամանքը կուտակված միջոցների կառավարման արդյունավետությունն է։ Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ նույնատիպ ներդրումային ռազմավարություն ունեցող ֆոնդերը կարող են տարբեր արդյունքներ ապահովել։

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում են երկու ընկերություններ՝ C-Quadrat Ampega-ն և Amundi-ACBA-ն։ Նրանց հրապարակած 2025 թվականի արդյունքներով՝ C-Quadrat Ampega-ի պահպանողական ֆոնդի եկամտաբերությունը կազմել է 12,8%, իսկ Amundi-ACBA-ի պահպանողական ֆոնդինը՝ 12%։ Հավասարակշռված ֆոնդերի դեպքում ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 13,8% և 12,4%։ Ֆիքսված եկամտային ֆոնդերի պարագայում ևս C-Quadrat Ampega-ն ավելի բարձր արդյունք է արձանագրել՝ 10,8%՝ Amundi-ACBA-ի 10,1%-ի դիմաց։ Եթե նայենք ավելի երկար ժամանակային հորիզոն, ապա նախորդ երեք տարիների տվյալներով C-Quadrat Ampega-ի կողմից կառավարվող բոլոր երեք կենսաթոշակային ֆոնդերը ապահովել են համեմատաբար ավելի բարձր եկամուտ, քան Amundi-Acba-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը։

 

Եկամտաբերությունների տարբերությունները կարող են առաջին հայացքից մեծ չթվալ։ Սակայն կենսաթոշակային կուտակումները ձևավորվում են տասնամյակների ընթացքում, իսկ ներդրումներից ստացված եկամուտը նույնպես կարող է հետագայում նոր եկամուտ ապահովել. սա բարդ տոկոսի հրաշագործությունն է։ Հետևաբար, երկար տարիների ընթացքում եկամտաբերության նույնիսկ համեմատաբար փոքր, բայց պահպանվող տարբերությունները կարող են զգալի ազդեցություն ունենալ կուտակված միջոցների վերջնական արժեքի վրա։ Իհարկե, պետք է նաև գիտակցել, որ նախորդ ցուցանիշները դեռ ապագայի կատարողականի երաշխիք չեն։

Ֆոնդերի աշխատանքի արդյունքների վրա ազդում են ոչ միայն ֆինանսական շուկաների զարգացումները, այլև միջոցները կառավարող ընկերությունների ներդրումային որոշումները։ Այդ պատճառով կարևոր նշանակություն ունի նաև կառավարիչների մասնագիտական փորձը։

Հայաստանում 2014 թվականից գործող C-Quadrat Ampega-ն համադրում է ավստրիական և գերմանական ներդրումային կառավարման փորձը։ Ընկերությունը 2025 թվականին արժանացել է WorldPensionSummit միջազգային մրցանակի՝ Հայաստանի իրական տնտեսության զարգացմանն ուղղված ներդրումային մոտեցումների համար։

Կենսաթոշակային ֆոնդերի երկրորդ կառավարիչը՝ Amundi-ACBA-ն, Հայաստանում հիմնադրվել է 2013 թվականին՝ ֆրանսիական Amundi ընկերության և Ակբա բանկի կողմից։ Այն համադրում է Amundi-ի՝ ակտիվների կառավարման միջազգային փորձը և Ակբա բանկի՝ տեղական շուկայի իմացությունը։

Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներն իրավունք ունեն ոչ միայն ինքնուրույն որոշելու իրենց ֆոնդն ու կառավարչին, այլև հետագայում փոխելու այդ ընտրությունը։ Հետևաբար, անգամ եթե սկզբնական ընտրությունը կատարվել է ավտոմատ կերպով, դա չի նշանակում, որ քաղաքացին պարտավոր է մինչև կենսաթոշակային տարիքը մնալ նույն ֆոնդում։ Սակայն միջազգային փորձը, ընկերության ճանաչելիությունը կամ մեկ տարվա բարձր եկամտաբերությունը դեռևս բավարար չեն կենսաթոշակային ֆոնդի ընտրության համար։ Կարևոր է հասկանալ, թե որտեղ են ներդրվում կուտակված միջոցները, որքանով են այդ ներդրումները ռիսկային և ինչ արդյունքներ են ապահովել նախորդ տարիներին։ Ընտրության ժամանակ նշանակություն ունեն նաև քաղաքացու տարիքն ու կենսաթոշակին մնացած ժամանակը։

Գիտակցված ընտրությունը կարևոր է նաև ամբողջ կենսաթոշակային համակարգի զարգացման տեսանկյունից։ Երբ քաղաքացիները սկսում են ուսումնասիրել և համեմատել կառավարիչների գործունեությունը, մեծանում է դրանց արդյունքների թափանցիկության և արդյունավետ կառավարման նկատմամբ հանրային պահանջը։ Դա իր հերթին կարող է նպաստել կառավարիչների միջև առողջ մրցակցությանը և կենսաթոշակային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանը։

Հայաստանում կենսաթոշակային կուտակումների ծավալներն արդեն չափվում են տրիլիոնավոր դրամներով։ Սակայն համակարգի զարգացման համար ոչ պակաս կարևոր է, որ այդ միջոցների սեփականատերերը՝ քաղաքացիները, ավելի ակտիվ հետաքրքրվեն դրանց կառավարմամբ։ Ի վերջո, կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կարող է կատարվել ավտոմատ կերպով, բայց դրա ֆինանսական հետևանքները կրելու է հենց քաղաքացին։ Իսկ քաղաքացիների հարստությունն ազգի հարստությունն է։

Մերի Գաբրիելյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում