Տնտեսություն

Հայաստանի ռիսկի պրոֆիլը փոխվել է․ ՀՀ ԿԲ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ռիսկի պրոֆիլը փոխվել է․ ՀՀ ԿԲ նախագահ

Հայաստանում իրացվելիության պակաս չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 15-ի ասուլիսում անդրադառնալով երկրում կապիտալի շուկայի զարգացմանը՝ այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Այսինքն, երկրում կա շատ-շատ փող, ու մարդիկ և բիզնեսները, որոնք պատրաստ են ներգրավել ֆինանսական ռեսուրսներ, ունեն հավակնոտ ծրագրեր։ Պետք է հայտ ներկայացնեն, այդ ավելցուկային ռեսուրսները վերցնեն ու իրականացնեն իրենց բիզնես նախագծերը, որովհետև կա փող, կա ենթակառուցվածք ու պետք է դրանից օգտվել։ Պարտադիր չէ բանկային վարկերի միջոցով, կարող են պարտատոմսեր թողարկել, ներդրողներ ներգրավել և այլն»,- նշեց նա։

ԿԲ նախագահն ընդունելով Հայաստանի արտաքին առևտրական հաշվեկշռի բացասական լինելու հանգամանքը՝ ընդգծեց, որ ամբողջական պատկերը ստանալու համար այնուհանդերձ պետք է մի քանի մակարդակ ներքև իջնել։

«Մեր երկրից ավելի շատ փող է գնում, քան գալիս է։ Բայց, միևնույն ժամանակ վճարային հաշվեկշիռն ունի երկրորդ մասը, որը կոչվում է կապիտալի և ֆինանսական հաշիվ․ դա ուղղակի ներդրումներն են, անուղղակի ներդրումներն են, պորտֆելային ներդրումներն են։ Այդ հոդվածներով Հայաստան գալիս են հսկայական գումարներ։ Գալիս են բանկային համակարգի միջոցով՝ հետո դառնալով վարկ, գալիս են մասնավոր ընկերությունների կողմից ներգրավված պարտքի տեսքով, գալիս են օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողները ու գնում հայկական պետական պարտատոմսեր։ Ոչ շատ վաղ անցյալում չունեինք ինստիտուցիոնալ խաղացողներ, որոնք գնում էին հայկական պետական պարտատոմսեր՝ դրամով արտահայտված։ Այսօր մեր ամբողջ պարտքի 15 տոկոսը դրսի ինստիտուցիոնալ խաղացողների մոտ է։ Դա պայմանավորված է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճով, փոխվել է Հայաստանի ռիսկի պրոֆիլը»,- նշեց նա։    

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում