Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն
1 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են 35-ամյա տղամարդու, որը գումարի դիմաց քաղաքացիներին հերթագրել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից ստացված տեղեկության հիման վրա Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ տղամարդը սոցիալական ցանցերից մեկի իր էջում քաղաքացիներին առաջարկել է վճարի դիմաց հերթագրել՝ նշելով, որ օրենքի խախտումներ թույլ չի տալիս։
«35-ամյա տղամարդը հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հաշվառման-քննական բաժիններում հերթագրել է 13 քաղաքացու՝ յուրաքանչյուրից ստանալով 25 հազարից 50 հազար դրամ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,-տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ հիշեցնելով, որ հաշվառման-քննական բաժիններում հերթագրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, իսկ ցանկացած իրավախախտում կարժանանա իրավապահների հակազդմանը։