Հայաստան

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

6 րոպեի ընթերցում

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով Դատախազության հայցը մերժելու մասին Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 27-ի վճիռը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

 Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և նրա կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով:

«Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ գնորդի համար սահմանված՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում, գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 150 մլն դրամի ներդրման պարտականությունը չէր կատարվել: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումը վարույթ ընդունելը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով: Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2025 թվականի մայիսի 22-ին ներկայացրել էր վերաքննիչ բողոք»,-նշված է հաղորդագրության մեջ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ  Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժել էր՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 4-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով: Վարչական դատարանը 2025 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ եզրահանգել էր, որ վեճը չի բխում հանրային իրավահարաբերություններից, քանի որ առկա են պայմանագրից բխող քաղաքացիաիրավական հարաբերություններ, հետևաբար, գործն ընդդատյա չէ Վարչական դատարանին. ներկայացված հայցադիմումը վերահասցեագրվել էր Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ գործն ուղարկել էր Վճռաբեկ դատարան՝ գործի ենթակայությունը որոշելու նպատակով»,-տեղեկացնում է դատախազությունը:

 Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 14-ի՝ «Գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին» որոշմամբ գտել էր, որ վերոնշյալ գործը ենթակա է Հակակոռուպցիոն դատարանին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 27-ի վճռով ՀՀ գլխավոր դատախազության հայցը մերժվել էր հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Դատախազությունից տեղեկացնում են, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարել է։ Դատարանը հիմնավոր է համարել Դատախազության դիրքորոշումը՝ հայցային վաղեմության ժամկետի մեկնարկի սկիզբը հենց Դատախազության իրազեկման պահը համարելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ դատախազը հանդես է գալիս պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու՝ օրենքով նախատեսված ինքնուրույն լիազորությամբ, և չի գործում որևէ մարմնի անունից կամ փոխարեն։

« Այսինքն, առաջնային իրավասություն ունեցող մարմնի կողմից համապատասխան հայցի չհարուցելը հիմք է դատախազի հայց հարուցելու բացառիկ լիազորության ծագման համար, սակայն դա չի հանգեցնում դատախազի կողմից այդ մարմնի դատավարական կարգավիճակի ստանձնմանը, քանի որ դատախազության դատավարական կարգավիճակը բխում է անմիջականորեն օրենքով իրեն վերապահված պետության կամ համայնքի գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորությունից: Այսպիսով, գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության»,-նշված է հաղորդագրության մեջ։

 Հիշեցնենք, որ դատախազի հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) (2 դրվագ): Մեղադրանք է առաջադրվել տվյալ ժամանակահատվածում ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում