Հայաստան

COP17. Արթուր Ալեքսանյանը վերանշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

8 րոպեի ընթերցում

COP17. Արթուր Ալեքսանյանը վերանշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 30-ին ևս երկու տարով վերանշանակվեց Միացյալ ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան՝ վերահաստատելով երեխաների իրավունքների պաշտպանությանն ու Հայաստանում նրանց բարեկեցության ապահովմանն ուղղված համատեղ հանձնառությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համագործակցության շարունակումը փաստող պայմանագրի խորհրդանշական ստորագրման արարողությունը տեղի ունեցավ COP17 համաժողովի Կանաչ գոտու գլխավոր բեմում:

Փաստաթուղթն իրենց ստորագրություններով վավերացրեցին Արթուր Ալեքսանյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ դոկտոր Ղասսան Խալիլին: Անվանի մարզիկը իր ստորագրությունը թողեց նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորհրդանիշով մարզաշապիկին:

Ղասսան Խալիլին հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ է ՅՈՒՆԻՍԵՖ-ի անունից Արթուր Ալեքսանյանին կրկին ընդունել այս կազմակերպության դեսպանների ընտանիք։ Նա շնորհակալություն հայտնեց հայ չեմպիոնին՝ նվիրվածության ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս մեկ անգամ ներկայացնելու համար:

«Կազմակերպության ավելի քան 80-ամյա պատմության ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպանները չափազանց կարևոր դեր են ունեցել։Նրանք արվեստի, մշակույթի և սպորտի աշխարհի ճանաչված անհատներ են, որոնք պատրաստ են օգտագործել իրենց համբավն ու ազդեցությունը՝ օգնելու աջակցության կարիք ունեցող երեխաներին։ Սա այն է, ինչ պարոն Ալեքսանյանը անում է: ՅՈՒՆԻՍԵՖ-ում մի ցանկություն ունենք՝ Հայաստանի բոլոր երեխաները մեծանան առողջ, ստանան լավ կրթություն, ապրեն մաքուր ու կայուն շրջակա միջավայրում: Արթուր, շնորհակալ ենք ճանապարհը մեզ հետ շարունակելու պատրաստակամության համար։ Մեզ բոլորիս մեծ աշխատանք է սպասվում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի անունից խոստանում եմ, որ կանենք հնարավոր ամեն ինչ։ Եվ այժմ, երբ COP17-ը մոտենում է ավարտին, թող այս օրը նաև նշանավորվի մեր նոր հանձնարարությամբ՝ հանուն երեխաների, որոնք ժառանգելու են այն ապագան, որն այսօր միասին կերտում ենք»,- հայտարարեց նա:

Արթուր Ալեքսանյանն իր խոսքում նշեց՝ յուրաքանչյուր երեխա կարող է դառնալ փոփոխության ուժ, եթե նրան լսեն և հնարավորություն տան մասնակցելու իր ապագայի կերտմանը։

«Վերջին երկու շաբաթների ընթացքում երկրները քննարկել են մի շարք կարևոր որոշումներ, որոնք ազդելու են մեր և մեր երեխաների ապագայի վրա։ Ուրախ եմ, որ այդ քննարկումներում լսելի է դարձել նաև հայ երիտասարդների ձայնը։ Իմ մարզական ճանապարհը սովորեցրել է մի պարզ ճշմարտություն՝ արդյունքները չեն գալիս մեկ օրում, դրանք պահանջում են նպատակ, կարգապահություն և ամենօրյա աշխատանք։ Նույնը վերաբերում է կրթությանը, առողջությանը և շրջակա միջավայրի պահպանությանը։ Եթե ուզում ենք, որ երեխաները մեծանան ուժեղ, առողջ և վստահ՝ պետք է նրանց ապահովենք ոչ միայն սպորտով զբաղվելու հնարավորությամբ, այլև որակյալ կրթությամբ և մաքուր, անվտանգ միջավայրով։ Այսօր աշխարհը կանգնած է լուրջ կլիմայական մարտահրավերների առաջ, և ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երեխա կարող է դառնալ փոփոխության ուժ, եթե նրան լսենք և հնարավորություն տանք մասնակցելու իր ապագայի կերտմանը։ Սպորտն ինձ սովորեցրել է համագործակցել, հարգել ուրիշներին և երբեք չհանձնվել։ Հենց այս արժեքներն են անհրաժեշտ, որպեսզի կառուցենք ավելի արդար, կայուն և երեխաների համար բարեկեցիկ աշխարհ։ Շնորհակալ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին վստահության համար։ Ուրախ եմ շարունակել այս ճանապարհը»,– ընդգծեց նա։

Արարողությանը նախորդեց սպորտի, կենսաբազմազանության և կրթության փոխկապակցվածության վերաբերյալ պանելային քննարկումը, որին Ղասսան Խալիլիի և Արթուր Ալեքսանյանի հետ մասնակցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Պատասխանելով քննարկումը վարողների այն հարցին, թե ինչպես է գնահատում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպանի կարգավիճակում Արթուր Ալեքսանյանի դերը, Ղասսան Խալիլին նկատեց, որ ազգային դեսպանների հիմնական առաքելությունը ոգեշնչումն է, և սեփական օրինակով ցույց տալը, թե որքան կարևոր են համառությունը, հաջողության հասնելու ձգտումը և կարգապահությունը:

Խոսելով կլիմայի փոփոխության և բնապահպանական կրթության մասին՝ Ղասսան Խալիլին նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում իրականացնում է տարբեր ծրագրեր, որպեսզի երեխաներն ու երիտասարդներն ավելի լավ հասկանան կլիմայի փոփոխության խնդիրները և սովորեն, թե ինչ կարող են անել բնությունը պաշտպանելու համար։

Արթուր Ալեքսանյանն անդրադառնալով բնության հետ իր կապի վերաբերյալ հարցին՝ նկատեց, որ միշտ էլ հաճույքով է անցկացնում բացօթյա մարզումներ, որովհետև նման պարապմունքներից հետո ավելի լավ է վերականգնվում: Նա ընդգծեց, որ նման հնարավորություն է լինելու նաև Գյումրիում կառուցվող իր անվան մարզադպրոցի հարակից տարածքում:

Նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իրեն ուղղված հարցի պատասխանում կարևորեց, որ կրթական համակարգում լինի այնպիսի բազմազանություն ու ճկունություն, որը երեխաներին կընձեռի տարբեր պայմաններում արդյունավետ սովորելու հնարավորություններ:

«Որոշակի թեմաների շարունակական հետևողական ուսուցման արդյունքում ձեռք բերվող գիտելիքն ու հմտությունը շատ կարևոր են: Պետք է ասեմ, որ համակարգված սովորելու գործընթացը չի կարող փոխարինվել որևէ այլ բանով, բայց սա պետք է լրացվի այլ մեթոդներով: Նախագծային ուսուցումն այդ իմաստով հրաշալի եղանակ է, որը մի շարք հմտություններ է ձևավորում մեր երեխաների մոտ՝ սկսած խնդրի ձևակերպումից և հիմնախնդրի առանձնացումից, որը ես շատ կարևորում եմ: Որպես քաղաքացի պետք է կարողանանք նկատել մեր շուրջը եղած խնդիրները: Եվ սա համարում եմ նաև քաղաքացիական կրթության շատ կարևոր բաղադրիչ։ Շատ կցանկանամ, որ մեր աշակերտներն ու երիտասարդները կենսաբազմազանության խնդրին վերաբերվեն որպես մի բանի, որից կախված է մեր կյանքը»,- նշեց նա։

Ժաննա Անդրեասյանը կարևորելով կրթական տարածքների մոտ կանաչ գոտիների առկայությունը՝ նշեց, որ նման մոտեցումն արդեն կյանքի է կոչվում 300 դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում, իսկ նախկինում կառուցված հանրակրթական հաստատությունների պարագայում հրատապ է եղած, բայց հիմա չօգտագործվող տարածքների վերականգնումը:

«Լավագույն տարբերակն այն է, որ դպրոցը ունենա բացօթյա այգի ունենա մարզահրապարակ, ունենա տարածք՝ միասին նստելու, քննարկելու համար: Դրանով իսկ դպրոցը նաև դառնում է ոչ միայն դասերը սովորելու և դասավանդումը իրականացնելու տեղ, այլ նաև համայնքային կենտրոն: Ունենք դպրոցներ՝ Տավուշի մարզում, օրինակ, Գանձասարի նորակառույց դպրոցը հսկայական տարածք ունի, որը հրաշալի այգի է, և այնտեղ կարող են մարդիկ զբոսնել, երեկոյան ժամանակ անցկացնել: Այդպիսին պետք է լինի մեր վերաբերմունքը դպրոցների տարածքներին»,- ասաց նա։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Սևանիկ» անիմացիոն շարքի առաջին երեք սերիաների բացառիկ պրեմիերան։ Շարքը ստեղծվել է երեխաների շրջանում բնապահպանական իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում