Գիտություն

Արհեստական բանականությունը թույլ է տալիս խնդիրները լուծել Ալեքսանդր Մակեդոնացու ոճով. Արտեմ Օգանով

19 րոպեի ընթերցում

Արհեստական բանականությունը թույլ է տալիս խնդիրները լուծել Ալեքսանդր Մակեդոնացու ոճով. Արտեմ Օգանով

Ռուսաստանաբնակ մերօրյա անվանի հայ գիտնականներից մեկի՝ այդ երկրի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, բյուրեղագետ, քիմիկոս և նյութագետ Արտեմ Օգանովի հետ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստան կատարած նրա վերջին այցի ժամանակ, որն ուղեկցվել էր Երևանում անցկացված «Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ. հնարավորություններ և մարտահրավերներ» և «Արհեստական բանականությունը կենսաբժշկության, դեղագործության և նյութագիտության մեջ. գենոմային տվյալներից մինչև նոր դեղամիջոցներ և նյութեր» խորագրերով քննարկումներին մասնակցությամբ:  

Զրուցել ենք գերազանցապես ժամանակակից ամենահրատապ թեմայի՝ արհեստական բանականության (ԱԲ) դերի ու նշանակության, գիտության զարգացման ու մարդու կյանքի վրա ունեցած ազդեցության մասին:

Անդրադարձել ենք նաև այս տարվա ամռանը տեղի ունեցած հաճելի և նշանակալի իրադարձությանը՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի հեղինակավոր միջազգային պետական մրցանակի դափնեկիր դառնալուն: Մեր հայրենակցին պարգևատրել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

- Մինչ հարցազրույցին անցնելը ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Չինաստանի պետական մրցանակին արժանանալու կապակցությամբ: Ի դեպ, Ձեր տարբեր գիտական նվաճումներից հատկապես որի՞ համար է շնորհվել այն։

- Հավանաբար, ինքս էլ երբեք հստակ չեմ իմանա։ Թեպետ, իհարկե, կարող եմ ճշտել։ Բանն այն է, որ այդ մրցանակին ինձ առաջադրել էին չինացի գործընկերներս, իսկ ես չեմ տեսել առաջադրման փաստաթղթերը ու ծանոթ չեմ հիմնավորմանը, չգիտեմ՝ որ աշխատանքներս են հաշվի առել։ Միայն կարող եմ ենթադրել․ ամենայն հավանականությամբ, առաջադրել են այն աշխատանքների համար, որոնք ինքս էլ համարում եմ առավել նշանակալի: Դրանք վերաբերում են բյուրեղային կառուցվածքների կանխատեսմանը, նոր նյութերի դիզայնի ստեղծման մեթոդներին և բարձր ճնշումների քիմիայի ոլորտում ուսումնասիրություններին: Սրանք են կատարածս ամենանշանակալի աշխատանքները, թեպետ, իհարկե, կան նաև այլ կարևոր ուսումնասիրություններ։ Սկզբունքորեն, կարող եմ հետաքրքրվել չինացի գործընկերներիցս, թե ինչ են այնտեղ գրել։ Դատելով ամենայնից, գրել են ինչ-որ լավ բան։

- Համարենք, որ մրցանակն ընդհանուր գիտական գործունեության համար է։ Քանի որ մեր հարցազրույցն ընթանում է գիտության և արդյունաբերության ոլորտներում արհեստական բանականության դերին ու նշանակությանը վերաբերող քննարկման շրջանակում, թույլ տվեք հետաքրքրվել՝ արհեստական բանականությունը որքանով է օգնում և որքանով խանգարում գիտական գործունեությանը։

- Իհարկե, օգնում է։ Արհեստական բանականությունը հզորագույն միջոց է՝ աշխատանքային գործիք, որը թույլ է տալիս լուծել նախկինում ընդհանրապես անլուծելի համարվող խնդիրներ: Գիտնականի աշխատանքը հիմա այնպիսին չէ, ինչպիսին էր նույնիսկ մի քանի տարի առաջ։ ԱԲ-ն ամեն ինչ արմատապես փոխել է։ Իսկ դրանից առաջ ամեն ինչ էապես փոխել էին համակարգիչները։ Հիշեք թեկուզ այն, թե գիտնականներն ինչպես էին իրենց աշխատանքները թղթին հանձնում 40-50 տարի առաջ՝ տպագրական մեքենայի միջոցով կամ ձեռագիր։ Նախկինում անհամեմատ քիչ էր ավտոմատացումը գիտական ուսումնասիրությունների ընթացքում։ Հիմա դա այլ ծայրահեղության է հասնում։ Գիտափորձերի ավտոմատացումը հասել է այն աստիճանի, որ արդեն ստեղծվում են ռոբոտիզացված համակարգեր, որոնք գործնականում առանց մարդու մասնակցության շուրջօրյա փորձեր են անցկացնում: Գիտնականը հանձնարարություն է տալիս արհեստական բանականությանը, որը կազմում է գիտափորձի սցենարը, հաղորդում է ռոբոտին, որն էլ իրականացնում է այն, չափում է ստացված տվյալները և դրանք փոխանցում համակարգչին։ Այնուհետև, ճշտվում է ԱԲ մոդելը և աշխատանքը շարունակվում է: Այսպիսի փակ ցիկլ է, որը կարող է մոտ 100 անգամ մեծացնել էքսպերիմենտալ լաբորատորիայի աշխատանքի արդյունավետությունը։ Պատկերացրեք, եթե նախկինում որևէ աշխատանքի համար կարող էր 100 տարի պահանջվել, ապա հիմա դա կարող ենք անել մեկ տարում։ Ահա և համեմատեք։

- Ի՞նչ է փոխել ԱԲ-ն գիտության Ձեր ոլորտում՝ նյութաբանությունում:

- Տեսեք, նախկինում գիտնականները կարծում էին, որ նյութի որակները կարելի է կանխատեսել դրանք պայմանավորող պրոցեսների ֆիզիկան հասկանալու դեպքում: Իմանալով ատոմների միջև փոխգործակցության ուժը՝ հաշվարկում են ածանցյալները և ստանում նյութի կոշտության աստիճանի, նրա ճկունության որակների և այլնի մասին տվյալներ։ Իսկ եթե չես հասկանում այդ որակները, ամեն ինչ դառնում է շատ բարդ ու խճճված։ Օրինակ, ի՞նչ է նյութի ռադիացիոն կայունությունը, դիմացկունությունը։ Ի՞նչ իմանաս ինչ է։ Այնտեղ այնքան շատ են տարբեր պրոցեսները՝ քիմիական կապերի փլուզում, իոնացում, դեֆեկտների առաջացում և այլն, որոնք աներևակայելի խառնուրդ են կազմում։ Ինչպե՞ս կանխատեսել նման որակը։ Ոչ մի կերպ։ Եթե որակները չես հասկանում՝ չես կարող մոդելավորել անհրաժեշտ չափանիշները։

Հավանաբար, լսել եք այն պատմությունը, թե Ալեքսանդր Մակեդոնացին ինչպես էր սրի մի հարվածով կտրել Գորդյան հանգույցը, որը քանդելու անհաջող փորձեր շատերն էին ձեռնարկել: Նա խնդիրը լուծել էր առանց խորամուխ լինելու այդ հանգույցի ստեղծման նրբություններում։ Այս առումով ԱԲ-ն մեզ թույլ է տալիս խնդիրները լուծել Մակեդոնացու ոճով։ Ծանոթանում ենք տվյալ նյութի հատկությունների մասին տվյալների բազային և խորապես թքած ունեք, թե ինչով են դրանք պայմանավորված: Ահա, օրինակ, պողպատի ռադիացիոն հատկությունը, որը «Ռոսատոմ»-ի համար մոդելավորել էր աշակերտս։ Նա կարողացել է գտնել պողպատի նոր տեսակներ, որոնք ունեն բարձր ռադիացիոն դիմացկունություն։ Դա միջուկային ռեակտորների համար է։ Իրապես կարևոր պրակտիկ խնդիր է, որը երբեք չէիք լուծի, եթե շարժվեիք տեսաբանի ավանդական ուղիով։ Իսկ մեքենայական ուսուցման ճանապարհով շարժվելիս այդ խնդիրը լուծված է։ Հիմա այդ արդյունքներն էքսպերիմենտալ ստուգումների փուլում են: Ոչ պակաս կարևոր մյուս հատկությունների մասով՝ կոռոզիոն դիմացկունություն և այլն, արդեն հաստատվել են փորձնական ճանապարհով։

- Նման լուրջ խնդիրներ լուծելիս որքանո՞վ կարելի է վստահել արհեստական բանականությանը։

- Պատասխան հարցադրում՝ արդյոք պետք չէ՞ վերստուգել մարդու ստացած տվյալները։ Կարծում եմ, ցանկացած պարագայում վերստուգելը շատ կարևոր է։ Արհեստական բանականությունը տալիս է արագ և էժան կանխատեսում։ Դա չի նշանակում, որ պետք է անվերապահորեն վստահել դրան, պետք է ստուգել։

ԱԲ-ն, բնականաբար, կարող է նաև սխալվել: Նման իրավիճակներից խուսափելու համար պետք է ապավինել սեփական գիտելիքներին ու նաև ճիշտ օգտվել ԱԲ հնարավորություններից։ Իրեն հարգող յուրաքանչյուր գիտնական, իսկ ես ինձ դասում եմ նրանց շարքին, իր ուսումնասիրությունների արդյունքները հրապարակում է միայն բազմիցս ստուգելուց և վերստուգելուց հետո։ Դա անհրաժեշտ է, ավելին՝ պարտադիր է։ Նմանապես, իրեն հարգող յուրաքանչյուր գրող հրապարակելուց առաջ մի քանի անգամ կարդում է տեքստը՝ տեղ-տեղ վերաշարադրում, տեղ-տեղ խմբագրում այն։ Ինչո՞վ են կանխատեսումները տարբերվում արհեստական բանականության տրամադրած լուծումներից։ Սկզբունքորեն ոչնչով։ Ուստի դրանք նույնպես ստուգման կարիք ունեն։   

- Այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ մարդու և ԱԲ-ի միջև գիտելիքների ինքնատիպ փոխանակում է տեղի ունենում:

- Անշուշտ։ Նույն կերպ, մենք էլ որևէ խնդիր լուծելիս հիմնվում ենք սեփական փորձին, մեր ուսուցիչների փորձին, գիտելիքներին, որոնք ստացել ենք։ Նմանապես արհեստական բանականությունն է սովորում այլ փորձի հիման վրա։ Այդ առումով նույնիսկ չկա սկզբունքային տարբերություն։

- ԱԲ-ն երբևէ կարո՞ղ է ամբողջությամբ փոխարինել գիտափորձը։

- Չի փոխարինի։ Հատկապես ֆիզիկական գիտություններում գիտափորձը միշտ առաջնային դեր կունենա։ ԱԲ մոդելները գնալով կատարելագործվելու են, դրանց հաջողության հավանականությունը, կանխատեսումների ճշգրտությունն աճելու է, բայց երբեք չի հասնի 100 տոկոսի։ Սարքը կամ ծրագիրը երբեք չի կարող ամբողջությամբ փոխարինել բժշկին, բայց կարող է հնարավորություն ընձեռել ամեն օր հետևելու սեփական առողջական վիճակին և բժշկին դիմել շատ ավելի վաղ, քան կարող ենք մտածել այդ մասին:

- Ինչ եք կարծում, ԱԲ զարգացումը կարո՞ղ է հասնել այնպիսի մակարդակի, որ երբևէ հնարավոր լինի մշակել հավերժական կյանքի միջոց։

- Գիտնականները վաղուց են աշխատում մարդկանց կյանքի տևողությունը երկարացնելու ուղղությամբ։ Դա արդեն ալքիմիական խնդիր չէ, ինչպես միջնադարում էր, այլ գերակշռող գիտական խնդիր է։ Կա լայն տարածում ունեցող գիտական ուղղություն՝ գերոնտոլոգիա, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների և մարդու ծերացման պրոցեսները և դրանց դանդաղեցման հնարավորությունները։ Հավերժ, իհարկե, չենք ապրի, բայց կարող ենք էապես երկարաձգել մեր կյանքի տևողությունը։ Արդեն արձանագրում ենք նման պրոցես․ մարդիկ հիմա ապրում են ավելի երկար, քան երբևէ։ Գիտնականների մեծամասնության գնահատմամբ՝ հիմա մարդու կյանքի առավելագույն տևողությունը մոտ 120 տարի է։ Կան մարդիկ, որոնք մոտավորապես այդքան ապրում են։ Կարելի՞ է ավելի երկարաձգել՝ չգիտեմ։ Բայց, եթե առավելագույնը 120 տարի է, նշանակում է կարելի է կյանքի միջին տևողությունը գրեթե մոտեցնել այդ նշաձողին։

Ի՞նչ է մարդու առողջությունը, որտե՞ղ կարող է խափանվել, ի՞նչ է հիվանդությունը. սրանք կարևոր ու շատ բարդ հարցեր են։ Մարդու ԴՆԹ պրոֆիլի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ խոսքը միայն պոտենցիալ հիվանդությունների մասին է, այլ ոչ թե երաշխավորված։ Եթե առկա է, օրինակ, մաշկի քաղցկեղ ստանալու բարձր հավանականություն,  ամենևին չի նշանակում, որ դա անպայման տեղի է ունենալու։

Ի դեպ, ԴՆԹ-ի հետազոտությունը չի չեղարկում արյան, կենսաբանական այլ հյուսվածքների և այլնի անալիզները։ Այս առումով կարևոր եմ համարում նշել, որ վերջերս փորձարկեցի նոր բանկոմատ, որը կիրառվելու է Ռուսաստանում։ Հաճախորդից ընդամենը պահանջվում է մատները դնել նշված տեղում և նայել էկրանին՝ ստանալու համար տվյալներ սրտի զարկերի հաճախականության, արյան ճնշման, խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակների ու այլնի մասին: Տվյալների հուսալիության աստիճանը 80 տոկոս է։ Հիմա ցանկացած մարդ կարող է այդ ամենը լիովին անվճար ստուգել առանց բուժհաստատություն այցելելու։

Ինչո՞ւ է դա կարևոր։ Իմ աշխատանքային հիպոթեզի համաձայն՝ կյանքի տևողությունը շատ մեծ կախվածություն չունի կենսամակարդակից։ Այն կախված է երկու գործոններից՝ սնվելու մշակույթից և հիվանդությունների վաղ կանխարգելումից։ Ահա այդ բանկոմատից ստացած տվյալները կարող են օգնել փոխել սեփական կենսակերպը և որոշակիորեն երկարաձգել կյանքի տևողությունը։

- Իսկ փորձե՞լ եք զբաղվել երկարակեցության էլիքսիրի մշակմամբ։

- Ոչ, յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով։ Կան պրոֆեսիոնալ գերոնտոլոգներ, որոնց խնդիրը հենց դա է։ Ես ուրիշ մասնագիտացում ունեմ։

- Գիտական ոլորտում ունե՞ք երազանք, որին ցանկանում եք անվերապահորեն հասնել։

- Ցանկանում եմ ավելի լավ հասկանալ այս աշխարհը։

- Հաջողվո՞ւմ է։

- Երևի, մոտ մեկ տոկոսով եմ առաջ գնացել այդ ուղղությամբ։

- Ունե՞ք գիտական շփումներ հայ գործընկերների հետ։

- Այդ առումով հրաշալի համագործակցություն է ձևավորվել։ Շատ են գործընկերները, որոնց հետ միշտ հետաքրքիր և հաճելի է քննարկել գիտական տարբեր թեմաներ։ Բայց, կա նաև ուղիղ գիտական համագործակցություն ԵՊՀ-ում աշխատող իմ լավ ընկեր Հայկ Զաքարյանի գլխավորած լաբորատորիայի հետ։ Փոխգործակցությունը շատ լավ է զարգանում․ ունենք համատեղ նախագծեր և հրապարակումներ։

- Հավանաբար, գիտեք, որ Հայաստանում արդեն երկու դատա կենտրոն է բացվել։ Դա կարո՞ղ է այստեղ բերել խոշոր գիտնականների, նպաստել կարևորագույն հետազոտությունների իրականացմանը։

- Կարող է, բայց դա բավականին համալիր խնդիր է։ Տաղանդներին երկիր ներգրավելու համար ամենից առաջ անհրաժեշտ է քաղաքական կամք։ Անհրաժեշտ են ֆինանսական ռեսուրսներ, գիտական ենթակառուցվածք և համապատասխան միջավայր։ Անհրաժեշտ է գիտության այնպիսի համակարգ, որ գիտնականներին չծանրաբեռնեն բյուրոկրատական քաշքշուկով և ազատություն տան։ Ոչ թե ոչինչ չանելու, այլ ժամանակի մեծ մասը իրենց երազանքի իրագործմանն ու ստեղծագործելուն միտված ազատություն։ Պետք է լինի խթանող միջավայր, որում մերիտոկրատիա է (արժանավորների իշխանություն, երբ ղեկավար պաշտոնները զբաղեցնում են ամենաընդունակները - խմբ․), իսկ մարդկանց գնահատում են ոչ թե քաղաքական հայացքների համար կամ ազդեցիկ մարդկանց հետ մտերմության աստիճանով, այլ նրանց տաղանդի և մտավոր ունակությունների մակարդակով։ Այդ դեպքում հնարավոր կլինի երկրում պահել տաղանդներին։ Բայց անհրաժեշտ է ևս մեկ պայման՝ քաղաքական կայունություն։ Մարդկանց համար շատ դժվար է ծրագրեր կառուցել անորոշ հեռանկարով երկրում։ Դա կարող ենք տեսնել Իսրայելի օրիանակով․ այնտեղ աշխատավարձերը բարձր են, տնտեսությունը զարգացած է, կա գիտական ենթակառուցվածք, բայց ինձ համար դժվար է պատկերացնել արտասահմանցի գիտնականի, որը կգնա այդ երկիր՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը։ Անձամբ ես չէի տեղափոխվի Իսրայել, որովհետև չեմ տեսնում ապագա։

- Իսկ Հայաստա՞ն։

- Անկեղծ ասած՝ նույնպես։

- Իսկ Ռուսաստանում ավելի շա՞տ է որոշակիությունը։

- Այո, բայց աշխարհում հիմա ոչ մի տեղ չկա երաշխիք։ Աշխարհը մազաչափ է հեռու մեծ պատերազմից։ Ըստ այդմ՝ ի՞նչը կարող է երաշխավորել ապագան։ Ինչպես լրահոսից եք տեսնում, ամենից առաջ, հավանաբար, հակաօդային պաշտպանության հուսալիությունը։ Մեր օրերում այսպիսի տեսք ունի ապագայի երաշխիքը։ Այս տեսանկյունից Ռուսաստանում դրանք ավելի լավն են, քան որևէ այլ տեղ։

Իսկ մնացածը՝ կապրենք, կտեսնենք։ Հիմա հսկայական մարտահրավերներ ունի նաև ռուսաստանյան գիտությունը։ Առայժմ գլուխ ենք հանում. ինչպե՞ս կլինի հետագայում՝ չգիտեմ։

- Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանում ձևավորվել է հայ գիտականների ինքնատիպ համայնք։

- Այն վաղուց է ձևավորվել: Ռուսաստանում հսկայական թիվ են կազմում հայկական ծագում ունեցող գիտնականները։ Այսօր Ռուսաստանում բնակվող հայ մեծագույն գիտնականը Յուրի Ցոլակի Հովհաննիսյանն է։ Մարդ, որը բացահայտել է Մենդելեևի աղյուսակի 10 տարրեր։ Գիտության ոլորտում նրա կողքին պատվանդանին ոչ մեկին չես դնի։ Կարող եմ երկար թվարկել Ռուսաստանում բնակվող հայ մեծագույն գիտնականների անունները։

Հայ գիտնականների միջև, իհարկե, կա շփում, որը չի սահմանափակվում մեկ երկրի տարածքով, այլ ավելի ընդգրկուն է:

- Վերջին անգամ ե՞րբ էիք եղել Հայաստանում։

- Մոտավորապես մեկ տարի առաջ։ Սովորաբար տարին մեկ, երբեմն՝ մի քանի անգամ եմ գալիս։ Երբեմն այցելությունս ուղեկցվում է երիտասարդ գիտնականների կամ ուսանողների հետ հանդիպումներով և լեկցիաներով։ Այս անգամ երկու ելույթ ունեցա տարբեր կլոր սեղանների ընթացքում։

- Գիտական ոլորտում ի՞նչ փոփոխություն կցանկանայիք տեսնել Հայաստանում Ձեր հաջորդ այցի ժամանակ։

- Գիտեք, վերջերս «Յութուբ»-ում մի հետաքրքիր տեսանյութ դիտեցի. ներկայացված էր խորհրդային տարիներին ԽՍՀՄ հանրապետությունների վարկանիշը՝ նրանց օգտակարության և անօգտակարության աստիճանով։ Քննարկվում էին այդ ժամանակաշրջանում յուրաքանչյուր հանրապետության ուժեղ և թույլ կողմերը։ Չեմ ասի, թե որոնք էին ամենաօգտակարը և հակառակը, այլ կանդրադառնամ Հայաստանի մասին ասվածին։

Նշվում էր, որ Հայաստանը չնայած իր տարածքի փոքրությանը, բնակչության քչությանը և բնական ռեսուրսների սակավությանը՝ խորհրդային տարիներին շատ լուրջ արդյունաբերություն ունեցող հանրապետություն էր՝ հսկայական գիտական և ինժեներական ներուժով։ Փաստորեն, ԽՍՀՄ-ում Հայաստանն ուներ մոտավորապես այնպիսի դիրք, ինչպիսին Հունաստանը՝ Հռոմեական կայսրության կազմում։ Հռոմի ամենակրթված և առաջադեմ կայսրերը Հունաստանի և հունական մշակույթի անկեղծ երկրպագուներ էին։ Հունաստանը հիմա էլ զարգացած գիտություն ունի, բայց հույն լավագույն գիտնականներից շատերն ապրում են այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։

Այս առումով նույնպես նմանություն կա Հայաստանի և Հունաստանի միջև: Հայաստանը, հավանաբար, նույնպես չի կորցրել իր գիտական ներուժը, բայց հայ գիտնականներից շատերի, ինչպեսև հույների պարագայում, օգտագործվում է «սփյուռքա» նախածանցը: Շատ եմ ցանկանում, որ ժամանակակից կամ ապագայի Հայաստանի մասին նույնպես ասեն, որ այդ փոքր երկիրն ունի մտավոր այնպիսի ահռելի ներուժ, որ նրան փորձում են հավասարվել շրջապատող բոլոր պետությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում