ԱԲ-ն պարզապես ինքնատիպ էկզոկմախք է, իսկ կմախքը չի կարող որոշումներ կայացնել մարդկանց փոխարեն. ակադեմիկոս Հարություն Ավետիսյան
23 րոպեի ընթերցում

Ռուսաստանաբնակ հայ գիտնական Հարություն Ավետիսյանը սին է համարում այն մտավախությունը, որ արհեստական բանականությունը կարող է ամբողջությամբ փոխարինել մարդկանց:
Նրա կարծիքով՝ դա տեղի չի ունենա, որովհետև իրականում այնտեղ որևէ բանականություն գոյություն չունի՝ բառի բուն իմաստով։
Գիտնականի գնահատմամբ՝ արհեստական բանականությունը պարզապես ինքնատիպ էկզոկմախք է, իսկ կմախքը չի կարող որոշումներ կայացնել մարդկանց փոխարեն:
Ազգությամբ հայ ռուսաստանցի մաթեմատիկոս, համակարգային ծրագրավորման ոլորտի մասնագետ, Ռուսաստանյան գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կառավարման և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի համակարգչային գիտությունների ֆակուլտետի համակարգային ծրագրավորման ամբիոնների վարիչ, ՌԳԱ-ի Վ. Պ. Իվաննիկովի անվան համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ փոխնախագահ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Հարություն Ավետիսյանն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում։
- Ի՞նչ եք կարծում, արհեստական բանականությունը մարտահրավե՞ր է, թե՞ նոր հնարավորությունների աղբյուր։
- Ինչպես միշտ՝ մարտահրավերը միաժամանակ նոր հնարավորություն է։ Եթե չկարողանանք ընդունել այդ մարտահրավերը, այն կդառնա ապակառուցողական: Իսկ եթե հաջողենք, կվերածվի հնարավորության: Ուստի, անհրաժեշտ է հստակ պատկերացում կազմել այն մասին, թե սա ի՞նչ տեխնոլոգիա է, ինչպե՞ս է զարգանում և գիտական այս հիմքի վրա կառուցել ապագան: Հակառակ պարագայում կնմանվենք սորուն ավազի վրա տուն կառուցող մարդկանց: Այդ դեպքում ամեն ինչ կարող է անսպասելիորեն փլուզվել և հարմարավետության ու բարեկեցության փոխարեն կստանանք համատարած կազմալուծում: Եվ Աստված չանի, եթե այդ իրավիճակն առնչվի ատոմային էլեկտրակայանին կամ կենսական նշանակության այլ ենթակառուցվածքների։
- Ենթադրում եմ, որ գոնե Ձեզ համար ԱԲ-ի հետ կապված մութ անկյուններ կամ անհասկանալի հարցեր չեն մնացել: Որքանո՞վ է այն արհեստական ու որքանո՞վ է բանականություն:
- Իրականում ամեն ինչ պարզ է։ Կա հստակ ջրբաժան և արդեն պարզ է, որ սա «բանականություն» չէ: Այն չունի սուբյեկտայնություն, այսինքն՝ ինքնուրույն գործելու ունակություն: Սա նույնպես հասկանալի է, ընդ որում՝ արձանագրված է միջազգային մակարդակով։ Դրանից այն կողմ արդեն տիրում է մեծ «գորշ գոտի»՝ մշուշ։
Վերցնենք, օրինակ, կրթությունը. ինչո՞ւ չօգտագործել ԱԲ-ն։ Թվում է՝ լավ գաղափար է: Ինքս էլ կիրառման կողմնակից եմ։ Բայց, եթե դա կատարվի ոչ խելամտորեն, ապա երեխան, օրինակ, մաթեմատիկայի հետ կարող է յուրացնել նաև բացասական բարոյական արժեքներ։ Իսկ հասարակությունը հիմնված է հենց բարոյականության և բարոյական արժեքների վրա, որոնց խաթարումը կարող է սարսափելի և անդառնալի հետևանքներ ունենալ: Մարդկության պատմության մեջ կան նման օրինակներ: Այնպես որ, բարոյական արժեքները կարևոր են ցանկացած հասարակության համար:
Բրիտանացի ականավոր գիտնական Էդվարդ Թեյլորը, ուսումնասիրելով մարդկային տարբեր համայնքներ, եզրակացրել է, որ Երկրի վրա չկա որևէ հասարակություն (նույնիսկ Ամազոնի ջունգլիների խորքում ապրող ամենափոքր խումբը), որը չունենա տաբուներ կամ արգելքներ և նմանատիպ այլ հասկացություններ: Այլ կերպ ասած՝ միշտ կան վարքագծային որոշակի նորմեր, որոնք տարբեր կերպ են դրսևորվում ոչ միայն հասարակություններում, այլև մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում: Եթե դրանք չկարողանանք ներդնել արհեստական բանականության մեջ, ապա դա պարզապես կարող է հանգեցնել որոշակի վատ իրավիճակների: Անգամ ոչ միայն կիբեռանվտանգության, այլ մարդկային տարրական փոխհարաբերությունների առումով, որովհետև կսկսենք անկեղծորեն հավատալ, որ կյանքում ամեն ինչ հենց այդ կերպ է գործում, մինչդեռ հասարակության մնացած մասը չի կիսում այդ պատկերացումը։

- Այս առումով լրացուցիչ կարևորություն է ստանում կիբեռանվտանգությունը: Մարդկությունն առավել քան երբևէ խոցելի՞ է դարձել, թե՞, այնուհանդերձ, հնարավոր է արդյունավետ պաշտպանվել վիրտուալ գրոհներից, որոնք միանգամայն իրական հետևանքներով վտանգավոր դրսևորումներ են ստանում առօրյայում:
- Կիբեռանվտանգության գործիքներն ու դրանց վերլուծությունը մեր աշխատանքն է: Իրականում՝ ԱԲ-ի ի հայտ գալով սկզբունքորեն որևէ նոր բան չի հայտնվել: ԱԲ-ն պարզապես բացահայտում է համակարգի ունեցած ճեղքերը: Ըստ այդմ՝ այստեղ խնդիրն առնչվում է արձագանքման արագությանը: Կարիք կլինի փոխել մոտեցումները, օգտագործել նույն արհեստական բանականությունը, որպեսզի այն պաշտպանի և կարողանա արձագանքել: Սակայն դա բացահայտել է նաև մի սկզբունքային խնդիր՝ մեր համակարգերը մեծամասամբ ստեղծված են այնպես, որ դրանք կարելի է կոտրել: Հատկապես կենսական նշանակության ենթակառուցվածքների արդյունավետ պաշտպանությունը խիստ հրատապ է: Եվ դա հնարավոր է: Օրինակ, ավիացիայի կառավարման համակարգում 50 տարվա ընթացքում որևէ խափանում չի եղել, եղել է միայն մարդկային գործոնի առկայություն: Իսկ ծրագրային խափանում չի եղել, որովհետև սահմանված են սերտիֆիկացման և ստուգման խստագույն պահանջներ: Այդ փորձը պետք է համատարած դարձնել, ինչպես նաև բարձրացնել հասարակության համակարգչային գրագիտության մակարդակը: Իսկ ԱԲ ժամանակաշրջանում այս խնդիրն իսկապես հրատապ է, բայց նաև հստակ են լուծման միջոցները:
- Չե՞ք համարում, որ համատարած թվայնացման մոլուցքը կարող է ավելի մեկուսացած դարձնել հասարակությունը, որը հետզհետե կկտրվի իրականությունից՝ ապրելով երևակայական, մտացածին աշխարհում:
- Իհարկե, թվայնացումը կարող է հանգեցնել դրան: Կան փիլիսոփայական ամբողջական ուղղություններ, որոնք պնդում են, թե մենք արդեն իսկ վիրտուալ ենք, քանզի յուրաքանչյուր մարդ գերադասում է ապրել իր պատկերացրած իրականության մեջ ու այդ դիտանկյունից էլ գնահատել շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները։ Դրա վերաբերյալ կարելի է ասել ամեն ինչ, բայց փաստն այն է, որ մենք միս ու արյունից ենք կազմված և օգտվում ենք այս տեխնոլոգիաներից։ Ու որքան էլ «վիրտուալանանք», միևնույն է, ունենք իրական կարիքներ: Այսօր միլիոնավոր մարդիկ բավականին հարմարավետ ապրում են՝ գերադասելով հազվադեպ դուրս գալ տնից: Նրանք ունեն փող, սնունդը և կենսական նշանակության մյուս անհրաժեշտ իրերը պատվիրում են առցանց ու ամբողջ օրը զվարճանում են: Ընդ որում, գոյատևման միջոցներն էլ վաստակում են առցանց եղանակով: Սա նույնպես վիրտուալ աշխարհ է, վիրտուալ կյանքի ցայտուն դրսևորում է, սակայն նույնիսկ այս դեպքում գործ ունենք ֆիզիկական մարդու հետ, որն ունի միանգամայն նյութական կարիքներ: Բայց այդ աշխարհն ու այսպիսի կյանքը հիմնված է իրական բաների վրա՝ էլեկտրաէներգիայի և տվյալների մշակման կենտրոնների աշխատանքի, որոնց խափանումը միանգամից մարդկանց վերադարձնում է ոչ վիրտուալ իրականություն: Վերջիվերջո, մարդկանց նաև ընկերներ են պետք իրական աշխարհում։ Ասել է թե՝ ամեն ինչ այդքան պարզունակ չէ:
Կամ դեռևս տասնամյակներ առաջ ասում էին, որ շուտով վիրտուալ իրականությունը ներառելու է բոլոր ոլորտները. մարդիկ հագնելու են հատուկ ակնոցներ և համապատասխան հրահանգների միջոցով կարողանալու են կատարել ամենաբարդ գործողություններ և բարձր որակավորում պահանջող աշխատանք: Արդեն 2026 թվականն է ավարտվում, բայց այդ տեխնոլոգիան, կարծես, զանգվածային տարածում չունի: Այսինքն՝ տեխնոլոգիաների կիրառման և տարածման աստիճանը որոշում են սպառողները:
- Ինչո՞ւ են վերջին շրջանում ավելի բարձրաձայն հնչում ԱԲ կիրառումը սահմանափակելու մասին խոսակցությունները:
- Ամենևին էլ ոչ այն պատճառով, որ վախենում են, թե ԱԲ-ն կդառնա ավելի խելացի և կնվաճի Երկիր մոլորակը: Բարձրաձայնում են, որովհետև գիտակցում են՝ դրա լայնածավալ ներդրումն առանց ռիսկերի պատշաճ կառավարման կհանգեցնի նրան, որ շուրջբոլորն ամեն ինչ կդառնա խոցելի։ Իսկ դրանից խուսափելու համար անհրաժեշտ են լրացուցիչ կարգավորումներ, որոնք թույլ կտան այլ կերպ կազմակերպել գործընթացները: Նման ընկալումը թույլ կտա ոչ թե վախենալ արհեստական բանականությունից, այլ իրապես օգտագործել այն մեր առօրյայում։ Նպաստել երեխաների կրթությանը՝ լրացնելով ուսուցիչների պակասը: Լավագույն բժիշկներին կարող է հնարավորություն տալ օգնելու ավելի մեծ թվով հիվանդների՝ փաստացի հարյուրապատկելով նրանց աշխատանքի արդյունավետությունը։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան աներևակայելի կլինի դա: Նախկինում սա անհնար էր, և նույնիսկ այսօր ավելի շուտ ֆանտաստիկայի է նմանվում:
Սին է այն մտավախությունը, որ ԱԲ-ն կփոխարինի մարդկանց, քանի որ կսկսի զբաղվել ստեղծագործական խնդիրներով։ Չի սկսի, որովհետև իրականում այնտեղ որևէ բանականություն գոյություն չունի՝ բառիս բուն իմաստով։ ԱԲ-ն պարզապես ինքնատիպ էկզոկմախք է: Իսկ կմախքը չի կարող որոշումներ կայացնել մարդկանց փոխարեն: Իհարկե, նրան կարելի է սովորեցնել վնաս տալ կոնկրետ մարդու, բայց՝ ոչ ավելին: Դրանում է ողջ խնդիրը: Սա նաև Ձեր նախորդ հարցերից մեկի պատասխանն է:
- Արդյո՞ք չենք իդեալականացնում ԱԲ-ն:
- Հատկապես հիմա, երբ ռոբոտաշինությունն ու էներգետիկան սկսում են ԱԲ հիմքի վրա կատարելագործվել և լայնորեն կիրառվել, իրական վտանգ կա, որ կարող ենք սկսել ռոբոտներին ավելի շատ վստահել, քան երբեմն նույնիսկ ինքներս մեզ։ Արդեն իսկ ձևավորվում է հոգեբանական կախվածություն՝ մարդիկ երկխոսում են նրանց հետ, ասենք՝ սկսում են իրենց բուժման հարցերի մասին հետաքրքրվել ChatGPT-ից։ Դա նորմալ է, եթե այդ կերպ վարվողը ողջամիտ մարդ է, որը հասկանում է՝ խոսքը լիարժեք բուժման մասին չէ: Սակայն լուրջ հիվանդությունների դեպքում դա ակնհայտորեն սխալ մոտեցում է: Դա, իհարկե, չի նշանակում, որ ԱԲ-ն չպետք է կիրառվի առողջապահության ոլորտում՝ խոսքն այն մասին է, որ բժիշկը պետք է անպայման ներգրավված լինի գործընթացում:
- Այսինքն, ԱԲ-ն ոչ թե փոխարինող, այլ օժանդա՞կ գործիք է:
- Օժանդակ է, բայց արդեն այնքան ակտիվորեն է ներդրվում, որ երբեմն կարող է թվալ, թե հենց սա է հիմնական գործիքը։ Բայց իրականում այդպես չէ. դա պարզապես պատրանք է։ Իհարկե, այն կարող է Ձեր փոխարեն էլեկտրոնային նամակներ ուղարկել կամ կատարել այլ խնդիրներ, սակայն եթե նրան վստահեք ձեր բիզնեսի ձևավորումն ու կառավարումը, մի բան էլ արտոնեք դրամական փոխանցումներ կատարել, ապա, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ կսնանկանաք։
- Իսկ, եթե հանկարծ որոշի միջուկային հրթիռներ արձակե՞լ։
- Կարծում եմ, ավելին՝ վստահ եմ, որ նման հարցերի կառավարումը մարդիկ երբեք չեն վստահի մեքենաներին: Դա բացառված է։ Վերջնական որոշումը միշտ մարդիկ են կայացնելու: Միայն լիովին աննորմալները կարող են մտածել այլ կերպ վարվելու մասին: Սակայն պատերազմի պայմաններում, երբ արդեն ինչ-որ բան թռչում է քո ուղղությամբ, հնարավոր է ավելի արագ արձագանքման մղումով այդ հրթիռների արձակման գործընթացը վերահասցեագրվի արհեստական բանականությանը։ Այստեղ ամեն ինչ հասկանալի է՝ պատերազմում, ինչպես պատերազմում:
Իսկ քաղաքացիական ոլորտում նույն անօդաչու թռչող սարքերի օգտագործման նկատմամբ անվտանգության պահանջները զգալիորեն ավելի խիստ են։ Հատկապես, քաղաքների պայմաններում։
Ընդհանուր առմամբ՝ կողմ եմ կյանքի տարբեր ոլորտներում ԱԲ ներդրմանը, բայց դա չի կարելի անել անխոհեմ կերպով, քանի որ դա, կրկնում եմ, խոցելի կդարձնի մեր ենթակառուցվածքները: Սա վերաբերում է ոչ միայն արհեստական բանականությանը, այլև թվայնացման ամբողջ գործընթացին։ Չի կարելի պարզապես թվայնացնել ամեն ինչ՝ առանց նախապես վերլուծելու հնարավոր հետևանքները։
- Այստեղ նույնպե՞ս լուրջ ռիսկեր կան:
- Միայն մի օրինակ՝ Շվեդիայում ժամանակին ցանկանում էին ամբողջությամբ անցնել անկանխիկ վճարումների, պարզապես ամբողջությամբ շրջանառությունից հանել կանխիկ դրամը: Բայց անցյալ տարի Հարավային Եվրոպայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներից հետո շվեդական կառավարությունը որոշեց հրաժարվել այդ գաղափարից, որպեսզի արտակարգ իրավիճակներում մարդիկ առևտուր անելու հնարավորություն ունենան:
Թվայնացումն, այնուհանդերձ, անցում է այլ իրականություն, ուստի պետք է գործել զգուշորեն՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության և մեզ վրա ազդող հոգեբանական գործոնները։

- Եթե գաղտնիք չէ, կներկայացնե՞ք, թե ինչով եք զբաղված ներկայում և Ձեր աշխատանքում ի՞նչ տեղ է զբաղեցնում արհեստական բանականությունը:
- Մենք համակարգային ծրագրավորողներ ենք։ Աշխատում ենք իրական ժամանակի համակարգերի, օպերացիոն համակարգերի և անվտանգ ծրագրային ապահովման միջոցների մշակման ուղղությամբ, այդ թվում՝ ստեղծում ենք արհեստական բանականության հուսալի և անվտանգ գործիքներ: Մենք վստահելի արհեստական բանականության կենտրոն ենք Ռուսաստանում։ Մեր մշակումներն արդեն 10 տարի ակտիվորեն օգտագործվում են բժշկության ոլորտում՝ վերջին տարիներին արձանագրելով լավ արդյունքներ։ Համեմատաբար պարզ մշակումներն առնչվում են էլեկտրակարդիոգրաֆիայի տվյալների վերլուծությանը, մաշկային հիվանդությունների, մասնավորապես, մելանոմայի ախտորոշմանը։
Կան նաև ավելի բարդ նախագծեր. ակադեմիկոս Եվգենի Շլյախտոյի հետ ստեղծում ենք մեծ մոդել՝ մասնագիտացված գործիք, որը բժիշկներին աջակցելու է կլինիկական խորհրդակցությունների և քննարկումների ընթացքում:
Նմանապես մշակում ենք բուժման նկատմամբ հիվանդների հակվածության լուծումներ՝ ուղղված բուժման ընթացքում բժշկական ցուցումների պահպանմանը և բժիշկների հետ փոխգործակցության բարելավմանը: Մեր փորձը ցույց է տալիս, որ սա երկար, բայց ճիշտ, իրագործելի և աշխատող միջոց է:
Ընդհանուր առմամբ աստիճանաբար ներառում ենք կիրառական ոլորտներ, որովհետև առանց պատշաճ համակարգային ծրագրային ապահովման անհնար է նորմալ հավելված ստեղծել: Նպաստում ենք գիտության ոլորտում արհեստական բանականության առաջանցիկ կիրառմանը, իսկ գիտության միջոցով՝ արագ ներդրմանը արդյունաբերությունում՝ ստեղծելով ընդհանուր կենտրոն, որը թույլ կտա հնարավորինս ներդաշնակեցնել ջանքերի համադրումը և համախմբել ամբողջ երկրի փորձագիտական ներուժը:
Կան նաև այլ կիրառական ոլորտներ՝ ֆիզիկա, քիմիայի տարբեր ուղղություններ, որոնցում աշխատանքներն իրականացվում են համատեղ, այլ ոչ թե առանձին նախագծերի միջոցով, քանի որ դա միայն միասին է հնարավոր անել՝ հավաքել տվյալները, ստեղծել մոդելներ, որոնք արդեն կոնկրետ արտադրությունում վերածվում են արտադրանքի ու ներդրվում են: Միանգամայն ակնհայտ է, որ պատրաստի արտադրանքը ցանկացած ոլորտի համար հարմարեցնելն ավելի հեշտ է, քան զրոյից ստեղծելը: Նպատակն է հիմնարար մոդելներ մշակել ոչ միայն Ռուսաստանում, այլև համատեղ՝ համաշխարհային մասշտաբով և դրանք տեղակայել արհեստական բանականության «վստահելի» պահոցներում։ Այսպիսով, նույնիսկ ամենափոքր պետությունները հասանելիություն կունենան այդ մշակումներին՝ առանց անկախությունը կորցնելու մտավախության։ Դա ձեռնտու է Ռուսաստանին, որը համատեղ զարգացման պարագայում նաև իր անվտանգությունը կապահովի: Նպատակ չունենք այդ առումով որևէ մեկին կախվածության մեջ դնել։
- Հնարավո՞ր է ունենալ այսպես ասած ազգային արհեստական բանականություն։
- Ինչո՞ւ: Հարցին պետք է մի փոքր այլ տեսանկյունից մոտենալ: Եթե արվի այն, ինչի մասին նշեցի նախորդ պատասխանում և ընտրվի զարգացման այդ ուղին, ապա այդ լուծումների հիման վրա հնարավոր է ստեղծել ԱԲ անվտանգ, ինքնիշխան և ազգային մոդելներ։ Ինչո՞ւ: Որպեսզի երաշխավորված լինեք, որ որևէ մեկը վերջին պահին ինչ-որ բան չի ներդրել այդ համակարգում: Պետք է մշտապես զբաղվել դրանով: Դա պետք է անել ոչ թե ասածիցս առանձին, այլ՝ ներդաշնակեցված: Սա է ճիշտ մոտեցումը, քանի որ չափազանց շատ անելիք կա: Որևէ մեկը՝ ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները, ոչ ոք չունի բավարար ռեսուրսներ՝ ամեն ինչով միանգամից զբաղվելու համար։ Անհրաժեշտ է բոլոր ոլորտների հետ հետադարձ կապ հաստատել և այդ ամենն օգտագործել համակարգերը կատարելագործելու համար։ Սա արդեն տեսել ենք խոշոր մոդելների պարագայում: Եվ պարզվում է, որ բաց կոդով մոդելներն այժմ լիովին մրցունակ են և ոչնչով վատը չեն: Սակայն դրանք պատրաստի արտադրանքի վերածելու համար արդեն պահանջում են հատուկ փորձառություն և գիտելիքներ։
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նույն Հայաստանում լինեն մարդիկ, որոնք դա հասկանում են և կարող են անել: Ռուսաստանում այդպիսիք կան: Բայց հիմնական աշխատանքը կարելի է անել համատեղ՝ բաց մոդելների շրջանակում։ Եվ խոսքը միայն մեծ մոդելների մասին չէ։ Հիմա կլինեն հսկայական քանակությամբ մասնագիտացված մոդելներ: Դա կարող է լինել ամենահետաքրքիրը, ինչ մեզ սպասում է առաջիկա հինգ տարիներին։ Պատկերացրեք՝ սեփական նոութբուքում գործարկում եք բարդ մոդել, որը հարմարեցված է ձեր անհատական կարիքներին՝ բժշկական, ինժեներական և այլն: Սա է այն ուղղությունը, որը պետք է զարգացնել համատեղ:
- Համատեղը ենթադրում է համագործակցություն: Հայաստանցի գործընկերների հետ փոխգործակցո՞ւմ եք:
- Իհարկե: Համագործակցում ենք Ինֆորմատիկայի ինստիտուտի հետ։ Ինքս Երևանի պետական համալսարանի շրջանավարտ եմ, և այժմ հարազատ բուհիս ռեկտորի հետ քննարկում ենք համագործակցության հնարավորությունները: Ռուս-հայկական համալսարանում ունեմ լաբորատորիա, որտեղ թիմ է աշխատում։ Հպարտ ենք, որ հայերենի համար մշակել ենք հատուկ տեխնոլոգիա, որն աշխարհում եղածներից լավագույնն է, և այն արդեն սկսում է կիրառվել երկրի ներսում։ Ի դեպ, սա նույնպես մարտահրավեր է ԱԲ ոլորտում, քանի որ խոշոր կորպորացիաները չեն աջակցում հարյուրավոր սակավառեսուրս լեզուներով մոդելների զարգացմանը՝ դա համարելով տնտեսապես ոչ շահավետ։ Այս ուղղվածությունը պետության աջակցությամբ կարելի է վերածել ազգային նախաձեռնության, որպեսզի այն լինի ոչ թե միմյանց լիցենզիաներ վաճառելու վրա հիմնված բիզնես, այլ գիտական համայնքի կողմից առաջ մղվող նախագիծ։ Այնտեղ ամեն ինչ կարելի է արդյունավետ հաշվարկել: Այնուհետև ձեռնարկատերերն արդեն կարող են արտադրանքի վերածել այդ մշակումները և ներդնել դրանք: Կամ էլ պետությունն ինքը կարող է ներդնել՝ բիզնեսի հետ համագործակցությամբ կամ ինքնուրույն։ Ահա, այսպիսի մոդելներ պետք է ունենանք, այլ ոչ թե ամեն ինչ վերածենք շուկայի: Դա կարելի է և պետք է համադրել:
Դա կապահովի նաև հենց բիզնեսի անվտանգությունը, որը կարող է հիմնվել երկրում ստեղծված գիտական մշակումների հենքի վրա։ Իսկ դրա համար անհրաժեշտ է կադրեր պատրաստել: Կադրերն են որոշում ամեն ինչ: Բայց ինչպե՞ս պատրաստել, եթե չկան իրական ներդրումներ: Ամեն ինչ փոխկապակցված է։ Առանց պետության, գիտության և բիզնեսի ներդաշնակ աշխատանքի անհնար է զարգացում ապահովել: Դա վերաբերում է ցանկացած երկրի:
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ չկա խնդիրները հրաշքի միջոցով լուծելու հնարավորություն: Սակայն, եթե շարժվում եք ճիշտ ուղղությամբ, ապա ճանապարհին բոլորին զուգընթաց կզարգանաք և ձեռք կբերեք նոր գիտելիքներ ու հմտություններ:
- Ի՞նչ եք կարծում, Հայաստանն այս առումով ճիշտ ուղղությամբ է շարժվում:
- Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայաստանը միշտ գիտության և նորարարության առաջամարտիկներից է եղել: Խորհրդային շրջանում այստեղ են ստեղծել առաջին հաշվողական սարքերը: Իսկ հետխորհրդային շրջանում այստեղ արտապատվիրման ամբողջական ոլորտ ձևավորվեց, որը ենթադրում է մասնագետների կենտրոնացում մասնագիտացված խոշոր ընկերություններում, որոնք կատարում են պատվիրատու ընկերության որոշակի գործառույթներ կամ լուծում են համապատասխան բիզնես խնդիրներ: Դա նպաստեց կադրային ներուժի պահպանմանը: Այլ կերպ ասած՝ տեխնոլոգիական ոլորտն ավանդաբար բավականին բարձր մակարդակի է Հայաստանում: Գիտությունը նույնպես չի վերացել: Այս ամենը բավականին լավատեսական հեռանկար է ուրվագծում։ Դա չի նշանակում, որ հարցերին պետք է մատերի արանքով նայել ու մտածել, որ միայն խոշոր ներդրումներով հնարավոր է զարգացում ապահովել: Այդպես չի լինում: Անհրաժեշտ է հանգիստ, հաշվարկված և ամենակարևորը՝ ճիշտ մոտեցումներ մշակել: Պետք է ստեղծել հող ոչ թե առանձին խոշոր ընկերության, այլ տարբեր ընկերությունների՝ ամբողջ էկոհամակարգի ձևավորման համար: Պետության դերը հենց այդ էկոհամակարգի ստեղծման խթանումն է՝ մի միջավայրի, որտեղ բիզնեսը շահագրգռված կլինի ներդրումներ կատարել գիտության ոլորտում:
Հիանալի և լիովին ճիշտ մոտեցում եմ համարում այն, որ Հայաստանում զգալի ռեսուրսներ են հատկացվում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև մագիստրոսներին և ասպիրանտներին հայրենիք վերադարձնելու համար:
