Մշակույթ

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմսթրոնգ Չանգսանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա համագործակցությունը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման մեծ ներուժը։

Դեսպան Արմսթրոնգ Չանգսանը ևս կարևորել է երկկողմ կապերի զարգացումը՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար։

Կողմերն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում Հնդկաստանի քաղաքացիների ուսումնառության հնարավորությունների ընդլայնումը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է օտարերկրյա ուսանողների թվի աճով և պատրաստ է քննարկել ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության՝ գիտական դրամաշնորհային ծրագրերին արտերկրի հետազոտողների մասնակցության հնարավորությունները՝ առաջարկելով դիտարկել նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունը, մասնավորապես՝ արհեստական բանականության և տեխնոլոգիական ուղղություններով։

Հանդիպմանն անդրադարձ է եղել մշակութային համագործակցությանը՝  կարևորելով երկու երկրների թանգարանների միջև ուղիղ կապերի զարգացումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը:

Ընդգծվել է նաև կինոարտադրության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հնդկաստանի համապատասխան կառույցների միջև ընթացող քննարկումներին։ Կարևորվել են համատեղ կինոնախագծերի իրականացումը և մասնագիտական փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Հնդկաստանի հարուստ փորձն ու Հայաստանի համար ոլորտի զարգացման առաջնահերթությունը։

Դեսպան Արմսթրոնգ Չանգսան շնորհակալություն է հայտնել Հնդկաստանում անցկացվող Տեսալսողական և ժամանցային արդյունաբերության համաշխարհային գագաթնաժողովին (WAVES) Հայաստանի մասնակցության համար և կարևորել հայկական կողմի ներգրավվածությունը նաև 2027 թվականին նախատեսվող միջոցառմանը։

Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի  հոբելյանական միջոցառումներին՝ նշելով, որ այս շրջանակում ցուցահանդեսներ, համերգներ և այլ մշակութային ծրագրեր են նախատեսվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում