ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
3 րոպեի ընթերցում

Չինաստանի Սիան քաղաքում՝ Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա, տեղի է ունեցել Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (ԳԱՄԱ/МААН) խորհրդի 39-րդ նիստը։ Նիստին մասնակցել են 13 երկրի 21 կազմակերպությունների ավելի քան 200 առաջատար գիտնականներ և ակադեմիական կառույցների ղեկավարներ։
Նիստի բացմանը տեսակապի միջոցով ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Նիստի ընթացքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացրել է Հայաստանի ԳԱԱ ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով փորձագետ Գևորգ Վարդանյանը: Նա մասնակցել է գիտատեխնիկական համագործակցության արդիական խնդիրների քննարկմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԳԱԱ-ից հայտնում են, որ ԳԱՄԱ-ի կազմը համալրվել է չինական երկու խոշոր կառույցներով՝ Հենան նահանգի Գիտությունների ակադեմիայով և Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանով: Որպես համատեղ հետազոտությունների գերակայություն են սահմանվել արհեստական բանականությունը, նոր նյութերի (այդ թվում՝ գրաֆենի) մշակումը, վերականգնվող էներգետիկան, կենսատեխնոլոգիաները և էկոլոգիան:
Գևորգ Վարդանյանը մասնակցել է նաև ԳԱՄԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի նիստի աշխատանքներին՝ որպես խորհրդի համանախագահ։ Նա հանդես է եկել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդական գիտական քաղաքականության իրականացման փորձի և Երիտասարդ գիտնականների խորհրդի գործունեության մասին» զեկուցմամբ՝ ներկայացնելով Հայաստանում երիտասարդ գիտնականների աջակցությանն ուղղված հաջողված փորձն ու ՀՀ ԳԱԱ ձեռքբերումները:
Գևորգ Վարդանյանը մասնակցել է նաև «Գլոբալ Հարավի ականավոր գիտնականների համաժողովի» աշխատանքներին, որին ներկա էր շուրջ 500 ներկայացուցիչ աշխարհի 24 երկրից: Համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև:
Հուշագրի հիմնական նպատակներն են.
- համատեղ գիտական ու կրթական նախագծերի կյանքի կոչում
- գիտահետազոտական համագործակցության արդյունքների համատեղ կիրառում և օգտագործում
- մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակում
- ստեղծարար տեխնոլոգիաների և հեռավար ուսուցման ոլորտներում պիլոտային նախագծերի իրականացում ու փորձարարական գոտիների ստեղծում
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվական նյութերի փոխանակում
- ուսանողների, դասախոսների և գիտնականների ակադեմիական ու գիտական փոխանակման ծրագրերի իրականացում
- երկու կառույցների աշխատակիցների ներգրավում համատեղ հետազոտություններում, սիմպոզիումներում և գիտական սեմինարներում:
Կառույցի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ միջազգային այս հարթակներում ՀՀ ԳԱԱ ակտիվ մասնակցությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են ստեղծում հայ-չինական գիտական համագործակցության ընդլայնման և հայ գիտնականների՝ միջազգային հետազոտական ծրագրերում ներգրավվածության խորացման համար։