Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար
1 րոպեի ընթերցում

Չինական ապակի արտադրող Hengxinfeng Special Glass ընկերությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունները վերածել է անվճար մարքեթինգային արշավի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համացանցում վիրուսային տարածում են գտել տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են Ֆրանսիայում ցուցարարները մահակներով, քարերով և այլ ծանր առարկաներով հարվածներ հասցնում նշված ընկերության ապակուն, սակայն այդպես էլ չեն կարողանում կոտրել այն:
Չինական ընկերությունն արագ կողմնորոշվել է և օգտագործել այդ կադրերը՝ որպես իր արտադրած հարվածակայուն ապակիների որակի լավագույն ապացույց:
Մարքեթինգային այս հնարամիտ քայլը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում: Օգտատերերը հիացած են ընկերության ճկունությամբ, քանի որ նրանք ստիպված չեն եղել միլիոնավոր դոլար ծախսել գովազդային հոլովակներ նկարահանելու համար: