Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում
2 րոպեի ընթերցում

Լիցեյիստների ֆրանսիական կազմակերպությունները կոչ են անում բողոքի ակցիաները շարունակել հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 5-ին, չնայած վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի հետ բանակցություններից հետո գրանցված որոշ առաջընթացին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Figaro թերթը։
«Մենք մինչև վերջ գնալու ենք, մենք կոչ ենք անում բողոքի ցույցեր անցկացնել հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 5-ին», - հայտարարել է «Լիցեյիստներ» կազմակերպության ղեկավարի տեղակալ Լուի Լետուբլոնը։
Նա կարծում է, որ իշխանությունները շփոթված են, և ցուցարարները պետք է օգտվեն դրանից, որպեսզի «որքան կարելի է ավելի շատ հնարավորություններ ստանան լիցեյների աշակերտների իրավունքները պաշտպանելու համար։
Հոկտեմբերի 26-ին ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետը, ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն և բարձրագույն կրթության նախարար Ֆիլիպ Բատիստն ընդունել են լիցեյների աշակերտների, այնուհետև՝ ուսանողների կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Ժեֆրեն հոկտեմբերի 26-ին հայտարարել է կրթական հաստատություններում պլանավորված 836 աշխատողի կրճատումը չեղարկելու և լիցեյներում ուսուցիչների համար 500 աշխատատեղ ստեղծելու մասին։ Բացի այդ, լիցեյների աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի մինչև 28. մինչև 2027 ուսումնական տարին այս փոփոխությունը կիրականացվի այն լիցեյների 50%-ում, որտեղ իրավիճակն առավել բարդ է, իսկ 2028 ուսումնական տարվանից՝ մնացած բոլոր լիցեյներում։