Ռուսաստան

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

2 րոպեի ընթերցում

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում գիշերը սկսվել է հրադադարի ռեժիմը, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը և ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու գերատեսչություններն էլ համապատասխան հայտարարությունը հրապարակել են Telegram-ում։

«Լռության ռեժիմն» ուժի մեջ է մտել հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով 4։00-ին։ Ռուսաստանցի և ուկրաինացի զինվորականները պայմանավորվել են դադարեցնել կրակը, որպեսզի հումանիտար օգնություն տեղափոխող շարասյուները կարողանան մուտք գործել առաջնագծում գտնվող քաղաք, իսկ Օլեշկիից հեռանալ ցանկացողները կարողանան անվտանգ լքել այն։

Լռության ռեժիմի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի և Հռոմի պապ Լևոն XIV-ի միջնորդությամբ։

BBC-ն հաղորդում է, որ Հռոմի պապը հրադադարի մասին խնդրել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրանց հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում։

Ռուսական զորքերի կողմից գրավված Օլեշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին. գետի աջ ափին Խերսոնն է, որը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։ Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրում են քաղաքի գնդակոծության համար և հայտարարում այնտեղ ստեղծված հումանիտար աղետի մասին։ Քաղաքի բնակիչներին սննդամթերք հասցնելը չափազանց դժվար է։

Կամավորների տվյալներով՝ 2026 թվականի աշնան դրությամբ Օլեշկիում շարունակում է բնակվել մոտ 1500 մարդ, այդ թվում՝ շուրջ 40 երեխա։ Իսկ հարևան գյուղերի բնակչությանը հաշվի առնելով՝ տվյալ տարածքում ապրում է մոտ 6000 մարդ, այդ թվում՝ շուրջ 200 երեխա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում