Ռուսաստան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալել են երկու անձի, որոնք, ըստ ռուսական կողմի, Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ նախապատրաստել են անօդաչու թռչող սարքերով հարձակում Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության համակարգի առանցքային տարրերից մեկի և էլեկտրաէներգետիկայի օբյեկտի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ ԱԴԾ-ի՝ ձերբակալվածները՝ 1991 և 1998 թվականներին ծնված անձինք, ովքեր Անդրկովկասից են, պետք է հավաքեին թաքստոցներից վերցված հարվածային անօդաչու թռչող սարքերը, դրանք տեղափոխեին Մոսկվայի մարզ՝ արձակման համար, ապա գործարկեին։ Սարքերի հետագա կառավարումը նախատեսվում էր իրականացնել հեռակա կարգով՝ Ուկրաինայի տարածքից։

ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ կասկածյալները ձերբակալվել են նախապատրաստական փուլում՝ նախքան ահաբեկչական գործողության իրականացումը։

Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկին հավաքագրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցը։ Դրամական վարձատրության խոստման դիմաց նա ժամանել է Ռուսաստան՝ դիվերսիոն-ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար։ Այնուհետև նա ներգրավել է իր ծանոթներից մեկին։

Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.4-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ահաբեկչական համայնքին մասնակցելու մեղադրանքով։

Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։

ԱԴԾ-ի փոխանցմամբ՝ այժմ իրականացվում են քննչական և օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կասկածյալների ենթադրյալ հանցավոր գործունեության մանրամասներն ու հնարավոր կապերը պարզելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում