Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ
2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մտադիր է հոկտեմբերի վերջին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել տնտեսական համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին Թեհրան կատարած այցի ժամանակ Փեզեշքիանին ասել էր, որ Պուտինը սպասում է իրեն հոկտեմբերի վերջին Մոսկվայում կայանալիք Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գագաթնաժողովում և հույս ունի երկկողմ հանդիպման։
«Քննարկման հիմնական թեմաները կլինեն Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը։ Կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, էներգետիկ անվտանգությունը, պարենային անվտանգությունը և առևտրային հարաբերությունների զարգացումը», - ասել է Իրանի դեսպանը։
«Միևնույն ժամանակ, նախագահները կփոխանակեն մտքեր աշխարհաքաղաքական, միջազգային և քաղաքական հարցերի շուրջ», - հավելել է նա։
Ջալալին հիշեցրել է, որ վերջին ամիսներին Իրանի և Ռուսաստանի նախագահները բազմիցս հանդիպել են և քննարկել տարբեր հարցեր՝ շոշափելով թեմաների լայն շրջանակ։
«Քննարկված հարցերի քանակը համապատասխանում է երկու երկրների միջև համագործակցության մակարդակին և տարածաշրջանում ու աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակին», - նշել է իրանցի դիվանագետը՝ հավելելով, որ առաջիկա այցի ընթացքում երկու երկրների նախագահների կողմից որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։