«Երեմյան» կաթնամթերքի փորձաքննության արդյունքները պարզ են. խախտում առկա չէ
5 րոպեի ընթերցում

Երեմյան կաթնամթերքը վերջին օրերին դիմել է Հայաստանում գործող միջազգային հավատարմագրում ունեցող 2 անկախ լաբորատորիաների` փորձաքննության ենթարկելու իր պահուստային նմուշները։ Արդյունքները փաստում են` Երեմյան կաթնամթերքում որևէ խախտում առկա չէ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունն աշխատում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, որի հիմքում արտադրական փակ շղթան է՝ սկսած անասնակերի արտադրությունից և սեփական ֆերմայում կաթի ստացումից մինչև վերամշակում ու պատրաստի արտադրանքի մատակարարում սպառողին։
«Սննդամթերքի անվտանգության պահանջների ապահովումը խիստ կարևոր է ամբողջ շղթայում՝ հումքի ընդունումից, արտադրանքի պատրաստումից, պահպանումից ու տեղափոխումից մինչև սպառողի ափսե։ Սննդամթերքը, մասնավորապես կաթնամթերքը, արագ փչացող և զգայուն արտադրանք է, ուստի պահանջում է պահպանման հատուկ պայմաններ, մասնավորապես սառնարանային պայմաններում՝ 2-6 աստիճան ջերմաստիճանում։ Նշված պայմանները չպահպանելու դեպքում կաթնամթերքը կարող է փչանալ»,- նշեց Երեմյան կաթնամթերքի գործարանի սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման դեպարտամենտի ղեկավար Լիլիթ Աղայանը:

Արտադրական փակ շղթան ընկերությանը հնարավորություն է տալիս վերահսկել գործընթացը տարբեր փուլերում։ Գործարանում գործում են լաբորատորիաներ և հետազոտությունների ու զարգացման կենտրոն, որտեղ իրականացվում են արտադրանքի որակի և անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ։
Ընկերության ներկայացմամբ՝ վերահսկողությունն իրականացվում է ոչ միայն վերջնական արտադրանքի, այլև արտադրական ամբողջ գործընթացի նկատմամբ։ Կատարվում են նմուշառումներ, լաբորատոր հետազոտություններ և մշտադիտարկում, իսկ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքը չի կարող հայտնվել շուկայում։

«Ամենօրյա որակի վերահսկողությունն իրականացվում է ինչպես գործառնական հսկողության, այնպես էլ լաբորատոր փորձաքննությունների միջոցով։ Իրականացվում են մուտքային հսկողություն, տեխնոլոգիական և ջերմային ռեժիմների վերահսկողություն, սարքավորումների մշտադիտարկում, ինչպես նաև պահեստային տնտեսություններում պահպանման պայմանների վերահսկողություն։ Արտադրական շղթայի բոլոր փուլերում՝ հումքի ընդունումից մինչև պատրաստի արտադրանք, կատարվում են նմուշառումներ»,- ասաց Լիլիթ Աղայանը:
«Երեմյան» կաթնամթերքը ստացել է Հայաստանում գործող միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիաների հետազոտությունների արդյունքները։ Ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ փորձաքննություններով արտադրանքում խախտումներ կամ շեղումներ չեն հայտնաբերվել։ Արդյունքները հաստատել են կաթնամթերքի համապատասխանությունը պետական և միջազգային չափորոշիչներին։
«Այստեղ իրականացնում ենք կաթի և կաթնամթերքի բոլոր անհրաժեշտ ֆիզիկաքիմիական հետազոտությունները՝ սկսած պատրաստի խառնուրդներից մինչև վերջնական արտադրանք։ Ամբողջ գործընթացն իրականացվում է մեր լաբորատորիայում։ Որոշվում են արտադրանքի յուղայնությունը, թթվայնությունը, ջրածնային ցուցիչը և այլ անհրաժեշտ ցուցանիշներ։ Եթե արտադրանքը չի համապատասխանում սահմանված պահանջներին, այն խոտանվում է և շուկա չի հանվում։ Արտադրանքը շուկա է դուրս գալիս միայն փորձաքննությունների դրական արդյունքների դեպքում»,- ասաց Երեմյան ֆարմ ընկերության լաբորատորիայի պատասխանատու Արմեն Մկրտչյանը:
Ընկերությունն անցել է նաև Intertek SAI Global միջազգային աուդիտորական կազմակերպության ստուգումները՝ վերահաստատելով FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատի պահանջներին համապատասխանությունը։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգումներն ևս ավարտվել են դրական եզրակացություններով՝ առանց խախտումների արձանագրման։
Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ առաջիկա օրերին սպասվում են միջազգային հավատարմագրում ունեցող ևս մեկ լաբորատորիայի փորձաքննության արդյունքները, որոնք նույնպես կհրապարակվեն։